HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուխարեստում լույս է տեսել Հայկական ռադիոյի 300 անեկդոտով ընտրանին

20-րդ դարի երկրորդ կեսին Հայկական ռադիոյի անեկդոտները թնդում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև ողջ Եվրոպայում, որտեղ այն ավելի հայտնի դարձավ որպես Ռադիո Երևան։ Հատկապես Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում միջին և ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչներ շատ լավ են հիշում Ռադիո Երևանի հումորները, որոնք այսօր էլ շատերի դեմքին ժպիտ են առաջացնում։ Նույնիսկ տպավորություն կա, որ եվրոպական երկրներում այս հումորները շատ ավելի լայն տարածում ունեն և ավելի հայտնի են, քան Հայաստանում։

Վերջերս Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ռումիներենով լույս տեսավ Ռադիո Երևանի անեկդոտների ընտրանին՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» վերնագրով։ Անեկդոտներն ընտրվել են հայկական, ռուսական և ռումինական զանազան աղբյուրներից։ Հատկանշական է, որ Ռադիո Երևանի անեկդոտներն այնքան տարածված են Ռումինիայում, որ մինչ օրս ստեղծվում են նմանատիպ անեկդոտներ ներկայիս քաղաքական իրավիճակի, սիրային և այլ թեմաներով։

Համաեվրոպական ֆենոմեն դարձած այս հումորները շոշափում են տարբեր թեմաներ՝ ա) քաղաքական, որի առանցքում ԽՍՀՄ – ԱՄՆ հարաբերություններն էին և անդրկովկասյան երեք հանրապետությունների անհաշտ մրցակցությունը, բ) ԽՍՀՄ ներքին քաղաքական և տնտեսական իրավիճակը, չնայած Ռումինիայում տարածվում էին բազմաթիվ անեկդոտներ՝ կապված ռումինական իրականության հետ, գ) սիրային և ամուսնական հարաբերություններ, որոնց վերաբերյալ տարածվում էին ինչպես նուրբ, այնպես էլ ցենզուրայից դուրս անեկդոտներ, դ) կենցաղային տարբեր հարցեր։ Ռումինիայում այս անեկդոտների ամենատարածված կառուցվածքը հետևյալն է.

            Մի ունկնդիր հարցնում է Ռադիո Երևանին. - ...

            Ռադիո Երևանը պատասխանում է. - ...

 Հայ ընթերցողներից շատերը գիտեն, որ այս անեկդոտների առանձնահատկությունն անսպասելի, խուսափողական, անորոշ և միևնույն ժամանակ ծիծաղելի պատասխաններն են։ Բազմաթիվ պատմություններ կան Հայկական ռադիոյի աշխատակիցների հետ կապված, որոնք գործուղման էին մեկնում ԽՍՀՄ և եվրոպական տարբեր քաղաքներ, և օդանավակայանից սկսած՝ նրանց լայն ժպիտով էին դիմավորում։ Այդուհանդերձ, հայտնի փաստ է, որ այդ անեկդոտները կամ դրանց զգալի մասը որևէ ուղիղ կապ չունեն Հայկական ռադիոյի և նույնիսկ Հայաստանի հետ։ Դրանց հեղինակների վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ էին շրջանառվում՝ գաղտնի ծառայություններից սկսած մինչև տարբեր մութ ուժեր, և քանի որ ԽՍՀՄ-ում գրաքննությունը բարձր մակարդակի վրա էր, ԽՍՀՄ-ին քննադատող անեկդոտները հրապարակային էին դառնում եվրոպական երկրներում։ Այս անեկդոտների ծագման անորոշության պատճառով տասնամյակներ շարունակ դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ են ձևավորվել. դրանց և Հայկական ռադիո կամ Ռադիո Երևան անվանումների միջև հավանաբար միակ տրամաբանական կապն այն է, որ խորհրդային տարիներին Հայկական ռադիոյով իսկապես հեռարձակվել է հաղորդում, որի ընթացքում տարբեր երկրներից ռադիոունկնդիրներն հարցեր էին ուղղում Հայկական ռադիոյին և երբեմն՝ նմանատիպ պատասխաններ ստանում։ Ասում են, որ ռադիոհաղորդավարներից մեկն ավելի հեռուն է գնացել՝ ԽՍՀՄ գրաքննության պայմաններում նշելով՝ «Կապիտալիստական ռեժիմում մարդն է շահագործում մարդուն, իսկ սոցիալիստականում՝ ընդհակառակը»։ Ըստ բերնեբերան փոխանցված լուրերի՝ նրան անմիջապես հեռացրել են աշխատանքից։

Բուխարեստում հրատարակված «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գիրքն արդեն վաճառքի է հանվել՝ ուրախությամբ ընդունվելով ռումինացիների շրջանում։ Ներկայացնենք գրքից մի քանի անեկդոտ.

Մի ունկնդիր հարցնում է Ռադիո Երևանին.

  • Ո՞վ է իսկական դիվանագետը։

Ռադիո Երևանը պատասխանում է.

  • Այն ամուսինը, որը կարողանում է համոզել կնոջը, որ խանութի այն թանկարժեք մուշտակն իրեն գեր է ցույց տալիս։

 

Կիևից մի ունկնդիր մեզ հարցնում է՝ արդյո՞ք գիտենք, թե ինչպես ինքնասպան եղավ ռուս բանաստեղծ Մայակովսկին։ Մենք պատասխանում ենք, որ չգիտենք, բայց նրա վերջին խոսքերն էին. «Մի՛ կրակեք, ընկերնե՛ր»։

 

Հարց Ռադիո Երևանին.

  • Որո՞նք էին Յուրի Գագարինի առաջին խոսքերը, երբ վերադարձավ տիեզերքից։

Պատասխան.

  • Գագարինի առաջին խոսքերն էին. «Որտե՞ղ է այն հիմարը, որն ինձ խոստացել էր, թե սա դեպի Փարիզ տանող ինքնաթիռն է»։

 

Արսեն Արզումանյան

Բուխարեստի համալսարանի դոկտոր

Հ.Գ. «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» գիրքը կազմել է Արսեն Արզումանյանը

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
վստահ եմ լավ գիրք է, հեղինակին շնորհակալություն արված աշխատանքի համար, արժե թեկուզ հանգանակություններով կազմակերպել այդ գրքի թարգմանությունն ու տպագրությունը այստեղ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter