«Աշնանը պատճառված վնասները գարնանն են ի հայտ գալու»
«Չորացած խոտը մյուս տարվա նոր աճած խոտի հետ կխառնվի, հնձելը դժվար կլինի, համ էլ էս չոր խոտը որ վառում ես` հողին օգուտ ա, պարարտացնում ա հողը, հազար հիվանդության դեմն առնում ա…»,- ասում է Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Հակոբ Օչինյանը: Հակոբ պապը ամեն տարի աշնանը այրում է բերքահավաքից հետո դաշտում մնացած ծղոտն ու խոզանը: Այդ ժամանակ գրեթե բոլոր գյուղացիների այգիներից ծուխ է ելնում. գյուղը վերածվում է «սև անապատի»:
«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ, օրգանական գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանը առանձնացնում է դաշտի այրումից առաջ եկող երկու տիպի վնասակար հետևանք` հողի օրգանական կազմի և բերրիության վատթարացում և օդի աղտոտում: «Դաշտերի այրման հետևանքով նվազում է հողի խոնավության աստիճանը, դադարում հողի` ջուր կուտակելու հատկությունը, իսկ քանի որ հողի մակերևութային շերտը քայքայված է լինում, հողն ավելի զգայուն է դառնում էրոզիայի նկատմամբ: Հողի կազմում արագ տեմպով նվազում է ածխածնի և ազոտի պարունակությունը, այն ունենում է օրգանական նյութերի կորուստ, ինչի պատճառով բույսերի լրացուցիչ պարարտացման անհրաժեշտություն է առաջանում»,-ասում է Ն. Սարուխանյանը:
Դաշտերի այրումը կարող է հանգեցնել նաեւ հողի վերին շերտում գտնվող օրգանական զանգվածի, բույսերին մատչելի սննդատարրերի այրման, ինչի հետևանքով հնարավոր է`աշնանն այրվող բույսերը գարննան արդեն չծլարձակեն: Աշնանը պատճառված վնասները գարնանն են ի հայտ գալիս: Մեծ վնաս է հասցվում նաև հողի միկրոֆլորային. ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ամբողջությամբ ոչնչանում են հողի վերին շերտերի հողաբնակ օգտակար միկրոօրգանիզմները (սնկեր, բակտերիաներ և այլն ):
Դաշտերի այրումը ուղղակիորեն նպաստում է գլոբալ տաքացմանը. սրան նպաստում է այրման ընթացքում մեծ քանակությամբ արտանետվող ածխաթթու գազը:
Ն. Սարուխանյանի հավաստմամբ` այրումից առաջացած ծուխը լուրջ խնդիրներ է առաջ բերում շնչառական համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում:
«Փոքր մասնիկների` նույնիսկ կարճաժամկետ արտանետումը օդ կարող է առաջացնել ասթմայի նոպա և սուր բրոնխիտ: Այն կարող է նաև մարդուն ավելի զգայուն դարձնել շնչառական ինֆեկցիաների նկատմամբ»,-ընդգծում է նա:
ՀՀ կառավարությունը 2008թ.-ի մայիսի 5-ին հաստատեց «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2009թ.-ի մայիսի 14-ից: Օրենքը կարգավորում է նաև մթերքի և հումքի վերամշակումը, այն սահմանում է օրգանական գյուղատնտեսության վարման իրավական հիմքերը, սկզբունքները, արտադրանքի շրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները, պետական աջակցության ուղղությունները և լիազոր մարմնի պարտավորությունները: Ըստ ՀՀ Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի օրգանական կառավարման և սերտիֆիկացման ընդհանուր պահանջների` այրումը` որպես մշակաբույսերի հեռացման միջոց, սահմանափակված է: Այն հիվանդության տարածումը ճնշելու նպատակով կարող է միայն թույլատրվել, այն էլ` սերտիֆիկացնող մարմնի նախնական գրավոր համաձայնությամբ:
Հակոբ պապի «բա էդ անպիտան, վնասատու խոտերի ու վարակի դեմ ի՞նչ անենք» հարցին Ն.Սարուխանյանը պատասխանում է. «Հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի գործում կիրառվում են ագրոտեխնիկական և կենսաբանական եղանակներ, որոնք անվտանգ և մաքուր բերքի գրավականներն են»:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի համոզմամբ օրենքը միգուցե կարող է որոշակիորեն կասեցնել դաշտերի այրումը, սակայն գյուղացու անիրազեկությունը` ոչ:
«Գյուղացուն անհրաժեշտ է հստակ մեխանիզմ առաջարկել, տեսականը կիրառել գործնականում, գործով ցույց տալ, օրինակ, հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցները. հարկավոր է գործնականում լուսավորել գյուղացուն»,-ասում է Ի.Զառաֆյանը:
Դաշտերի այրման հետևանքով հաճախ նաև հրդեհներ են բռնկվում հարակից անտառներում: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով արգելվում է այրել բուսական մնացորդներն ու չոր բուսականությամբ տարածքները, ծղոտները, արոտավայրերն ու խոտհարկերը, գյուղատնտեսական մնացորդները: Արգելքի նպատակն է նվազեցնել բուսածածկույթի այրումից առաջացող թունավոր նյութերի արտանետումը մթնոլորտ, նաև` փոքրացնել մեծամասշտաբ հրդեհների բռնկման ռիսկը: «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը այս օրենքն անկենսունակ է համարում.
«Աշնանը բերքահավաքից հետո շրջել ենք Հայաստանի որոշ գյուղերով, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Երևանից Լոռի տանող ճանապարհին չկար մի գյուղ, որտեղից ծուխ չբարձրանար»,-ասում է Ի.Զառաֆյանը:
Նա համոզված է, որ օրենքը ոչ մի էական փոփոխություն չի մտցնի տիրող իրավիճակում. ըստ նրա` օրենքը չի պարունակում մասսայական բնույթի պարտադրող մեխանիզմներ: ՀԿ-ի նախագահի համոզմամբ`հարկավոր է լրացումներ կատարել օրենքի շրջանակներում:
«Անհրաժեշտ են պարբերական հանդիպումներ անցկացնել գյուղացիների հետ, հատուկ դասընթացներ, սեմինարներ կազմակերպել, գործնականում ցույց տալ պատճառված վնասների հետևանքները, և դաշտերը այրելու փոխարեն վնասատուներից ազատվելու և այլ հարցերի լուծման համար առաջարկել այլընտրանքային կիրառելի մեթոդներ,-համոզված է ՀԿ-ի նախագահը,-այլապես գյուղացին բողոքում է իր իսկ պատճառած վնասի դեմ»:
Աննա Բաբաջանյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել