HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ-ը վերահրապարակել է խոշոր հարկատուների ցանկը, որտեղ ԶՊՄԿ-ն երրորդ տեղում է

Պետական եկամուտների կոմիտեն վերահրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախկին ցանկը, որը հրապարակվել էր ավելի վաղ, ևս ամփոփում էր առաջին եռամսյակը, բայց, ինչպես երեկ հայտնեցին Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ), այն հաշվարկվել էր նոր մեթոդաբանությամբ և համադրելի չէր նախորդ ցանկերի հետ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեր հարցին պատասխանեց, որ արդեն այս նոր ցանկը՝ վերահրապարակվածը, համադրելի է նախորդ տավա նույն եռամսյակի ցանկի հետ։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ հարկային մարմնի նախաձեռնությամբ մշակվել և ներկայում շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի 783-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ամբողջականացնել հարկերի ցուցանիշները` հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու ակնկալիքով։

Առաջին եռամսյակն ամփոփող առաջին ցանկից, ինչպես ավելի վաղ գրել ենք, դուրս էր մնացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը մշտապես եղել է խոշոր հարկատու։ Այս հարցի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է նաև ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում 4.1 մլրդ դրամի հարկերով ԶՊՄԿ-ն դարձել էր հանրապետության երրորդ խոշոր հարկատուն։ ՊԵԿ-ից մեկնաբանում են, որ ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը ևս մեթոդաբանական փոփոխությունների հետևանք է եղել։ Ամեն դեպքում, նույնիսկ մեթոդաբանության փոփոխության պարագայում, ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը տարօրինակ է թվում։ Այս կապակցությամբ ՊԵԿ-ին լրացուցիչ հարցում ենք ուղարկել, որի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։ Իսկ վերահրապարակված ցանկում արդեն ԶՊՄԿ-ն հանրապետության երրորդ խոշոր հարկատուն է։

Այսպես, ըստ վերահրապարակված ցանկի՝ այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 221 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ 2018 թվականին 1000 խոշոր հարկատուների հարկերը կազմել են մոտ 178.6 մլրդ դրամ։ Ստացվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում խոշորների հարկերն աճել են 42.4 մլրդ դրամով կամ 23.8 %-ով։

Հանրապետության խոշորագույն հարկատուն, ըստ վերահրապարակված ցանկի ևս, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 13.57 լրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 14 մլրդ դրամի դիմաց։

Երկրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն է՝ 12.83 մլրդ դրամի հարկերով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8.1 մլրդ դրամի դիմաց։

Երրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որի անունը նախորդ ցանկում այդպես էլ չգտնվեց։ Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 6.7 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր՝ նախորդ տավա նույն ամիսների 4.1 մլրդ դրամի դիմաց։

Հաջորդում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ 4.5 մլրդ դրամի հարկերով։ 2018 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը վճարել է 2.6 մլրդ դրամի հարկեր։

Հինգերորդ տեղում հանքարդյունաբերական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը։ Հարկերի ծավալը կազմել է մոտ 4.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա հունվար-մարտի 2.5 մլրդ դրամի դիմաց։

Մյուս խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է 3.95 մլրդ դրամի հարկերով։ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը 2018 թվականի առաջին եռամսյում վճարել է 2 մլրդ դրամ։

Հանրապետության յոթերորդ խոշորագույն հարկատուն բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը՝ մոտ 3.8 մլրդ դրամով, որը գրեթե հավասար է նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալին։

Խոշոր հարկատուների ցանկում ութերորդ տեղում է բենզինի առևտրով զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ֆլեշը»։ Այս տարվա առաջին եռամսյակում այն վճարել է 3.75 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 2.5 մլրդ դրամի դիմաց։

Իններոդ տեղում «Ակվիլոն թրեյդ» ընկերությունն է, որը հարկերի թռիչքային աճ է գրանցել։ Այս տարվա առաջին երեք ամսում վճարել է 3.4 մլրդ դրամի հարկեր։ Ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում վճարել է ընդամենը 331 մլն դրամի հարկեր և զբաղեցրել 101-րդ տեղը։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի տարեկեսին և ներառվել է խոշոր հարկատուների ցանկում։ Ընկերությունը զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։

Եվ տասներորդ տեղում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է՝ մոտ 2.8 մլրդ դրամի հարկերով։ 2018 թվականի առաջին եռամսյակում ընկերության հարկերը կազմել են մոտ 1.7 մլրդ դրամ։

Խոշորների առաջին տասնյակին հաջորդում են բենզինի ներկրմամբ ու մեծածախ առևտրով զբաղվող «Մաքս պետրոլը», «Հայկական ատոմային էլեկտրակայանը», հանքարդյունաբերական «Արմենիան մայնինգ քոնթրաքթորը», «Յուքոմը», «Սիթին» («Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց),  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։

Խոշոր հարկատուներին, ըստ ոլորտների, կանդրադառնանք առանձին։

Մեկնաբանություններ (1)

Լևոն Գալստյան
ՊԵԿ-ը կարծես հատուկ զբաղված է թվեր և փաստեր խառնելու աշխատանքով։ Մեթոդաբանությունն ի՞նչ կապ ունի ԶՊՄԿ-ի ընդհանրապես ցուցայից դուրս մնալու հետ։ Կամ ՀՀ կառավարության կողմից դեռ չհաստատված մեթոդաբանությամբ ո՞նց են կազմել այդ ցուցակն ու հրապարակել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter