
Բժիշկը ծառայությանը պիտանի՞ է, թե՞ ոչ. ՊՆ հակասական դիրքորոշումը
Հայկ Ամիրխանյանը բժիշկ է, Երեւանի բժշկական համալսարանի ռազմաբժկական ֆակուլտետի շրջանավարտ: Բայց 2009թ. նա պաշտպանության նախարարության հետ խզել է 20 տարով կնքած պայմանագիրը եւ 9 տարի շուտ զորացրվել:
Այսօր 31-ամյա Հայկը զբաղվում է բիզնեսով, սակայն շուտով Հայաստանն ընդմիշտ լքելու է: «Արդեն դեսպանատունը գործերս բացել է»,- ասում է նա՝ չմանրամասնելով, թե որ երկիր է պատրաստվում տեղափոխվել՝ իր մասնագիտությամբ աշխատելու:
«Ինչի՞ց եք հիասթափված» հարցին ի պատասխան՝ Հայկն ասում է, թե ավելի շուտ կարող է պատասխանել՝ ինչից հիասթափված չէ. «Միայն եղբորս գործը բավարար է, որ ամեն ինչ թողես ու գնաս: Ու որ գնամ, անպայման եղբորս էլ եմ տանելու…»:
Քանի որ իր եւ ՊՆ-ի վեճը «դատական մեկ տարվա քաշքշուկից հետո» լուծվել է, Հայկը գերադասում է իր զորացրման պատճառներին չանդրադառնալ, փոխարենը պատմում է եղբոր՝ Արմեն Ամիրխանյան-ՊՆ հարաբերությունների մանրամասները: Իսկ թե ինչո՞ւ Արմենն անձամբ իր պրոբլեմներից չի խոսում, Հայկը պարզաբանում է. «Եղբայրս հիմա էլ ծառայության մեջ է, ու ես ավելի անկաշկանդ կխոսեմ»:
1979թ. ծնված Արմեն Ամիրխանյանը 1997թ. ընդունվել է Երեւանի բժշկական համալսարանի ռազմաբժկական ֆակուլտետ, 6 տարի հետո ուսումը շարունակել ինտերնատուրայում, այնուհետեւ որպես բժիշկ ծառայության է նշանակվել Քելբաջարի զորամասերից մեկում: 2005թ. նա ընդունվել է օրդինատուրա եւ 3 տարի անց ստացել անոթային վիրաբույժի մասանգիտացում:
«Բայց նրան, որպես բուժկետի պետ, ծառայության նշանակեցին Էջմիածնի զորամասում: Այնինչ պայմանագրում նշված է, որ եթե սպան ստանում է նեղ մասնագիտացում, պետք է նշանակվի համապատասխան մասնագիտությամբ: Պատճառաբանում են՝ ազատ տեղ չկա, իսկ Ստեփանակերտի հոսպիտալում տեղ կա: Ասում են՝ պետք է գիտությունների թեկնածու լինես, որ այդ պաշտոնը զբաղեցնես: Արդեն 3 տարի է՝ այդ պաշտոնը թափուր է, գոնե ժամանակավոր նշանակեին, մինչեւ թեկնածու կգտնեին»,- դժգոհում է Հայկը եւ նշում, որ իրականում նման հարցերը լուծելու մեթոդներն այլ են՝ մաղարիչից մինչեւ ծանոթ-բարեկամ:
«Եղբայրս «Անբասիր ծառայության» համար պարգեւատրվել է եւ այնպես չէ, որ ծառայությունից խուսափում է: Ուղղակի, եթե բժիշկն իր մասնագիտությամբ չի աշխատում, սովորածը կորում է. հետո պետք է 3 տարի վերապատրաստվի, որ կարողանա աշխատել»,- շարունակում է Հայկը:
Անցյալ տարեսկզբին Արմեն Ամիրխանյանը դիմել է ՊՆ-ին՝ համապատասխան փոխհատուցմամբ պայմանագիրը խզելու եւ իրեն զորացրելու խնդրանքով: Սակայն ՊՆ-ն, ինչպես Հայկն է ասում, պայմանագիրը լուծելու դիմաց աստղաբախշական գումար է պահանջել՝ ավելի քան 7 միլիոն դրամ:
«ՊՆ-ն ինքն էլ չգիտի, թե որպես փոխհատուցում ինչքան գումար գանձի, դրա համար էլ ումից ինչքան կարողանում, այնքան էլ պոկում են,- շարունակում է Հայկը,- օրինակ՝ ինձնից սկզբում պահանջում էին 6, հետո դարձրին 4 մլն դրամ, բայց դատարանի վճռով 2,1 միլիոնով զորացրվեցի: Ինձնից 1 կուրս բարձր մի տղա (անուն-ազգանունը չեմ նշում, որովհետեւ իր հետ չեմ համաձայնեցրել) զորացրվել է 905 հազար դրամ փոխհատուցմամբ: Ուսման նույն 1 տարվա տարբերությունն է իմ եւ եղբորս միջեւ, բայց ես վճարել եմ 2,1, Արմենից պահանջում են 7 միլիոն: Տատանումը թող 10 տոկոս կազմի, բայց մարդ գիտեմ, որ 6 միլոնով է զորացրվել, մյուսը՝ 3-ով: Ինձ թվում է, որ մարդն ինչքան էլ դեբիլ լինի, կհասկանա, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»:
Անցյալ տարվա հուլիսին վարչական դատարանը վճռել է ՊՆ-ին պարտավորեցնել 826 հազար դրամ փոխհատուցմամբ կապիտան Արմեն Ամիրխանյանին զորացրել: ՊՆ-ի բողոքի արդյունքում այս տարվա հունվարի 24-ին վերաքննիչ դատարանը հիշյալ վճիռը փոփոխել է եւ Արմենի՝ 826 հազար դրամ փոխհատուցմամբ զորացրվելու հայցը մերժել:
Հայկի խոսքերով, եթե նախկինում դատարանները, (շատ դեպքերում հաշվարկները հօգուտ ՊՆ-ի կատարելով), այնուամենայնիվ, փոխհատուցման գումարը նշելիս ողջամտության սահմանները չեն խախտել, հիմա պատկերը փոխվել է:
«Կոնկրետ եղբորս գործով վերաքննիչում ամեն ինչ հարթ էր ընթանում, բայց հետո 180 աստիճանով փոխվեց»,- ասում է նա՝ փոփոխությունը պայմանավորելով դատավորների նկատմամբ ՊՆ-ի ճնշումներով:
Դատավարությունների ընթացքում, նրա պատմելով, Արմենի գլխացավերը, որ միշտ վերագրել են վերջինիս լարված վիճակին, գնալով սրվել են: Հոսպիտալում կատարված հետազոտությունը Արմեն Ամիրխանյանի մոտ ախտորոշել է սրտի բնածին արատ:
ՊՆ ռազմաբժշկական վարչության տված էպիկրիզի 16-րդ կետի՝ հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի (ՌԲՀ) որոշման դիմաց նշված է, որ Ամիրխանյանը պիտանի չէ զինվորական ծառայությանը (не годен к в/службе): Սակայն նույն փաստաթղթի հաջորդ կետում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) որոշման դիմաց հայերենով լրացված է, որ նա պիտանի է զինվորական ոչ շարային ծառայությանը»:
«Սրտի բնածին արատ ունենալու ախտորոշումը հաստատել են նաեւ քաղաքացիական երեք հիվանդանոցներ, իսկ եղբայրս սովորելու ընթացքում տարին 2 անգամ ենթարկվել է բուժզննման: Ամեն անգամ ասել են՝ առողջ ես: Բա ինչպե՞ս եղավ, որ սրտի բնածին արատը չհայտնաբերեցին, ո՞նց նման մարդը հայտնվեց բանակում, ո՞վ պետք է մտածի սրա մասին եւ պատասխանի այս հարցերին»,- տարակուսում է Հայկը: Նրան զարմացնում է նաեւ այն, որ ՌԲՀ-ն, որը բժշկական հետազոտություններ կատարող մարմինն է, Արմենին համարել է զինծառայությանը ոչ պիտանի, իսկ ԿՌԲՀ-ն, որը միայն փաստաթղթերն է ստուգում, հանկարծ որոշել է, թե վերջինս ոչ շարային ծառայությանը պիտանի է:
«Նույնիսկ ՊՆ ռազմաբժշկական վարչության փաստաթղթում է նշված, որ հիվանդության զարգացման էտապները ձեռք են բերվել ծառայության ընթացքում, բայց այդքանով հանդերձ՝ նրան նորից ուղարկել են ծառայության: Այնինչ Արմենի նախասրտային պատը բաց է. թթվածնով հարուստ եւ այսպես ասած՝ կողտոտ արյունը խառնվում են իրար: Միայն սա հիմք է, որ նրան տեղում զորացրեին եւ ուղարկեին տուն»,- ասում է Հայկը:
Նա հավելում է, որ վերաքննիչի՝ հօգուտ ՊՆ-ի կայացրած որոշումը կարող են բողոքարկել Վճռաբեկ դատարանում: Սակայն այսքանից հետո պայքարելու են միայն մեկ ուղղությամբ՝ «Արմենի հիվանդությունը զինծառայության հետ անհամատեղելի է, եւ նրան պարտավոր եք անմիջապես զորացրել»:
Հ.Գ. Պաշտպանության նախարարությունը թեմայի առնչությամբ «Հետքի» հարցմանը չի պատասխանում:
Լուսանկարում Հայկ Ամիրխանյանն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել