HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միրզոյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը երկու հոդվածների խախտում է արձանագրել

Այսօր Եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ: Դատարանը «Միրզոյանն ընդդեմ Հայաստանի» գործով կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների՝ կյանքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտում է արձանագրել և պարտավորեցրել Հայաստանին 3 ամսվա ընթացքում քաղաքացուն վճարել 15 000 եվրոյի չափով գումար՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Ասկերանի թիվ 1 կայազորի զինվորական դատախազության կողմից 2007թ. ապրիլի 16-ին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը՝ նախորդ օրը՝ ժամը 21.40-ի սահմաններում զորամասի հերթապահ, կոչումով լեյտենանտ Հենրիխ Գրիգորյանի կողմից հերթապահության սենյակում նույն զորամասի կրտսեր սերժանտ Գեղամ Սերգոյանին առանց թույլտվության հերթապահության սենյակ մտնելու համար անհիմն դիտողություն անելու, այդ օրը իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակով ապօրինաբար նրան կյանքից զրկելու` սպանության դիտավորությամբ գլխի շրջանում կրակելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի կողմից 14.09.2007թ. Հ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, հերթապահության սենյակում տեսնելով նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Սերգոյանին, որը հեռուստացույցով ցուցադրվող հաղորդման առթիվ փորձել է կատակել իր հետ, դիտողություն է արել նրան առանց թույլտվության հերթապահության սենյակ մտնելու համար: Չնայած Գեղամ Սերգոյանի կողմից դիտողությունն ընդունելու և սենյակից դուրս գալու փորձին, նրա կատակը որպես վիրավորանք ընկալելով՝ Հ. Գրիգորյանն անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը և իր գերակայությունը ցուցադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, հայհոյանքներ է տվել նրա հասցեին, բռնություն գործադրելով հրել է դեպի սենյակի պատը: Սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված չնչին առիթով` խուլիգանական դրդումներով, սպանելու դիտավորությամբ պատյանից հանել է հերթապահությունը կրելու համար իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, լիցքավորել այն և կրակոց արձակել Գեղամ Սերգոյանի ստորին ծնոտի ձախ կեսի անկյան շրջանին` ապօրինաբար զրկելով նրան կյանքից: Դեպքից անմիջապես հետո Հ. Գրիգորյանը ականատես վկաների հետ տուժողին տեղափոխել է հոսպիտալ:  Գիտակցության չգալով՝ Գ. Սերգոյանը մայիսի 2-ին մահացել է:

Տուժողի իրավահաջորդ Ռոբերտ Միրզոյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ Պաշտպանության և ֆինանսների նախարարությունների` 300 հազար եվրոյին համարժեք դրամի պահանջի մասին՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Գեղամ Սերգոյանի բուժումը կազմակերպելու նպատակով պետական բյուջեից Ստեփանակերտի կայազորային հոսպիտալում ծախսվել են 40 240 դրամի, իսկ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում` 496 913 դրամի դեղորայք և բուժմիջոցներ: Նրա հուղարկավորման, գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման համար, ինչպես նաև, որպես միանվագ ապահովագրական գումար, Գ. Սերգոյանի ընտանիքին տրամադրվել է 2 250 000 դրամ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009թ. Հենրիխ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 15 տարի ժամկետով: Իսկ քաղաքացիական հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում բարոյական վնասի հատուցում: Բացի այդ, Հ. Գրիգորյանը հանցանքը կատարել է՝ գտնվելով ծառայության մեջ, բայց ոչ ծառայողական պարտականությունները կատարելիս, այլ անձնական փոխհարաբերությունների հողի վրա, ուստի վնասի առկայության դեպքում պատասխանատվությունը պետք է կրի այն պատճառած մեղավոր անձը:

Նշենք, որ ոչ նյութական վնասի հատուցման կարգավորումները քաղաքացիական օրենսգրքով նախատեսվեցին 2014 թ. նոյեմբերի 1-ից:

2010թ. ապրիլի 2-ին Ռ. Միրզոյանի և նրա ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը մերժել է, իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է:

Դիմելով Եվրոպական դատարան՝ Միրզոյանը նշել է, որ պետությունը չի պաշտպանել իր որդու կյանքը հայկական բանակում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Իսկ ինքը հնարավորություն չի ունեցել պետությունից փոխհատուցում ստանալ որդու կորստի համար, որպես վնասի հատուցում:

Եվրոպական դատարանը, կրկնելով նախկինում իր հայտնած դիրքորոշումները, նշել է, որ զինծառայողները գտնվում են պետության իշխանությունների բացառիկ վերահսկողության ներքո, հետևաբար վերջիններս կրում են պատասխանատվություն նրանց կյանքի ու առողջության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter