HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաղիքագործության վարպետ Նունե Չուխաջյանը

Արևի լույսն ընկնում է հյուրասենյակի սեղանին փռված մոխրադարչնագույն վերարկու հիշեցնող զանգվածի վրա: Մոտենում եմ, հատ առ հատ, մի քանի միլիմետր հաստությամբ գունավոր բուրդ է շարված, կողքին՝ փոքր ցնցուղ: Նունե Չուխաջյանի թաղիքագործության «փոքր կենտրոնն» է տան մի հատվածում:

Նունեն մոտենում է սեղանին փռած մակետին և ցույց տալիս՝ ինչպես են դասվում բրդի շերտերը:

Նունե Չուխաջյանը երեք տարի զբաղվում է թաղիքագործությամբ. բուրդը, թելերը, մետաքսը նրա ձեռքերում թաղիքե հագուստ, աքսեսուարներ, գլխարկներ, պայուսակներ են դառնում։

Նունեն մանկուց է սիրել ձեռագործությունը, տան պատերը զարդարված են նրա աշխատանքներով՝ խաչկարերով ասեղնագործություններ, գունավոր բրդով նկարներ:

Բրդով առաջին աշխատանքներն արել է համացանցում տեսանյութ դիտելուց հետո.

«Հետաքրքրությունն ավելի խորացավ, այլևս հետդարձի ճանապարհ չկար, բուրդն ինձ կլանեց։ Սկսեցի բաճկոններ, վերարկուներ, շրջազգեստներ, փոքրիկների փափուճներ, պայուսակներ պատրաստել»,- ասում է Նունեն։

Նունե Չուխաջյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, թաղիքագործությունը երկրորդ մասնագիտությունն է:

Նյութերի մեծ մասը ձեռք է բերում արտերկրից՝ Նոր Զելանդիայից, Ուզբեկստանից, Իտալիայից: Թաղիքագործությունը Նունեի համար բիզնես չէ, այլ սիրելի զբաղմունք:

Հագուստ պատրաստելու առաջին փուլը ձևանմուշի ստեղծումն է. այն ավելի մեծ չափերով է ձևում, քան նախատեսվող հագուստը, աքսեսուարը: Մինչև գործին անցնելը ընտրում է թելերը, բուրդը, որոշում նախընտրելի գունային համադրությունը, հետո սկսում բրդի շերտերի շարումը. այս գործընթացը երբեմն ժամեր, երբեմն օրեր է տևում՝ կախված աշխատանքի ծավալից, չափերից: Հոգնածությունից չի դժգոհում. «Թաղիքագործությունը ֆիզիկապես շատ ծանր աշխատանք է, բայց արդյունքը գերակշռում է: Չզբաղվել թաղիքագործությամբ, որովհետեւ դժվար է, հոգնեցնող է, ուղղակի անհնար է, սա ինձ համար հոգեկան մեծ կատարսիս է: Երբ վերջում ստանում ես այն, ինչին սպասում ես, հոգնածությունդ անցնում է»:

Բուրդը շարելուց հետո Նունեն օճառաջրով թրջում է այն, հետո ձեռքերով հարթեցնում, գլորում, տրորում և «ծեծում» է. բրդի մանր թելերը օճառի շնորհիվ մտնում են իրար մեջ, եւ ստացվում է թաղիք։ Թաղիք ստանալու համար օգտագործում է նաեւ  հարթեցնող հատուկ սարք, որը ձեռքի աշխատանքը մի փոքր հեշտացնում է։

Թաղիքագործը բուրդը շարելուց հետո մի քանի անգամ եւս հավասարեցնում է՝ ուշադիր հետևելով յուրաքանչյուր ծայրի: Բրդե կծիկից բուրդը նուրբ ձևով է առանձնացնում՝ շեշտելով, որ բրդի հետ աշխատելիս չպիտի բռնանալ, որպեսզի արդյունքը լավը լինի. «Պիտի հոգիդ դնես յուրաքանչյուր աշխատանքում, դու կարող ես գույներ ընտրել, նյութեր ընտրել, բայց եթե պատրաստելիս վատ բան մտածես, եթե չուզենաս ջերմություն տալ, լավ չի լինի, թաղիք կստացվի, բայց էն թաղիքը չի լինի, որը պետք է լինի»։

Նա շեշտում է, որ առանց մեքենայի հնարավոր է աշխատել, իսկ առանց ձեռքերի՝ ոչ:

Նունեի աշխատանքները նախնական գաղափարից հաճախ տարբերվում են, սակայն ստանում է սպասվածից ավելի լավը, իսկ ամեն օր համացանցը փորփրելով, երևակայությունը աշխատեցնելով՝ նոր գաղափարներ, մոտեցումներ է փնտրում, իր հմտությունները զարգացնում:

Նունեն խորհուրդ է տալիս ունենալ բրդե, թաղիքե հագուստ, ինքը ևս կրում է: Ասում է, որ այն էկոլոգիապես մաքուր է:

Նունեն հեշտությամբ համատեղում է ատամնաբույժի եւ թաղիքագործի աշխատանքները։ Խիստ զբաղված լինելով՝ ժամանակ է գտնում օրվա մի մասն էլ անցկացնելու թոռնիկների հետ։

Նունեի աշխատանքները վաճառվում են Նունե Չուխաջյան անունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։