HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն․ մաս 1

«Հետքը» ձեռք է բերել 57 մասնավոր ընկերությունների և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրերը՝ Օղակաձև զբոսայգում սեփականաշնորհման, կառուցապատման և վարձակալության վերաբերյալ։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից հստակ երևում է, թե որ թվականին որ պաշտոնյաներն են, օգտվելով իրենց լծակներից, «տիրացել» այգու տարածքին՝ երկարաժամկետ պայմանագրերի միջոցով։

Մեր ուսումնասիրության արդյունքը կներկայացնենք մաս-մաս՝ ըստ այգու գոտիականության։ Այս անգամ կանդրադառնանք զբոսայգու 1-ին հատվածը սեփականաշնորհողներին և կառուցապատողներին։

oghakadzev_part1.png (2.59 MB)

Օղակաձև զբոսայգու առաջին հատվածի հողատարածքները տրամադրվել են երեք ընկերությունների՝ «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին, «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին, «Կամեյա» ՍՊԸ-ին և Նժդեհ Գեղագուլյանին:

«Նուշիկյան ասոցիացիան» պետք է կանաչապատեր, բայց բետոնապատել է այգու՝ իր վարձակալած տարածքը

Օղակաձև զբոսայգու առաջին գոտու ամենամեծ տարածքը հատկացվել է «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին՝ որպես սրճարան, տաղավար, բարեկարգման և կանաչապատման տարածք։ Ընկերության 100 տոկոս բաժնետերը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանն է։

Նուշիկյանը ամսական 500 դրամ է վճարում Երևանի կենտրոնում գտնվող սրճարանային տարածքի 1 քմ-ի դիմաց։ Նույն հատվածում տաղավարային տարածքի 1 քմ-ի դիմաց վճարում է ամսական 250 դրամ։ Վարձակալած տարածքի ամենամեծ կտորը ձևակերպված է որպես «բարեկարգման և կանաչապատման հատված», որի 1 քմ-ի դիմաց Գարեգին Նուշիկյանի ընկերությունն ամսական վճարում է 150 դրամ։ Վարձակալության վերոնշյալ գները սահմանվել են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք՝ ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ։

Ըստ «Նուշիկյան ասոցիացիա»-ի և քաղաքապետարանի միջև կնքված (12 ապրիլ, 2017) հողամասի վարձակալության մասին պայմանագրի` ընկերությանը վարձակալությամբ է տրվել ընդհանուր առմամբ 3720,12 քմ տարածք, որից 503,7 քմ-ը՝ սրճարանի, 90,5 քմ-ը՝ տաղավարի, իսկ 3125,92 քմ-ը՝ բարեկարգման և կանաչապատման նպատակով։ Սրճարանային տարածքի համար ընկերությունը տարեկան վճարում է 3 022 200 դրամ, տաղավարի համար՝ 271 500 դրամ, իսկ բարեկարգման և կանաչապատման տարածքի համար՝ 5 626 656 դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 3720,12 քմ-ի համար «Նուշիկյան ասոցիացիան» տարեկան վճարում է 8 920 356 դրամ։ Նշյալ հողամասերի օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան։

Տարածքը Նուշիկյանին վարձակալության իրավունքով տրվել է մինչև 2042թ.-ի դեկտեմբերի 30-ը։

2015 թ-ին արբանյակից և 2019թ-ին դրոնից արված լուսանկարներում երևում է, որ «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի՝ զբոսայգում հայտնվելուց առաջ տարածքը եղել է կանաչապատ և ծառաշատ։ Նուշիկյանը բետոնապատման և ավազապատման ապօրինի աշխատանքները սկսել էր 2016թ-ի գարնանը, այսինքն՝ վարձակալության պայմանագրի կնքումից մեկ տարի առաջ։

Գարեգին Նուշիկյանը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչու են կանաչ տարածքները բետոնապատվում, նշել է, որ այդ տարածքում երբևէ կանաչ գոտի չի եղել:

«Պոպլավոկ» Սամվել Ալեքսանյանի և Գարեգին Նուշիկյանի մոր համատեղ բիզնեսը

Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող ամենահին և ամենահայտնի սրճարաններից է «Պոպլավոկը», որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին։ Ընկերության 35 տոկոս բաժնետերը Գարեգին Նուշիկյանի մայրն է՝ Ժենյա Ղասաբյանը։ 2009թ․-ից ընկերության 65 տոկոս բաժնետերն է դարձել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը։

«Պոպլավոկի» շենքը 1996թ-ին սեփականաշնորհել է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ն՝ հիմք ընդունելով կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի հաշվառման ապապետականացման վարչության (այժմ՝ Պետական գույքի կառավարման վարչություն, հեղ.) սեփականաշնորհման N2986 պայմանագիրը՝ կնքված 06 մայիսի 1996թ-ին։ Հիշեցնենք, որ անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականներին, շուկայական տնտեսություն ստեղծելու պատրվակով Հայաստանում ընդունվեց «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքը (1992թ.-ին), որով մասնավոր անձինք կարողացան լայն թափով սեփականաշնորհել պետական գույքը։

«Կարմիր առագաստներ»-ի սեփականաշնորհած տարածքը 170.26 քմ է: Ընկերությունը 1996թ-ին հիմնադրել են Սարգիս Ֆրունզլյանը և Ասյա Հովհաննիսյանը (մահացել է): 1997թ-ից ընկերության բաժնետեր է դարձել Նուշիկյանների մայրը։ Նա ընկերության ամենահին բաժնետերն է։ 2009թ-ից այս ընկերության խոշոր բաժնետերն է Սամվել Ալեքսանյանը։

«Պոպլավոկին» կից հողամասից 81.61 քմ տարածք վարձակալությամբ տրվել է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին։ Վարձավճարը հաշվարկել են տարեկան կադաստրային արժեքի 3 տոկոսի չափով, այսինքն՝ 1 քմ-ի դիմաց ամսական 150 դրամ։ Ըստ քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրի՝ տարածքն ընկերությանն է տրվել մինչև 2096 թ-ի հունվարի 30-ը։

Բացի այդ՝ «Կարմիր առագաստներ»-ին վարձակալության պայմանագրով հանձնվել է նաև 499.3 քմ մակերեսով հատված, որը համատեղ օգտագործում է սրճարանին կից մեկ այլ տարածքի սեփականատեր Նժդեհ Գեղագուլյանը։ Այդ հատվածը նույնպես տրամադրվել է մինչև 2096թ-ի հունվարի 30-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկվել է կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով։

Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետը սեփականաշնորհել է «Պոպլավոկին» կից տարածքը

«Պոպլավոկ» սրճարանին կից տարածքը, որտեղ այժմ նույնպես սրճարան է, պատկանում է Նժդեհ Գեղագուլյանին, որը Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետի՝ Մեսրոպ Գեղագուլյանի որդին է։ Տարածքը սեփականաշնորհվել է 1996թ-ին՝ հիմք ընդունելով Պետական ունեցվածքի հաշվառման ապապետականացման վարչության սեփականաշնորհման N2500 պայմանագիրը։ Շենքի մակերեսը 382.41 քմ է, որը 1998թ-ին օտարվել է Գևորգ Զաքարյանին, որից հետո սեփականության իրավունքով գրանցվել է Նժդեհ Գեղագուլյանի անվամբ՝ որպես նվիրատվություն։

Բացի այդ՝ քաղաքապետարանը Նժդեհ Գեղագուլյանին մինչև 2096 թվականի հունվարի 30-ը վարձակալության իրավունքով տրամադրել է 359.33 քմ մակերեսով հողամաս, որից 169.3 քմ-ը (սրճարան) կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 190.03 քմ-ը (բարեկարգման և կանաչապատման հատված)` կադաստրային արժեքի 3 տոկոսի չափով:

Նշված տարածքում գործունեություն է ծավալում «Թռչող առագաստ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնետերը Նժդեհ Գեղագուլյանի քույրն է՝ Նելլի Գեղագուլյանը։

Նժդեհ Գեղագուլյանը պատշաճ չի վճարել վարձակալության դիմաց

2012թ-ին Երևան համայնքը Նժդեհ Գեղագուլյանի դեմ դատական հայց է ներկայացրել վարձավճարը պատշաճ չվճարելու համար։ Համայնքապետարանը պահանջել է 11 312 950 դրամ՝ որպես գոյացած պարտք և տուգանք։ Հայցը, սակայն, բավարարվել է մասնակի և Գեղագուլյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել է 154 143 դրամ՝ որպես վարձավճար և 100 000 դրամ՝ որպես տուգանքի գումար։

Սեփականաշնորհում և շինարարություն «Կամեյա» ՍՊԸ

Օղակաձեւ զբոսայգու այս հատվածում՝ Իսահակյան 27 հասցեում գործող մեկ այլ հայտնի սրճարան է «Տրիումֆը», որի տարածքը սեփականաշնորհվել է 1995թ-ին՝ «Կամեյա» ՍՊԸ-ի կողմից։ 1999թ.-ին ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն, որից հետո կանաչապատ տարածքը տարիների ընթացքում կամաց-կամաց վերածվել է շինության։

1995թ-ից սկսած՝ «Կամեյա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն Արսեն Հովակիմյանն է, իսկ տնօրենը՝ Գագիկ Թեմուրազյանը։

2017թ-ին քաղաքապետարանը տեղազննում և տարածքի վերաճշգրտում է արել նշված հատվածում և պարզել, որ «Կամեյա» ՍՊԸ-ի զբաղեցրած փաստացի տարածքը 696.6 քմ է՝ հատկացված 228.2 քմ-ի փոխարեն։ Զբաղեցրած տարածքի 280 քմ մակերեսով հատվածը եղել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ից վերցնել նշված հատվածը և վարձակալության իրավունքով տրամադրել «Կամեյա» ՍՊԸ-ին։ Ի վերջո՝ 2017թ-ի փետրվարին քաղաքապետարանի և «Կամեյա»-ի միջև կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով 696.6 քմ տարածքը տրամադրվել է ընկերությանը։ Ըստ այդ պայմանագրի՝ 690.82 քմ-ը հանձնվել է որպես սրճարանային տարածք (1 քմ-ը՝ ամսական 500 դրամ), իսկ 5.78 քմ-ը՝ որպես բարեկարգման և կանաչապատման տարածք (1 քմ-ը՝ ամսական 150 դրամ)։ Վարձակալության իրավունքի ժամկետ է սահմանվել մինչև 2028թ-ի դեկտեմբերի 31-ը։

«Կամեյա» ՍՊԸ-ն, սակայն, պատշաճ չի վճարել վարձակալած տարածքի համար, և «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ն ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել։ Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ «Կամեյա»-ից հօգուտ «Կենտրոն-կանաչապատման» բռնագանձելով 1 607 658 դրամ։ Ընկերության և բաժնետեր Արսեն Հովակիմյանի նկատմամբ սահմանափակումներ և արգելանք կա՝ չկատարած պարտավորությունների համար։  

Պատմական ակնարկ

Օղակաձև զբոսայգին ներառված է եղել Ալեքսանդր Թամանյանի՝ Երևանի հիմնադրման 1924թ. հատակագծում, ըստ որի` զբոսայգին կառուցվելու էր Գետառի հունով՝ առանձնացնելով  քաղաքի մշակութային կենտրոնը տնտեսական գոտուց։ Այն պետք է բաժաներ քաղաքը փոքր և մեծ կենտրոնների:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ կրտսեր Մարկ Գրիգորյանը, պատմում է, որ Օղակաձև զբոսայգու գաղափարը Թամանյանը վերցրել է անգլիացի փիլիսոփա, տնտեսագետ Էբենզեր Հովարդի «քաղաք-այգի» տեսությունից։ Ըստ Գրիգորյանի՝ քաղաքի կենտրոնական մասում պետք է ձգվեր Օղակաձև այգին՝ շուրջն ունենալով 3 օղակաձև ճանապարհներ, որոնք կկոչվեին Շրջանային 1, Շրջանային 2 և Շրջանային 3 փողոցներ:

«Թամանյանի նախագծով ՝ Օղակաձև այգին սկսում էր Կոնդից։ Կոնդը պետք է դառնար թանգարանային գոտի: Հարավ-արևմտյան մասում Օղակաձև այգին ընդհատվում էր, իսկ ներկայիս Անգլիական այգին պետք է լրացներ կանաչապատ տարածքի բաց հատվածը»,- պատմում է Մ. Գրիգորյանը:

Ըստ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Անի Հայկազունու՝ տարածքում 1960-ականներին կառուցվեց Օղակաձեւ այգում գտնվող առաջին սրճարանը՝ «Առագաստը», որը եղել է քաղաքի մշակութային կյանքը աշխուժացնելու համար։

 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, Անի Սարգսյանի
Արխիվային լուսանկարները՝ Արմենպրեսի և Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի

Մեկնաբանություններ (4)

Վիգէն
Ի յաւելումն պրն Wallace-ի առաջարկին, տպագիր տարբերակին հետ ուղարկել նաեւ զայն բարձրաձայն մի ընթերցող։ Քաղաքապետարանում դժուար թէ գրաճանաչ մարդ գտնուի։
Iavan
nu da https://hetq.am/ru/article/104002
W. Wallace
Հոդվածի տպագիր տարբերակը ուղարկել քաղաքապետին!!!
Կարապետ Հակոբյան
Հանցանքը թույլտվություն տալն է: Եվ պետք է առաջին հերթին պատասխանատվություն կրի այդ թույլտվությունները տված գլխավոր ճարտարապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter