Ադրբեջանից բռնագաղթածները բնակարանները մասնավորեցնելու հնարավորություն են ստացել
Երևանի ավագանին այսօրվա նիստում միաձայն հավանություն է տվել Երևանում քաղաքացիների զբաղեցրած բնակարանների մասնավորեցման վերաբերյալ գործող կարգի մեջ փոփոխություն կատարելու հարցին: Ավագանին հաշվի է առել 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած բազմաթիվ քաղաքացիների' Երևանի քաղաքապետարանին ուղղված դիմումները:
Որոշման համաձայն' այս խմբի անդամներին ևս, ովքեր շուրջ 10 և ավելի տարի զբաղեցնում են այդ բնակարանները, մասնավորեցման հնարավորություն է տրվում:
Ըստ Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության նախարարության իրականացրած ուսումնասիրությունների' մայրաքաղաքի թվով 9 չորրորդ կարգի քանդման ենթակա շենքից երեքը' Նոր Արեշ 35 փողոցի, Սիսակյան 3 և Արցախի 4-րդ նրբանցք հասցեում գտնվող վթարային չորրորդ կարգի հանրակացարանային շենքերը, համարվել են խիստ առաջնահերթ:
Նշված երեք հասցեի հանրակացարանների բնակիչների վերաբնակեցման խնդիրն ամբողջությամբ այս տարի լուծելու համար, ավագանու որոշմամբ, 2011թ.-ի բյուջեում սույն որոշման նախագծով նախատեսվել է հատկացնել 1 մլրդ դրամ, իսկ անհրաժեշտ գումարների մնացած մասը հատկացնել Երևանի 2012թ.-ի բյուջեից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի հունիսի 24-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել