HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կեղծված կարագ` բուսական յուղով. լաբորատոր փորձաքննության արդյունքները

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել «Լոռվա Կաթ» ընկերության սերուցքային կարագը (նախկինում ՝ «Կալինինո կաթ»), որը ձեռք էինք բերել Էջմիածնի խանութներից մեկից։ Կարագի կես կիլոգրամը վաճառվում է 1330 դրամով:

Մակնշման մեջ ապրանքը ներկայացված է որպես 82 % բնական սերուցքային կարագ, բաղադրությունը՝ կովի պաստերիզացված կաթ:

Պիտանելիության ժամկետը 18 ամիս է՝ 1,5 տարի, սակայն կարագի արտադրման ամսաթիվ նշված է մայիսի 26-ը, այն դեպքում, երբ կարագը գնվել է մայիսի 12-ին։ Սա, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, արդեն իսկ խախտում է:

Կարագը Մաքսային միության 033/2013 ՝ «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի կարգավորման առարկա է: Ըստ ՄՄ ՏԿ 033/2013-ի՝ սերուցքային կարագի մեջ արգելվում է բուսական յուղի օգտագործումը:

Մայիսի 13-ին մենք, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ներկայությամբ լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել այս կարագը՝ պարզելու՝ արդյոք այն իսկապես կարագ է, թե պարունակում է բուսական յուղ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, սակայն, որ «Լոռվա Կաթ» ընկերության արտադրած ապրանքը կարագ չէ. այն պարունակում է բուսական յուղ և համարվում է՝ կեղծված:

Ընկերության մենեջեր ներկայացած Արմենը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենցը «100 տոկոս բնական կարագ է, մեջը ոչ մի բան չկա»՝ բացառելով, որ իրենց կարագը կարող է կեղծված լինել։ Այնուհետև ասաց, որ ինքը կարող է գալ և տանել ցանկացած լաբորատորիա՝ ստուգելու։ Երբ հայտնեցինք, որ լաբորատորիա ենք տարել ՍԱՏՄ տեսուչի ներկայությամբ, ընկերության մենեջերը նորից պատասխանեց՝ ոչ մի բան չկա:

«Թողեք աշխատենք։ Մենք էդ ամեն ինչից, էդ լրագրողական ձևերից տեղյակ ենք, ընենց չի, որ տեղյակ չենք, մի քիչ թողեք աշխատենք։ Սաղ Հայաստան մնաց մի 2-3 հատ ցեխ... Էդ կարագը լրիվ նատուրալ կարագ ա»,- վրդովվեց մենեջերը՝ առաջարկելով գրել ուրիշ թեմաների մասին։

Ապագայի մակնշման մասով մենեջերը պարզաբանում չտվեց։

Ապա զանգահարեց «Լոռվա Կաթ» ընկերության տնօրեն Անուշ Սուքիասյանը, ճշտեց, թե որտեղից ենք գնել, որ առաքողն է բերել։ Այն հարցին, արդյոք դրանից ինչ-որ բան է կախված, և կարագը կարող է տարբեր լինել, տնօրենն ասաց՝ հնարավոր է․ «Հնարավոր է, որ պիտակը մերն է, բայց մեջի պարունակությունը մերը չի։ Ինչո՞վ կապացուցեք»։

Երբ նշեցինք, որ գնել ենք Էջմիածնից, հայտնեց, որ դա հաստատ իրենց ապրանքը չէ, քանի որ իրենք Էջմիածնում առաքում չունեն, և խոստացավ պարզել խնդիրը։

«Եթե լիներ մեր մարզում՝ Լոռվա մարզում, հլը ինչ-որ տեղ կարող է ասեի, որ խանութներից մեկում կա, բայց եթե մենք չունենք նման տեղեր առաքում, ինչպե՞ս կարա իմ ապրանքանիշը գա, հասնի Արմավիր»,- ասաց տնօրենը։

Նշենք, որ վերջերս ՍԱՏՄ-ն լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել «Լոռվա Կաթ» ընկերության թթվասերը, որում ևս հայտնաբերվել էր բուսական յուղ, և որը ևս, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, համարվում է կեղծված սննդամթերք։

Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ ամիս առաջ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել «Իգիթ» ընկերության տուփով կարագը, որը ևս բուսական յուղ էր պարունակում:

Մեկնաբանություններ (1)

Ավետիք
Խորհուրդ կտամ ձեռք բերել մալականի կաթ, պանիր, թթվասեր և այլ կաթնամթերք և այդ ժամանակ կհամոզվեք, թե որն է բնական և անարատ կաթնամթերքը։ Հայկական գործարանային արտադրության որևէ կաթնամթերք,որը անարատ է ըստ արտադրողի էժան լինել չի կարող։ Խանութի խտացրած կաթերի տեսականին վերցրեք ու նայեք բաղադրությունները և գինը։ Որակով ապրանքը էժան լինել չի կարող և հաստատ չի համապատասխանելու ընդունված ստանդարտներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter