HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ վարչապետին` մշակույթի նախարարության «տիկնիկային» գործարքի մասին

Մեծարգո Պարոն Փաշինյան,

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի ոչ երկար պաշտոնավարումը այնքան էլ մեծ ջերմությամբ չեն հիշում նախարարությունում: Նրա` ի թիվս մի քանի այդպես էլ կյանքի չկոչված ծրագրերի, նախարարությունում դեռ հիշում են հայտնի «տիկնիկների պատկերասրահի» ծրագիր-գործարքի մասին:

Արվեստաբան, տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյանը տիկնիկների հետաքրքիր հավաքածու է ունեցել և երկար տարիներ փորձել է թանգարան ստեղծել, սակայն, մշակույթի ոլորտի պատասխանատուները անհաղորդ են մնացել առաջարկին:

Պարոն Ամիրյանի կողմից պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց Մարինա Խաչմանուկյանի նախաձեռնությունն արժանացել է հավանության` ավելին, իրականացման համար էլ գտնվել են ամերիկացի բարերարներ:

Կարճ ժամանակ անց գաղափարին «միանում են» Ամիրյանին մտերիմ, Սարգսյան քույրերը:

Ինչևէ, պատկերասրահ բացելու գաղափարը վերածվում է բիզնես պլանի ու Խաչմանուկյանի փոխարեն  Ստելլա Սարգսյանը հիմնելով «Տիկնիկների պատկերասրահ» մշակութային ՀԿ հայտ է ներկայացնում մշակույթի նախարարություն՝ ՀԿ-ին տիկնիկների հավաքածուների պահպանության ու պաշտպանության պայմաններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Ս. Սարգսյանի մյուս քույրերը՝ Անահիտ և Սյուզաննա Սարգսյանները ևս լծվում են պատկերասրահը բացելու ձեռնարկին:

Մի փոքրիկ ակնարկ. Սարգսյան քույրերը Արմեն Ամիրյանի նախարար եղած ժամանակահատվածում աշխատել են նախարարությունում որպես փորձագետներ, սակայն, որևէ մեկը նախարարությունում չի էլ հիշում փորձագիտական թեկուզ մեկ եզրակացություն, որ կազմված լինի նրանց կողմից: Հետագայում Սյուզաննա Արշավիրի Սարգսյանը տեղափոխվել է «Հուշարձանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ (տնօրենի տեղակալ):

Ինչևէ, Սարգսյան քույրերը «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ գործունեության ու ցուցադրության ծրագիր են կազմում՝ ներկայացնում նախարարություն: Հավանաբար հուշարձանների ոլորտից ներշնչված էլ «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ գործունեության ծրագրում նշվել՝ մեջբերում ենք բառացի «Տիկնիկների պատկերասրահը» կոչված է բացահայտել տիկնիկը նորովի, որպես բազմաբնույթ՝ հասարակական, պատմամշակութային և գեղարվեստական երևույթ»:  Փաստորեն տիկնիկները  երևույթ են՝ այն էլ՝ «պատմամշակութային»: Մտքի մեկ այլ ոչ պակաս գոհար՝ «տիկնիկների կերպարների և գործառույթների մեջ խտացվել ու մարմնավորվել է հայ ժողովրդի մտածողութունը և աշխարհընկալումը»:

Վերադառնանք բուն թեմային:  2017 թ. պատկերասրահը բացվում է Աբովյան 1/1 շ. 21 տարածք՝ ամսեկան վարձակալության համար վճարելով 1.164.000 դրամ գումար: Գտնվում են մարդիկ, ովքեր իրենց տարիների հավաքածուն տրամադրում են պատկերասրահին: ԱՄՆ-ից՝ Ալիս Նավասարգյանի 100 տիկնիկներն են հայտնվում պատկերասրահում (տրամադրած 192-ից), անգլիացի հայտնի տիկնիկագործ Փեգգի Նիսբեթի տիկնիկները, ևս 160 տիկնիկ պատկերասրահին ժամանակավոր է հանձնվել այլ անձանց կողմից: Ավելին՝ միացյալ նահանգներից մի բարերար առաջին նվիրատվությունն է անում՝ 50.000 ԱՄՆ դոլար: Հասարակական կազմակերպությունը ֆինանսավորման համար հայտ է ներկայացնում Մշակույթի նախարարություն և ստանում շուրջ  ոչ պակաս տպավորիչ գումար՝ շուրջ 18 մլն դրամի հասնող աջակցություն:

Ուշագրավն այն է, որ ինքնին հետաքրքիր գաղափարը վերածվում է բիզնես պլանի ու ոչ ճիշտ «բիզնես» քաղաքականության պարագայում տապալվում:

Չբացահայտած պայմաններում և պատճառով այն տեղափոխվում է «Երևան Մոլ»-ի տարածք: Ներկայումս բազմաթիվ ամպագոռգոռ ծրագրեր իրականացնելու հայտ ներկայացրած պատկերասրահը չի գործում: Տիկնիկների այս էպոպեայից մնացել է թերևս մեկ հուշ՝ ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/dollsgalleryyerevan/:

Փաստորեն, թույլատրելի է պետությունից ստանալ բավականին խոշոր գումար ու բառիս ամենաիսկական իմաստով այն փոշիացնել: Եվ դա այն դեպքում, երբ բազմաթիվ այլ ծրագրեր կյանքի չեն կոչվում հենց փողի բացակայության պաճառով:

Արդյոք կվերաբացվի այս պատկերասրահը՝ պարզ չէ: Մի բան հետաքրքիր է սակայն որտեղ և ինչ պայմաններում են պահվում այդ արժեքավոր հավաքածուները: Արդյոք վերադարձվել են կոլեկցիոներներին:

Այնուամենայնիվ պետական միջոցների ցանկացած քանակի և ցանկացած ժամանակում չբացահայտված պայմաններում օգտագործումը հասարակության մոտ առաջացնում է անհանգստություն:

Մեծարգո Պարոն Վարչապետ,

Իհարկե, ներկայացված փաստերը գուցե հերքման կամ հաստատման կարիք ունեն և դրանց հիմնավորումը հնարավոր կլինի միայն իրավապահ մարմինների կողմից համապարփակ գնահատական տալուց հետո միայն:

Եվ ուրեմն, վերը նշված փաստերը իրավապահ մարմինների համար քննարկման առարկա դարձնելուց առաջ, լիակատար ճշմարտությունը պարզելու համար հայցում եմ Ձեր հանձնարարականը պատկան մարմիններին ստորև ներկայացվող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալու ակնկալիքով:

Առաջնորդվելով Ձեր սկզբունքներով, որ հանրությունը պետք է տեղյակ լինի հանրային խնդիրներից, ընդունելի եմ համարում, եթե հարցադրումների պատասխանները նույնպես լինեն հրապարակային:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6–րդ և 12-րդ  հոդվածների պահանջների հիմքերով խնդրում ենք տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը`

  1. Տիկնիկների հավաքածուների պահպանության նպատակով, հիմնական ցուցադրության գեղարվեստական ձևավորման և տարածքի վարձակալության /մեկ տարվա/ համար որքան գումար տրամադրելու հայտ է ներկայացրել ՀԿ-ն 2017 թ.:  
  2. Ինչ իրավական ակտով և որքան գումար է ՀՀ մշակույթի նախարարությունը 2017 թ.-ից հատկացրել «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ին և ինչ նպատակի համար:
  3. Ինչ հաճախականությամբ և ինչ ձևաչափով են հատկացվել ֆինանսական միջոցները:
  4. 2017 – 2018 թթ. ՀՀ մշակույթի նախարարությունը քանի ՀԿ-ի է ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ մասնավոր ծրագիր իրագործելու համար: 
  5. Եթե որպես դրամաշնորհ է տրամադրվել գումարը, ապա պատվիրատուն 2017-2019 թթ. ժամանակահատվածում քանի անգամ է ստուգել Կատարողի կողմից պայմանագրի կատարման ընթացքը:
  6. 2018- 2019 թթ. արդյոք գումար հատկացվել է ՀԿ-ին, որքան ու ինչ նպատակների համար:
  7. Արդյոք 2017-2019 թթ. ընթացքում ֆինանսական հաշվետվություն ներկայացվել է Մշակույթի նախարարությանը՝ կատարած աշխատաքների մասին, եթե ինչոր իրավական ակտով դա պահանջվում է:
  8. Խնդրում ենք տրամադրել «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ի գործունեության ծրագիրը, ցուցադրության հայեցակարգը:
  9. Ինչ հիմունքներով են կոլեկցիոներները տվել տիկնիկները պատկերասրահին: Խնդրում ենք տրամադրել նվիրատուների ամբողջական ցանկը: Որտեղ են գտնվում տիկնիկները հիմա:
  10. Արդյոք թանգարանը բացելուց առաջ ՀԿ նախագահը նախարարությանը տեղեկացրել է իր ֆինանսավորման աղբյուրների  մասին:
  11. Ով է ֆինանսական առաջին նվիրատվությունը՝ 50.000 ԱՄՆ դոլար կատարող անձը:
  12. Տրամադրել տեղեկատվություն 2017 թ. ՀՀ մշակույթի նախարարությունում Անահիտ Սարգսյանի և Սյուզաննա Սարգսյանի գործունեության մասին՝ զբաղեցրած պաշտոնը, նրանց կողմից իրականացված փորձագիտական եզրակացությունները և, որ վարչության աշխատակիցներ են եղել Սարգսյան քույրերը և ինչ ազդեցություն է ունեցել մշակույթի նախարարությունում նրանց ներկայությունը ՀԿ-ի գործունեության վրա:


Հարգանքով`

Արփի Գալանտերյան

արվեստագիտության թեկնածու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter