HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

Երևանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am-ը: Այս մասին հաղորդում  են Արդարադատության նախարարությունից։ 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը,  Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Սուրեն Քրմոյանը միջոցառման մասնակիցներին ընթերցել է փոխվարչապետի ողջույնի խոսքը՝ նշելով, որ հարթակի գործարկումը կարևոր քայլ է՝ ուղղված Կառավարության ծրագրային նպատակներին հասնելուն: «Թավշյա հեղափոխությունն արմատախիլ արեց համակարգային կոռուպցիան, և այսօր Կառավարության առջև դրված է նոր խնդիր՝ ստեղծելու այնպիսի ինստիտուտներ և ձևավորել քաղաքացիական այնպիսի գիտակցություն, որը կկանխարգելի կոռուպցիոն ցանկացած դրսևորում: Հետևապես, Կառավարության գործողություններն ուղղվելու են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, ինստիտուցիոնալ համակարգը ամրապնդելուն և կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններին պատշաճ գործիքակազմով ապահովելուն»,- մեջբերել է փոխվարչապետի խորհրդականը՝ հավելելով, որ այդ ճանապարհին կարևորվում է ժամանակակից և նորարական տեխնոլոգիաների կիրառումը:  

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին միջոցառմանը մասնակցելու և իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Համաշխարհային բանկին և Միացյալ Թագավորության դեսպանատանը՝ միջոցառումն իրականություն դարձնելու համար:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա՝ հավելելով, որ բոլորը գործնականում ականատես են եղել կոռուպցիայի բացասական ազդեցության հետևանքներին:

«Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ճանապարհով տանելու նպատակով կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Այդ համատեքստում շատ եմ կարևորում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, ինչը հնարավորություն կտա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը որակական նոր փուլ տեղափոխել:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորելու է անձի անանունությունը նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (IP) ծածկագրելու միջոցով, իսկ հաղորդման բովանդակության գնահատման և ստուգման երաշխավորը Գլխավոր դատախազությունն է լինելու:

Ավարտելով խոսքը՝ արդարադատության նախարարն ակնկալել է բոլորի ակտիվ մասնակցությունը՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու առումով:

Ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանն անդրադարձել է հարթակի վերաբերյալ  Դատախազության գործառույթներին և լիազորություններին՝ նշելով, որ www.azdararir.am հարթակի գործարկումը չափազանց կարևոր քայլ է կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգային հիմքերի ապահովման և կոռուպցիոն երևույթների կանխարգելման համար:

ՀԲ ներկայացուցիչ Սիլվի Բոսութղոն ևս կարևորել է հարթակի գործարկումը և նշել, որ Հայաստանը թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մեծ հաջողություն է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Այս հարթակը լիարժեքորեն հասանելի է լինելու հանրությանը. այն հաշվառելու է կոռուպցիոն հնարավոր հանցագործությունների հաղորդումները և փոխանցելու է համապատասխան մարմնին՝ հիմքերի առկայության դեպքում դրանց ընթացք տալու համար»,- նշել է Սիլվի Բոսութղոն:

Միջոցառման ընթացքում ԱՆ ներկայացուցիչ Արփի Սարգսյանը ներկայացրել է էլեկտրոնային հարթակից օգտվելու հնարավորությունները, այնուհետև ցուցադրվել են ազդարարման համակարգի և ազդարարի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ իրազեկման հոլովակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter