HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը չի բացառում, որ կդիմի դատարան

Եթե աշխատանքից ազատել՝ ապա երկօրյա սեղմ ժամկետներում, եթե օրենքի սահմաններում պատասխանել ուղարկված հարցումներին՝ ապա խախտումներով եւ անհասկանալի ժամկետներում:

Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն արդեն երկրորդ ամիսն է՝ փորձում է հասկանալ վարչապետի աշխատակազմին կից գործող քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակիցների գործելաոճը:

«Ինձ աշխատանքից ազատելու միջնորդագիրը ներկայացնելիս պահանջ էր դրվել այն իրագործել 2 օրվա ընթացքում, առանց՝ իրենց հայտնաբերած անհամապատասխանության հիմքերի լրացուցիչ ստուգման: Հիմա, երբ այդ անհամապատասխանության վերաբերյալ շտկումներն արված են, ես երկրորդ ամիսն է՝ չեմ կարողանում որեւէ հստակ պատասխան ստանալ իմ ուղարկած հարցումներին»,- դժգոհում է Հասմիկ Պետրոսյանը:

Բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանը Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական վարչության պետի պաշտոնակատար նշանակվել էր 2018թ-ի նոյեմբերի 8-ին: Փաստաթղթերի փաթեթն այդ ժամանակ ուղարկվել է վարչապետի աշխատակազմին կից գործող քաղաքացիական ծառայության գրասենյակ, որտեղից պատասխան էր ստացվել, որ ամեն ինչ կարգին է:

Սակայն 2019թ-ի մարտի 27-ին գրասենյակից միջնորդագիր գրություն է ուղարկվել Շիրակի մարզպետարան՝ Հասմիկ Պետրոսյանին աշխատանքից ազատելու պահանջով՝ պատճառաբանությամբ, թե փաստաթղթերում հայտնաբերվել է անհամապատասխանություն: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարտի 28-ին տեղյակ է պահել պահանջի մասին Հասմիկ Պետրոսյանին եւ հայտնել, որ պետք է վարվի օրենքի սահմաններում: Մարտի 29-ին Հասմիկ Պետրոսյանն ազատվել է աշխատանքից:

«Անհամապատասխանություն կոչվածը վերաբերում էր իմ նախկին աշխատավայրում՝ «Սամարիթեր» հիվանդանոցում ղեկավար պաշտոն զբաղեցնելուն,- պարզաբանում է Հասմիկ Պետրոսյանը,- ես ունեմ 5 տարվա մասնագիտական ստաժ եւ 5 տարվա բաժանմունքի վարիչի ստաժ, այսինքն ինձ մարզպետարանի համապատասխան վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս որեւէ խախտում չի եղել: Իմ նշանակումից 5 ամիս անց քաղծառայության գրասենյակից որոշում են հարցում անել Պետական եկամուտների կոմիտե, որտեղից ստանում են պատասխան, որ էլեկտրոնային համակարգում պաշտոնի անունը գրված չէ: Բայց եկեք հասկանանք, որ դա իմ մեղքը չէ, այլ այն անձինը, որ դեռ 2013թ-ին պիտի այդ տվյալը ներմուծեր էլեկտրոնային համակարգ ու թերացել է: Այդ մասին ես չեմ իմացել եւ անտեղյակ էր հիվանդանոցի նոր տնօրինությունը»:

Զրուցակցիս փոխանցմամբ «Սամարիթեր» հիվանդանոցի նոր ղեկավարն ու հաշվապահը շատ արագ վերականգնել են բացթողումը: Ապրիլի 8-ին Հասմիկ Պետրոսյանը դիմել է քաղաքացիական ծառայության գրասենյակ եւ տեղեկացրել կատարված փոփոխությունների մասին: Մեկ ամսից ավելի սպասում է հարցման պատասխանին: Հասմիկ Պետրոսյանն ասում է, որ իր դիմումը ստանալուց  հետո գրասենյակից ապրիլի 15-ին հարցում են ուղարկել «Սամարիթեր» հիվանդանոց: Ապրիլի 25-ին ստանալով պատասխանը՝ գրասենյակից որոշել են հարցում կատարել ՊԵԿ-ին միայն մայիսի 3-ին:

«Իրենց գործելակերպը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում,-նկատում է զրուցակիցս,- կարելի էր միանգամից երկու հարցումն էլ անել: Ես մի քանի օր առաջ հեռախոսային զրույց էլ եմ ունեցել գրասենյակի աշխատակիցների հետ, իրենք իմ հարցմանը չպատասխանելը պատճառաբանում են նրանով, որ ՊԵԿ-ից դեռ պատասխան չեն ստացել: Ինձ թվում է ուղղակի ժամանակ են ձգում»:

Հասմիկ Պետրոսյանը որոշել է արտադատական բոլոր միջոցները սպառելուց հետո հարցը տեղափոխել դատաիրավական հարթություն, եթե քաղաքացիական ծառայության գրասենյակում հապճեպ կայացրած որոշումը չփոխվի:

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ Պետրոսյան
Հարգելի Yerevan2800 Ես էլ էի մտածում հարցն անմիջապես տանել դատաիրավական հարթություն, բայց փաստաբաններս խորհուրդ են տվել սպասել ևս մի քանի օր։
Yerevan2800
Առանց հապաղելու խորհուրդ կտամ հարցը տանել դատաիրավական հարթություն, քաղաքացիական ծառայության գրասենյակում հապճեպ կայացրած որոշումը չեն փոխի: ինչու պետք է դու տուժվես ինչ է թե երկու անձ ժամանակին աշխատողների գրանցման հայտի տվյալները թերություններով են ներկայացրել, իսկ հարցման համար ՊԵԿ-ին հարցումը լրիվ բավարար էր, իրենց բազայից այդ տվյալները կհանեին կտաին, ժամանակ են ձգել, իսկ սխալ տվյալներ ներկայացրած անձինք թող գան ու պատասխան տան,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։