HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աննա Վարդապետյան. «Անցումային արդարադատության գործիքակազմն առավելապես իրավական է»

Խորհրդարանում շարունակվում են «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով լսումները։

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն իր ելույթում հայտարարեց, որ կանդրադառնա մի քանի հարցադրումների. առաջինը սկսեց այն հարցից, թե ինչ է անցումային արդարադատությունը։

«Տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ են հչում, թե ինչ է անցումային արդարադատությունը, առանձին տեսակետներ են հնչում այս մասին, բայց միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունը գործիքների ու կառուցակարգերի ամբողջություն է, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից դեպի մյուսը։ Գործիքակազմն առավելապես իրավական է, որը նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են զանգվածային խախտումների»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ զանգվածային խախտումներ կարող են լինել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներում, ինչն էլ կարող է հանգեցնել ժողովրդավարական արժեքների արժեզրկման։

«Պետությունն ազատ է գործիքակազմերի ընտրության հարցում, յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ այս առումով։ Եւ այս առումով պետք է նկատի ունենալ, որ այս ենթատեքստում Հայաստանը երկու լրջագույն միջազգային հարթակ ունի, որոնց պետք է հետևենք՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի չափանիշները։ Որոշ իրավաբաններ փորձում են սեպ խրել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ անցումային արդարադատության փաստաթղթերի միջև, բայց այս մոտեցումը ամբողջական չէ։ Եթե հիշենք, թե ինչպես է ձևավորվել Եվրոպայի խորհուրդն ու Ստրասբուրգի դատարանը, կպատասխանենք, որ ձևավորվել է անցումային արդարադատության ճանապարհով, երբ ժողովրդավարական արժեքները վնասված էին»,- ասաց Վարդապետյանը։

«Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք, գործիքները միտված են մի բանի՝ հասարակությանը բերել հաշտության, եթե հասարակության մեջ կա, աստված մի արասցե, առճակատում»,- ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ գործիքակազմը հստակ սահմանված է՝ քրեական մեղադրանքներն են, երկրորդ հերթին` վեթինգը։

«Այս տերմինը շատերը թարգմանում են բառացի, որպես զտում, բայց դա իմաստային շփոթ է առաջացնում: Վեթինգը գնահատման գործընթաց է, որն ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի և թափանցիկ»,- ասաց արդարադատության փոխնախարարը։

Վարդապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է արդար դատաքննության իրավունքը՝ անկախ նրանից, թե ինչ գործընթաց է իրականացնում վեթինգը։ Փոխնախարարը շեշտեց՝ գործընթացը պետք է իրականացվի պատշաճ թե՛ այն հանրային պաշտոնյայի նկատմամբ, որը ենթարկվում է վեթինգի, թե՛ հասարակության նկատմամբ, որը սպասում է արդյունքների։

«Այդ գործընթացը նվաստացուցիչ չի կարող համարվել, այն ընդամենը գնահատում է»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter