HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գեղեցկուհիների հետ հանդիպման եկած Դոն Պիպոն «հանդիպեց» լրագրողների ոչ այնքան հաճելի հարցերին

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, այսօր հրավիրվել էր Արցախ մամուլի ակումբում մի խումբ գեղեկցուհիների հետ հանդիպման, սակայն «հանդիպեց» մի խումբ լրագրողների ոչ այնքան հաճելի հարցերին:

Դոն Պիպոյին պատկանող «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը «Միսս Արմենիա» համահայկական մրցույթ-փառատոնի հովանավորն է, մրցույթի շրջանակներում կազմակերպիչները հրավիրել էին նաև նրան: Միջոցառման մասին հաղորդագրության մեջ, սակայն, նշված էր, թե տեղի կունենա Արթուր Ասատրյանի հանդիպումը լրագրողների հետ, ուստի լրագրողները գնացել էին մամուլի ակումբ՝ Ասատրյանից ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Լրագրողներն արդեն սրահում էին, երբ տոնական հագուկապով ներս մտան մրցույթի մասնակից գեղեցկուհիները:

Շուտով եկավ նաև Արթուր Ասատրյանն ու զարմացավ՝ տեսնելով մեծ թվով լրագրողների:

«Ասի` գամ քեզ տենամ, երկու բառ խոսամ»,- դիմելով մրցույթի կազմակերպիչներից Գոհար Հարությունյանին՝ ասաց Արթուր Ասատրյանը:

Հանդիպման առաջին մասում Ասատրյանը խոսում էր մրցույթի, գեղեցկությունը գնահատելու, առանց բարեկամական կապերի գեղեցկության մրցույթներում հաղթելու, բարեգործական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին: Շուտով, սակայն, լրագրողները սահուն անցում կատարեցին նրա վերաբերյալ քրեական գործին, նրա դեմ նախապատրաստված մահափորձի գործին, Մանվել Գրիգորյանի հետ հարաբերություններին:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կարողանում բուռն գործունեություն ծավալել, երբ երկրից չի կարող դուրս գալ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության:

Ասատրյանը նշեց, որ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո չի դիմել վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու խնդրանքով։

«Ես թիմ ունեմ, որն առանց ինձ իր գործն անում է: Կարևորը, որ դու կարողանաս ճիշտ թիմ կազմակերպել, որ քեզ չդավաճանեն, ինչը, կարծում եմ, իմ մոտ ստացվում է»,- ասաց Ասատրյանը:

Մրցույթի կազմակերպիչները ցանկանում էին «կանխել» այս թեմայով լրագրողների հետագա հարցերը՝ հղում կատարելով էթիկայի կանոններին ու փորձելով հարցուպատասխանը նորից գեղեցկության մրցույթի վրա կենտրոնացնել, սակայն լրագրողները հիշեցրին, որ միջոցառման մեջ գեղեցկության մրցույթի վերաբերյալ որևէ հիշատակում չի եղել, իրենք եկել են Արթուր Ասատրյանի ասուլիսին ու ազատ են ցանկացած հարց տալ:

Անդրադառնալով իր և Մանվել Գրիգորյանի հարաբերություններին՝ Ասատրյանը նշեց, որ թշնամական հարաբերություններ չունեն:

«Մանվել Գրիգորյանն, իր բոլոր սխալների հետ մեկտեղ, անցած ճանապարհ ունի: Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, որ հասներ իր երեխաներին։ Ո՞վ է ասել, որ մենք թշնամիներ ենք, ես լրագրողներից եմ դա լսել, իսկապես, մենք թշնամական հարաբերություններ չենք ունեցել։ Մարդու չարությունն ու բարությունը սահմաններ չունեն, մենք ընդդեմ Մանվել Գրիգորյանի ոչ մի թշնամություն չունենք, երևի դուք նկատած կլինեք, որ նրա ընտանիքի անդամներին, նրա թոռներին չկա մեկը, որ վիրավորած լինի, չկա մեկը, որ վատ խոսք ասած լինի, մենք երկար աշխատանք ենք տարել, որ նրա ընտանիքի անդամներին ոչ մեկ չվիրավորի, որովհետև դա հարիր չէ, որ հայրը նստած է, իսկ նրա երեխաներին կամ թոռներին կարող են վիրավորել»,- ասաց Արթուր Ասատրյանը:

Դիտարկմանը, թե ի՞նքն է հանձնարարել, որ Էջմիածնում չնեղացնեն Մանվել Գրիգորյանի հարազատներին, Ասատրյանն ասաց. «Դա մեր հորդորն է եղել, լիքը մարդիկ են եղել վրդովված, ասել ենք՝ հանկարծ չվիրավորեք, որովհետև չի կարելի»,- նշեց Ասատրյանը:

Վերջինս նշեց, որ եթե Գրիգորյանն ազատ արձակվեր, ապա ինքն անձամբ կգնար ու նրան Աստվածաշունչ կնվիրեր:

«Որ նա գնար, Աստծո գիտությունը հասկանար, իմանար, որ գալու է ժամը ու պատասխան ես տալու։ Ինձ թվում է` նա արդեն պատասխան է տվել, դա բավարար է, ես կուզեի, որ ինքն իր անցած ճանապարհի համար գոնե էսքանով ներվեր, հասներ իր թոռներին, դա մեր սրտանց ցանկությունն է»,– ասաց Ասատրյանը: Ներկաներից մեկն առաջարկեց այդ հարցերը «թողնել Աստծուն»:

Նշենք, որ Արթուր Ասատրյանն ու Մանվել Գրիգորյանը ձերբակալվել են նույն օրը՝ նրանց պատկանող տարածքներում խուզարկություն կատարելուց հետո, երբ Ասատրյանի առանձնատանը մեծ քանակով զենք-զինամթերք էր հայտնաբերվել, իսկ Գրիգորյանի տանը՝ զենք-զինամթերք ու այլ իրեր:

Անդրադառնալով իր մեղադրանքին՝ Ասատրյանը նշեց, որ առնչություն չունի Էջմիածնում գտնվող իր առանձնատնից հայտնաբերված զենք-զինամթերքի հետ։ Դրա ապօրինի լինելու մասին հարցին կոնկրետ պատասխան չտվեց, ասաց` քրեական գործով զբաղվում են ԱԱԾ–ն ու քննչական մարմինները։

«Ես ընդհանրապես կապ չունեմ, ես ստեղ տուրիստ եմ եկել. 10 օրով եկել եմ երկիր, դա հորս տունն է, որտեղ երեք եղբայր ենք ապրում, ու ապրում է 50 հատ ախռանա, որը պահում է մեզ, իրենք կպարզեն` դա ում զենքն է եղել, խնդրում եմ դա մի վերագրեք մեզ»,– ասաց Ասատրյանը:

Վերջինս հարցերից մեկին պատասխանելու փոխարեն որոշեց լրագրողներին նվեր մատուցել. դա թուղթ էր, որի վրա, կարծես թե, հայ արքաների անուններն էին: Թե ինչու էր Դոն Պիպոն որոշել արքաների վերաբերյալ ինֆորմացիան տրամադրել միջոցառման մասնակիցներին, պարզ չէ. լրագրողներից շատերը չընդունեցին նրա նվերը:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով: Նա գտնվում էր կալանքի տակ, բայց 2018 թվականի սեպտեմբերի 20-ին ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter