HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Միքայել Նահապետյանը կապիտալ ձեռք բերած օլիգարխների և հանրության միջև հաշտեցման տարբերակ է առաջարկում

Խորհրդարանում շարունակվում են «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով լսումները։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցին։

«Հանրային համերշախություն հաստատելու այս քննարկման համատեքստում ուզում եմ անդրադառնալ ապօրինի կուտակված սեփականության թեմայի շուրջ եղած թշնամանքին ու դրա հաղթահարման մեր տեսլականին։ Անկախությունից ի վեր տարբեր մարդիկ սկսել են կապիտալ կուտակել, երբեմն դա արել են շատ ծանր պայմաններում՝ համատարած սովի մեջ, ապօրինություններով, զենքով, զոռով։ Նրանք մտել են գործադիր և օրենսդիր մարմիններ, ստեղծել կուսակցություններ՝ էդ կերպ երաշխավորելով իրենց ունեցվածքը։ Նրանք վերացրել են դատական համակարգը, որպեսզի իրենց որևէ մեկը չդատապարտի»,- ասաց Նահապետյանը։

Միքայել Նահապետյանն ընդգծեց՝ չափազանց էական է հաշտեցման գործընթացը. «Էս խավին է հանրությունն ասում օլիգարխիա, և նրանք են հիմա, որ հանրային թշնամանքի հիմնական օբյեկտն են հանդիսանում, բայց հաշտեցման այլընտրանք չկա։ Օլիգարխների կողմից այլընտրանքը լինելու է անընդհատ սեփականության համար վախով ապրելը, իսկ հանրության համար պետական հեղաշրջման վախով ապրելը»,- ասաց նա։

Բանախոսը ներկայացրեց հաշտեցման գործընթացի իր մոտեցումը՝ այն անվանելով 2-ական քայլ։

«Երկու քայլ ընդառաջ է գալիս հանրությունը, երկու քայլ՝ օլիգարխները։ Օլիգարխների սեփականությունը պետք է ճանաչվի, և երաշխիքներ լինեն, որ չդատապարտվեն, հանրությունն էլ պետք է փոխհատուցում ստանա, և այդ մարդիկ պետք է պաշտոններ չզբաղեցնեն։ Ահա այն բանաձևը, թե ով ում ինչ պետք է զիջի»,- նշեց նա։

Նահապետյանի խոսքով՝ կարելի է գնալ հակառակ տարբերակով, երբ այդ օլիգարխները հայտարարեն, որ բիզնեսով չեն զբաղվում։

«Բայց արդարության զգացումը հնարավոր չէ կեղծել, ցանկացած թուղթ հնարավոր է  կեղծել, արդարության զգացումը՝ ոչ»,- ասաց Միքայել Նահապետյանը։

«Կարող է մեր 300 հազար դրամ ստացող քննիչները չգտնեն 300 հազար դոլար ունեցող ֆինանսիստների թաքցրածները, բայց էդ թաքցրածի մի տոկոսը որ գտան, դրա համար մարդիկ են դատվելու։ Եկեք նստենք, քննարկենք հաշտեցման հնարավորությունները»,- եզրափակեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter