HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսից ավելին հոսել է հանքարդյունաբերության ու ֆինանսների ոլորտներ

2014-2018 թթ. Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) զուտ ներհոսքը կազմել է շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար, որի կեսից ավելին բաժին է ընկնում հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության և ֆինանսական միջնորդության ոլորտներին։ Դիտարկվող ցուցանիշով առաջատար 5 գործունեության ոլորտները կլանել են ՕՈւՆ-ների զուտ ներհոսքի 90 %-ը, այսինքն՝ 990 մլն ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։

Այս ցուցանիշները, որոնց աղբյուրներն են Համաշխարհային բանկն ու Հայաստանի վիճակագրական կոմիտեն, ներկայացված են «Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը և առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության մեջ։ Նշված աշխատության շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ, Ազգային ժողովում։ Հեղինակներն են ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Արմեն Քթոյանը։ Հետազոտությունը նվիրված է Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման հիմնախնդիրներին։ Ուսումնասիրվել են Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ազդող առանցքային գործոնները, հետազոտվել են երկրում ներդրումային և գործարար միջավայրի բարելավման հիմնական խոչընդոտները: Հետազոտությանն աջակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու Տնտեսական լրագրողների ակումբը։

2018 թվականի ցուցանիշը ներառում է մինչև սեպտեմբերը ներառյալ կատարված ներդրումները

Ըստ հետազոտության՝ այս նույն ժամանակաշրջանում ՕՈւՆ-ների մաքուր պաշարները կազմել են 5 մլրդ ԱՄՆ դոլար: Այստեղ ևս ներդրումների հիմնական ուղղությունները ներառում են ֆինանսական միջնորդությունն ու հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությունը: Բացի այդ, դրանց ավելանում են նաև էլեկտրաէներգիայի արտադրության, հեռահաղորդակցության և անշարժ գույքի հետ կապված գործունեության ուղղությունները: Այս 5 առաջատար ուղղություններում ՕՈւՆ-ների մաքուր պաշարները կազմում են 3.2 մլրդ ԱՄՆ դոլար կամ ընդհանուրի 64 %-ը։

«ՕՈւՆ-ների զուտ հոսքերի և պաշարների դիտարկումն ի ցույց է դնում այն իրողությունը, որ օտարերկրյա ներդրումների համար ավելի գրավիչ են հայաստանյան տնտեսության ռեսուրսային մրցունակությունը պայմանավորող ուղղությունները: Իսկ արդյունավետությամբ, կամ առավել ևս, ինովացիոն գործոններով պայմանավորված մրցակցային առավելությունների շոշափելի տեղաշարժ չի արձանագրվել, ինչի վկայությունը բարձր տեխնոլոգիական հենք ունեցող ուղղություններում ՕՈւՆ-ների պաշարների և զուտ հոսքերի համեմատաբար ցածր մակարդակն է»,- եզրակացրել են հետազոտության հեղինակները:

Ներդրումների մասին օրենքն արդիական չէ

«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում արդի միտումներին, և դրանում նախատեսված առանձին իրավահարաբերություններ բավարար չափով կարգավորված չեն: Հրամայական անհրաժեշտություն է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի ընդունումը։ Նման եզրահանգման են եկել «Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը և առկա հիմնախնդիրները» հետազոտության հեղինակները։

Հետազոտության մեջ հղում է արված մի հարցման, ըստ որի՝ գործարարների կարծիքով Հայաստանում ներդրողների պաշտպանությանն առնչվող հիմնական խոչընդոտը պետական մարմինների գործողությունների անկանխատեսելիությունը, կամայականությունն ու անհետևողականությունն է։ Գործարար հանրույթի հետ անցկացված հարցումների ժամանակ այս հանգամանքը՝ որպես ներդրողների պաշտպանության հիմնական խոչընդոտ մատնանշել են հարցվածների 80 %-ը։ Այլ խոչընդոտների շարքում նշվել են կոռուպցիան (հարցվածների 73 %-ի կարծիքով), օրենսդրության հաճախակի փոփոխությունները (67 %), քաղաքական ռիսկերը (67 %)։

Հայաստանի ներդրումային վիճակը վերլուծելու համար հեղինակները օգտվել են միջազգային զեկույցներից, ինչպիսիք են Համաշխարհային բանկի համաշխարհային զարգացման ցուցիչները (World Development Indicators), Գլոբալ տնտեսական համաժողովի Գլոբալ մրցունակության զեկույցները, ՄԱԿ-ի Համաշխարհային ներդրումային զեկույցները և այլն։ Օրինակ՝ Գլոբալ տնտեսական համաժողովի Գլոբալ մրցունակության համաթվի գնահատականով Հայաստանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել վերջին տարիներին։ Նույն պատկերն է նաև գործարար միջավայրի ընդհանրական բնութագրիչ հանդիսացող Գործարարությամբ զբաղվելու դյուրինության համաթվի (ՀԲ) պարագայում։ Մինչդեռ նոր բիզնեսի խտության ցուցանիշով, որը նկարագրում է նոր հիմնադրված բիզնես միավորների թիվը` 15-64 տ. 1000 բնակչի հաշվով, Հայաստանի արդյունքը բավականին ցածր է։ Մեկ այլ օրինակ՝ ՕՈւՆ-ների հետ կապված իրավակարգավորումների թիրախայնության և արդյունավետության առումով վերջին տասնամյակում Հայաստանը որոշակի նահանջ է արձանագրել:

Ընդհանուր եզրահանգումն այն է, որ Հայաստանում ներդրումային միջավայրի ինստիտուցիոնալ բաղադրիչի գնահատականը համեմատաբար բարձր է։ Սակայն մյուս կողմից էլ ներդրումների իրավակարգավորման թիրախայնության և արդյունավետության բացասական դինամիկա է արձանագրվել՝ ի տարբերություն հարևան Վրաստանի, որտեղ զգալի որակական առաջընթաց կա:

«Ներդրումային միջավայրի տնտեսական բաղադրիչի առումով գերակշռում են բացասական զարգացումները կամ ոչ զգալի առաջընթացը: Մակրոտնտեսական միջավայրի, ենթակառուցվածքների զարգացման, ֆինանսական կայունության, ներքին շուկայի տարողության, նորարարությունների կլանման կարողության գնահատականներով համադրվող երկրների շարքում Հայաստանը միջին կամ նույնիսկ միջինից ցածր տեղեր է զբաղեցնում»,- նշված է հետազոտության ամփոփման մեջ։

Մեկնաբանություններ (1)

Ալեքսանդր Պետրոսյան
Հայտնելով անձնական դրական գնահատականը վերլուծության վերաբերյալ, չեմ կարող չնշել տվյալների ժամանակավրեպության մասին: Այդ տվյալները ավելի ամբողջական ու բովանդակալից վերլուծվել են ՀՀ ԿԲ կողմից դեռևս ս.թ. մարտի վերջին՝ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2018թ, հունվար դեկտեմբերին» վերլուծական զեկույցում, որը տեղադրված է ՀՀ ԿԲ կայքէջում հետևյալ հասցեով https://www.cba.am/Storage/AM/downloads/stat_data_arm/PRESS%20RELEASE-2018Q4last.pdf : Փորձեք ուսումնասիրել այն: Ի դեպ այն հրապարակվում է յուրաքանչյուր եռամսյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter