
Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
Իր դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործով անցնող անձանց առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արթուր Ասատրյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել՝ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Վերը նշված հոդվածներով էլ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխվել է 50 մլն դրամ գրավով:
Ազգային անվտանգության ծառայությունը գործի քննության ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը:
Տեսանյութում չերևացող «Պիպո» անունով անձը հարցադրում է կատարում իր սպանության նախապատրաստության հանգամանքների վերաբերյալ: Ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ տեսանյութը հայտնաբերվել է վերը նշված երեք անձանցից մեկի բջջային հեռախոսից:
Նշենք, որ առևանգված անձինք՝ Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանն ու ևս մեկ անձ՝ Զոհրաբ Զումաշյանը մեղադրվում են ոչ միայն Արթուր Ասատրյանին, այլև քրեական աշխարհում Օշականցի Գևորիկ անունով հայտնի Գևորգ Մելիքյանի և Զապ անունով հայտնի Անդրանիկ Սողոսյանի դեմ սպանություն նախապատրստելու մեջ: Նրանց վերաբերյալ գործն արդեն առաջին ատյանի դատարանում է, և այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը տուժողի կարգավիճակ ունի:
Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանի առանձնատնից հայտնաբերված ռազմամթերքի դրվագին, ապա փորձաքննություն է նշանակել և պարզվել է, որ առանձնատնից հայտնաբերվածը հրազեն է հանդիսանում ու պիտանի է օգտագործման համար:
Լուսանկարում Արթուր Ասատրյանը՝ ձախից:
Մեկնաբանել