HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Կոտայքի քննչականի պետն ու ընկերոջ անունով կառուցվող ժամանցի համալիրը (տեսանյութ)

Ծաղկաձորում, եթե տեղացիներին հարցնեք՝ ի՞նչ է կառուցվում քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում, ապա կասեն, որ «քննչականի պետի հյուրանոցն է»: Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում՝ Պահլավունյաց 92 հասցեում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում: 2000 քմ մակերեսով հողակտորի վրա հանգստի և ժամանցի համալիր է կառուցվում:

Կառուցապատողը և հողակտորի սեփականատերը Ասատուր Գյուլյակուբյանն է: Վերջինս նոր է գնել հողակտորը՝ 2019 թ._ի մարտ ամսին: Հողի նախկին սեփականատերը Հրազդանի բնակիչ Նելլի Գալստյանն է: Բաց աղբյուրներում նշված երկու անունները որոնելով՝ ոչինչ հնարավոր չէ պարզել: Մինչդեռ հողը գնողը և վաճառողը պատահական մարդիկ չեն: Վաճառողը՝ Նելլի Գալստյանը, Հրազդանի նախկին ոստիկանապետ Վահան Դանիելյանի աներորդու կինն է: Գնորդը՝ Ասատուր Գյուլյակուբյանը, բնակվում է Գերմանիայում, հայտնի է նաև Մայք անունով, նրա ընկերը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության պետ Մհեր Վարդանյանն է:

Վարդանյանի և Գյուլյակուբյանի կապը հաստատվում է, երբ հաջողվում է արձանագրել, որ Քննչական վարչության պետը անձամբ լինում է շինհրապարակում, հետևում կատարվող աշխատանքներին: Ստորև ներկայացված լուսանկարն արվել է 2019թ.-ի մայիս ամսի սկզբին: Լուսանկարում պատկերված «Հյունդայի» մակնիշի՝ «020 QC 01» պետհամարանիշով ծառայողական մեքենան սպասարկում է Կոտայքի մարզային քննչական վարչության պետին: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից: Մեքենան կայանած է Պահլավունյաց փողոց 92 հասցեի դիմացի մայթեզրին, ոչ աշխատանքային ժամի:

ՔԿ Կոտայքի մարզային վարչության պետ Մհեր Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Ասատուր Գյուլյակուբյանն ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ, որի հետ ծանոթացել է 5 տարի առաջ և սկսել է ընկերություն անել: Գյուլյակուբյանի և Վարդանյանի ընդհանուր ընկերը բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է: Ըստ Մհեր Վարդանյանի՝ Ասատուր Գյուլյակուբյանը 35 տարի Հայաստանում չլինելուց հետո այցելել է երկիր և ցանկացել է ներդրում կատարել տուրիզմի ոլորտում:

«Զուտ մի առաջարկություն եմ ունեցել ես՝ խորհուրդ եմ տվել, որ այդ ներդրումը կատարվի Հրազդանի և Ծաղկաձորի միջանկյալ վայրում, որովհետև այդտեղ բնությունը գեղեցիկ է, տեսարժան վայրերն ավելի շատ են»,- ասաց Մհեր Վարդանյանը՝ նշելով, որ իրեն Ասատուր Գյուլյակուբյանի հետ ծանոթացրել է Արթուր Աբրահամը, որի հետ մանկության ընկերներ են: Դիտարկմանը, թե Ծաղկաձորում քաղաքացիներն ասում են, որ քննչականի պետն է հյուրանոց կառուցում, Մհեր Վարդանյանը արձագանքեց. «Ես հերքում եմ դա: Պարզապես, որ իմ ընկերն է, ներդրում է կատարել այստեղ, ինքն էլ այստեղ չի, չի բնակվում Հայաստանում, լինում է Գերմանիայում, ընտանիքն այնտեղ է, երկու-երեք ամիս է՝ շինարարությունը սկսվել է, այդ ընթացքում 3-4 անգամ ժամանակ եմ գտել աշխատանքային ժամերից հետո կամ ընդմիջման ժամի եղել եմ շինհրապարակում: Հետաքրքրությունից ելնելով, թե ինչպես են ընթանում շինաշխատանքները, մասնակցություն չունեմ»

Դիտարկմանը, թե տպավորություն է՝  նա այդ բիզնեսին «տանիք է կանգնում», Քննչական վարչության պետն արձագանքեց, որ դա ընդամենը կարծիք է: «Քանի որ բիզնես չի, շինարարությունն է ընթանում: Ինչի՞ն, ես հո շինարարությանը տանիք չպե՞տք է կանգնեմ, քանի որ շինարարությունը «տանիք չունի»: Հաստատ, որ բիզնեսի էլ վերածվի «տանիք չեմ կանգնի» այդ բիզնեսին»:

Մհեր Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կապ ունի հողի գնման գործարքի հետ՝ հաշվի առնելով, թե ում հետ է փոխկապակցված հողի նախկին սեփականատերը: «Ես այդ գործարքի հետ կապ չեմ ունեցել, այդ օրերին այստեղ էլ չեմ գտնվել ու ձեր ասած անձին (Վահան Դանիելյանին, հեղ.) չեմ էլ ճանաչում, իր բարեկամի՞նն է, ես չեմ ճանաչում այդ մարդուն, չեմ շփվել:

Իսկ թե ինչու է իր ծառայողական մեքենայով գնում շինհրապարակ, Մհեր Վարդանյանը պարզաբանում է, որ աշխատանքի վայրից 1 կմ է հեռու շինհրապարակը: «Ծառայողական մեքենան ինձ է ամրակցված, դրանով գնում եմ տուն, աշխատանքի, այդ մեքենայով գնացել եմ և չեմ մտածել, որ ինչ-որ բաներ կբերեն, կկապեն ինձ հետ: Դրա համար ազնիվ մղումներ են եղել իմ մոտ»,- ասում է Մհեր Վարդանյանը:

Հ.Գ. 2018 թ.-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Պարգևը հանձնել է անձամբ վարչապետը:

 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter