
Արտակ Նազարյանի գործով հերթական անգամ նիստը հետաձգվեց
2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհվեց պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանը: ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննությամբ գործը դատարան է ուղարկվել «ինքնասպանության դրդում» որակմամբ: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ` նրա գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան` «Լույս»հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը:
Դատը սկսվել է 2011թ. սեպտեմբերին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում` Սամվել Մարդանյանի նախագահությամբ: Դատական նիստերը սկզբից կայանում էին Բերդում, հետո տեղափոխվեցին Երեւան` Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, ապա` Իջեւան: Այդ հետաձգումները պարբերական են: Կարելի է կռահել տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցիչներ` փաստաբան Մուշեղ Շուշանյանի, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի եւ ամբաստանյալների պաշտպանների մարտավարությունը` պարբերաբար չներկայանալ Իջեւանում կայացող նիստերին եւ ի վերջո հասնել իրենց տակտիկական նպատակին` նիստերը վերստին Երեւան տեղափոխել: Նրանց կարծիքով` մայրաքաղաքում կայացող նիստերին ավելի մեծ թվով լրագրողներ են մասնակցում, ինչը կնպաստի դատաքննության օբյեկտիվությանը:
Իջեւանում սկսվող նիստերին ամբաստանյալները դատարանին միջնորդում են առանց իրենց պաշտպանների նիստեր չանցկացնել եւ հետաձգել դատը: Դատավոր, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն էլ համոզված է, որ Իջեւան քաղաքի նորակառույց դատարանում կան բոլոր պայմանները դատավարությունը բնականոն անցկացնելու համար: Նրա խոսքերով` հասարակական կարծիքը չի կարող ազդեցություն ունենալ դատավորի որոշումների վրա, ով առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով: Դատավորն ասում է, որ միայն դատաքննության ընթացքում պետք է պարզվեն անմեղներն ու մեղավորները, որ նիստերի անհարկի ձգձգումներից տուժում են տեւական ժամանակ անազատության մեջ գտնվող ամբաստանյալները:
Իջեւանում հերթական նիստը կայացել է փետրվարի 7-ին: Անկողնային հիվանդ լինելու պատճառաբանությամբ նիստին չի ներկայացել գործով առանցքային վկա Արման Նավասարդյանը: Դատարանը որոշել է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Դատական նախորդ նիստերին Ա. Նավասարդյանը ցուցմունքներ էր տվել եւ պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին: Դատավորի այս որոշումից հետո ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը հայտարարել է, որ ցանկանում է դատավոր Սամվել Մարդանյանին բացարկ հայտնել եւ դրա դրա համար ողջամիտ ժամկետ է խնդրել:
Դատավոր Մարդանյանը դատը մի ժամով հետաձգել է: Սակայն այն լրանալուց հետո` ժամը 15.30-ին, պաշտպանը հայտնել է, որ բացարկը նախապատրաստելու համար ժամանակը չի բավարարել, դատարանը դրա համար եւս մի ժամով հետաձգել է նիստը: Այդ ընթացքում Հ. Գեւորգյանը դատարանին դիմում է ներկայացրել, որով դատարանին խնդրել է իրեն տրամադրել նախորդ նիստերին իր կողմից դատավորին հայտնած բացարկների վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները, դատական նիստերի ձայնագրությունները` կրիչներով, համակարգիչ եւ առանձին սենյակ: Դատարանը պաշտպանին տրամադրել է դրանք, Հ. Գեւորգյանի պաշտպանյալ Հակոբ Մանուկյանն էլ դատարանում հայտարարել է, որ դատարան դատական նիստերի ձայնագրությունները` կրիչներով ինքը դատարանից ստացել է եւ տվել իր պաշտպանին:
Ժամը 17.30-ի սահմաններում Հրանտ Գեւորգյանը լքել է դատարանի դահլիճը` չներկայացնելով ինքնաբացարկի միջնորդություն: Դատարանը նրա նկատմամբ կիրառել է դատական սանկցիա, որոշել է դիմել փաստաբանական պալատ` Հրանտ Գեւորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հաջորդ նիստը նշանակված էր փետրվարի 8-ին` ժամը 11-ին: Այն սկսվեց 15 րոպե ուշացումով, քանզի Երեւանից ուշացումով ժամանեց ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը: Նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդը, նրա ներկայացուցիչները, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, պաշտպան Ազատ Շահբազյանը:
Հրանտ Գեւորգյանը դատարանին դիմումով հայտնել էր, որ նիստին չի ներկայանալու դատարանից իր բնակավայրի մեծ հեռավորության եւ ճանապարհների վտանգավոր լինելու պատճառով: Փետրվարի 8-ի դատական նիստին ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի իր պաշտպանը մասնակցի դատին: Դատարանը որոշեց հետաձգել նիստը եւ հաջորդ նիստը նշանակեց փետրվար 14-ին` ժամը 14-ին:
Մեկնաբանել