HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տիգրան Պետրոսյան. «Ինձ համար առաջնահերթությունը խնդիրներ դնելու, խնդիրներ լուծելու, մեր հանրությանը, պետությանը օգտակար լինելու գործառույթի մեջ է»

Մայիսի 16-ին լրացավ Շիրակի մարզի 10-րդ մարզպետ Տիգրան Պետրոսյանի պաշտոնավարման 100 օրը: «Հետք»-ը հարցազրույցի միջոցով փորձել է պարզել, թե ինչպես է վերաբերվում իր պաշտոնին Տիգրան Պետրոսյանը, ինչ զարգացումներ են սպասում մարզին, ինչ ծրագրեր են իրականացվելու ապագայում, ինչպիսի կադրային փոփոխություններ են սպասվում եւ այլն:

-Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից Շիրակի մարզից ներկայացված թեկնածուների ցուցակում 10-րդն էիք: Նախընտրական քարոզարշավի ժամանակ ունեիք նաեւ բավական հետաքրքիր մի կարգախոս՝  «Ուղիղ 10-ին»: Ձեր մտքով անցնու՞մ էր երբեւէ, որ դառնալու եք Շիրակի մարզի 10-րդ մարզպետը:

-Ոլորտը որտեղ ես աշխատել եմ մինչ այս, որտեղ ես կայացել եմ, շատ ավելի երիտասարդական էր եւ թիմն էլ, որ ձեւավորվեց նախընտրական շրջանում, նույնպես մեծամասամբ երիտասարդներից էր կազմված: Եվ այդ կարգախոսը, որը միակը չէր, ծնվել է քննարկումների արդյունքում: Ինքը ֆորմալ կարգախոս չէր, պարզապես երիտասարդներից մեկը քննարկումներից մեկի ժամանակ ասեց՝ «Դուզ 10-ին» մեր բարբառով, քվեաթերթիկում էլ 10-րդ էի, որոշվեց հեշթեգ սարքել ֆեյսբուքում՝ ուղղված երիտասարդ աուդիտորիային, եւ ասեմ, որ բավական լավ աշխատեց, լիքը լավ քոմենթներ հավաքեց: Բայց, բնականաբար ես չէի մտածում, որ 10 թիվը ճակատագրական է լինելու եւ ես նշանակվելու եմ մարզի 10-րդ մարզպետ:

Ընտրությունների ժամանակ, դրանից հետո էլ, եւ ես, եւ մեր թիմը, մեր բոլոր մոտեցումներով հանդերձ, մենք մեզ նախապատրաստում էինք ավելի շատ օրենսդիր գործունեության համար: Իհարկե, քաղաքականությունն այնպիսի բան է, որ երբեք եւ ոչինչ չպետք է բացառես, սակայն եթե անկեղծ պատասխան եք ակնկալում, ապա՝ ոչ, ավելի շուտ օրենսդիր աշխատանք իրականացնելու եւ մարզի հիմնախնդիրները բարձրաձայնելու ակնկալիք կար: Անգամ իմ ներքին քննարկումների ժամանակ ես գործադիրում լինելու միտքը չեմ ունեցել, բայց ինչպես ասում են՝ երբեք չի կարելի ասել երբեք: Սա գուցե այդ դեպքերից մեկն է:

-Եթե ԱԺ-ում ձեր աշխատանքը կարող էր երեւալ կամ չերեւալ, եթե օրենսդիր մարմնում ձեր ակտիվությունն անմիջապես եւ պասիվությունը գուցե երկար ժամանակ չնկատվեր, ապա մարզպետի պաշտոնում ամեն ինչ դիտարկվելու էր «խոշորացույցի» տրամաբանությունից ելնելով: Կա՞ր անհանգստություն պաշտոնը ստանձնելիս:

-Ինձ արված առաջարկի եւ համաձայնության միջեւ բավական ժամանակ անցավ, որի ընթացքում իհարկե իմ մեջ էլ եղան բազմաթիվ խմորումներ , որովհետեւ գործելաոճի փիլիսոփայությունը գործադիրի եւ օրենսդիրի միջեւ շատ տարբեր է, հատկապես եթե դիտարկում ենք մարզպետի աշխատանքը. բնականաբար հոգպես, ինչպես նաեւ գործնականորեն նախապատրաստվելու կարիք կար: Ինձ համար առաջնահերթությունը երեւալ-չերեւալու մեջ չէ: Ինձ համար առաջնահերթությունը խնդիրներ դնելու, խնդիրներ լուծելու, մեր հանրությանը, պետությանը օգտակար լինելու գործառույթի մեջ է եւ այդ փիլիսոփայության մեջ էլ մոտենում եմ հարցին: Երեք ամիս այս ոլորտում աշխատելով, կարող եմասել, որ մարզպետի աշխատանքն ավելի բարդ է, քանի որ խնդրակազմերը գրեթե ամեն օր փոխվում են: Ես համարում էի, որ նախկինում բազմաֆունկցիոնալ գործունեություն ծավալելն ինձ մոտ վատ չէր ստացվում եւ պետք է, որ այդ առումով նոր աշխատատեղում խնդիրներ չունենայի, բայց այս երեք ամիսների ընթացքում հասկացա, որ պետք է ուժերս կրկնապատկեմ, քանի որ աշխատանքի ծավալն ավելի մեծ է:

Լինել 132-ից մեկը, թե 10-ից մեկը կարծում եմ այստեղ էականը ներքին պատասխանատվության չափն է, որ գոնե իմ պարագայում փոփոխության չի ենթարկվում եւ չէր էլ ենթարկվի, եթե փոխատեղում լիներ: Իհարկե ճիշտ է ձեր հարցադրումը, որ գործունեության առումով շատ հարցերում պատասխանատուն ամենաուղիղ կերպով մարզպետն է եւ ինչ որ անում ես՝ հայտնվում է խոշորացույցի տակ: Սա չի նշանակում, թե ես հեշտացնում եմ օրենսդիրի աշխատանքը: Այնտեղ մշակում են օրենքներ, որոնք ուղղակիորեն առնչվում են ՀՀ ողջ ազգաբնակչությանը: Մարզպետի պարագայում որոշումների ընդունման առավել օպերատիվ, իսկ օրենսդրի դեպքում՝ երկարաժամկետ ազդեցության մասին է խոսքը:

-Շիրակի մարզի գրեթե բոլոր մարզպետները նշանակվելուց հետո խոսել են աղքատության հաղթահարումից, անօթեւանության վերացումից, աշխատատեղերի բացակայությունից: Դուք նախորդներից ժառանգել եք այդ բոլոր խնդիրները՝ որոշակիորեն նվազեցված(օրինակ անօթեւանությունը), բայց ոչ ամբողջովին հաղթահարված: Ըստ ձեզ, որպես մարզպետ, կարողանալու՞ եք լուծել այդ խնդիրները:

Տ.Պ.-Շիրակի մարզի համար երկու մեծ մարտահրավեր կա այս փուլում, դա աղքատության հաղթահարումն ու անօթեւանության հարցի վերջնական լուծումն է՝ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Անօթեւանության ամենամեծ ծավալ, աղքատության ամենաբարձր ցուցանիշ, մանկական աղքատություն, գործազրկության բարձր ցուցանիշը, միգրացիոն մտահոգիչ տեմպեր՝ սրանք ստեղծում են մի վիճակ, որից դուրս գալն այսօր բավականին մեծ ջանքեր եւ մոբիլիզացիա է պահանջում: Պետություն-մասանավոր սեկտոր-հայկական աշխարհ(սփյուռք-հեղ.) մոբիլիզացիայի արդյունքում մենք պետք է հասնենք առկա խնդիրների հաղթահարմանը: Մասնավոր սեկտորն այսօր կարող է մեծ դերակատարում ունենալ, եթե ճիշտ մոտեցում ցուցաբերվի:

Մենք ունենք շատ գործարարներ ծնունդով Շիրակի մարզից, որոնք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում, պետք է նրանց համար ներդրումային հրապուրիչ դաշտ ստեղծել: Բիզնեսի իրականացման հստակ խաղի կանոններ եւ մարզի ռեսուրսների հաշվին բիզնես իրականացնելու, շահույթ գեներացնելու հնարավորություն տալով, իրականությունը ներկայացնելու միջոցով փորձել դրսում առկա կապիտալը ներգրավել Շիրակ: Մնացած բոլոր խնդիրներն իմ կարծիքով մենք կլուծենք: Իհարկե, սրան զուգահեռ, պետք է աշխատել տեղում զրոյից տնտեսական ակտիվություն ցուցաբերող, հետաքրքիր ծրագրեր առաջարկող քաղաքացիներին հետ: Սա մարզում աղքատությունն ու գործազրկությունը հաղթահարելուն ուղղված հիմնական քաղաքականությունն է լինելու:

Ինչ վերաբերում է անօթեւանությանը: Վարչապետի հրահանգով ձեւավորված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքում մենք ունենք մարզի 19 համայնքներում քարտեզագրված 3517 ժամանակավոր կացարան, որից Գյումրու բաժինը՝ 2858-ն է: Ընդհանուր առմամբ խոսքը գնում է 11.300 անօթեւան քաղաքացու մասին, որոնք բնակվում են տնակներում: Բայց սա անօթեւանության ամբողջական պատկերը չէ: Մենք ունենք ընտանիքներ, որոնք տարիներ շարունակ տնակում չեն ապրել, ապրել են վարձով, ապրել են բարեկամների տանը բայց իրենք չկան էս ցուցակներում, նկատենք որ իրենք էլ պոտենցիալ անօթեւաններ են, այսինքն բնակարանով ապահովելու հարց կա նաեւ էս խմբի մարդկանց համար: Այսօր կառավարությունը մեր առաջ խնդիր է դրել ոչ միայն հստակեցնել անօթեւանների թիվը, այլեւ դասակարգել ըստ խմբերի եւ ամեն խմբի համար առաջարկել պրոբլեմի լուծման ուղիներ, ինչպես նաեւ հաշվարկել արժեքն առաջարկվող լուծումների:

Անօթեւանների խմբում կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց միջոցներով տնակի տեղը հատկացնելու պարագայում, բնակարան կառուցել կամ եղածն ավելի հարմարավետ դարձնել: 300 ընտանիք նման ցանկություն է հայտնել: Ունենք 700 շահառու, որ անօթեւանների ցուցակում են՝ անցած տարիներին տարբեր պատճառներով դուրս մնալով անօթեւանության վերացմանն ուղղված տարբեր ծրագրերից: Նրանց պետք է այլ մոտեցում ցուցաբերել: Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրն եւս խնդրի լուծման ուղիներից մեկն է:

Համահայկական հիմնադրամն այսօր բավականաին լավ նախագիծ ունի: Գյումրու նախկին ժամացույցի գործարանի 2-րդ հանրակացարանի շենքը մոտ 50 բնակարանով վերականգնելու եւ քաղաքացիներին տրամադրելու: Այնտեղ յուրահատուկ կոմպլեքս ձեւավորելու միտք կա՝ մանսարդային տարածքները ստեղծագործող արվեստագետներին հատկացնելու:

-Եկեք անդրադառնանք զարգացման ծրագրերին՝ ներդրումային եւ պետության կողմից սուբսիդավորվող: Մարզն ինչ ակնկալիքներ ունի եւ որ ոլորտներն են ներգրավված:

Տ.Պ.-Ինձ համար ուրախալի է, որ մարզում ներդրումային ծրագրերի առումով շարժ կա, հատկապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում: Մարալիկի մանվածքային գործարանն է վերագործարկվում, Գյումրիում ջինսերի արտադրություն է հիմնվել, գուլպա-նասկեղենի, տրիկոտաժի արտադրությունն է ընդլայնվում: Շիրակի մարզից կառավարությանը 49 սուբվենցիոն ծրագիր է ներկայացվել, որի շրջանակներում 1 մլրդ 90 մլն դրամի ներդրման ակնկալիք կա, եւս 1 մլրդ 210 մլն էլ դրամ էլ ծրագրերի իրականացման դեպքում պետությունը կներդնի: Ծրագրերի մեծ մասը կապված են փողոցաշինության, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորության, վերականգնվող էներգիայի, մեքենասարքավորումների ձեռք բերման հետ: Ես այս ընթացքում աշխատում եմ հնարավորինս շատ լինել համայնքներում, տեղում հասկանալ խնդիրները: Ուրախալի է, որ հենց իրենք, համայնքներն են կարեւորում սեփական կարիքները, դրա համար բյուջեներում գումար են առանձնացնում:

Գյուղատնտեսություն ոլորտում մարզը բավական մեծ պոտենցիալ ունի, սակայն ողջ հզորությունը չի օգտագործվում: Մերոնք առավել հակված են ավանդական գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց զուգահեռ պետք է մտածենք ոչ ավանդական գյուղատնտեսության զարգացման, ջերմոցային տնտեսությունների ավելացման ուղությամբ: Արթիկում ներկայում ելակ են մշակում, մարզի հյուսիսում ջերմոցներ են կառուցում, սա արդեն առաջընթաց է, Հայկավանում ազնվամորու այգիներ են հիմնվել, Ամասիայում բրդի մշակման գործարանն է գործելու: Ինտենսիվ այգիների հիմնում, տոհմային կենդանիների բուծում, խելացի գոմեր՝ հիմա կառավարությունը սուբսիդավորում է այս տիպի ծրագրերը եւ մենք ձգտելու ենք, որ շիրակցին անպայման մասնակցություն ունենա:

Տուրիզմի ոլորտն եւս կարեւորվում է մարզի զարգացման համար, քանի որ մենք բավական ներուժ ունենք, հետաքրքիր ենք ոչ միայն դրսի, այլեւ ներքին զբոսաշրջիկի համար: Դրա համար նախ պետք է ամբողջական պատկերն ունենանք այն ամենի, որը պատրաստվում ենք կիսվել աշխարհի հետ: Նախ պետք է հասկանանք, արդյոք մենք պատրաստ ենք հսկայական թվով մարդկանց ընդունելու, ունենք արդյոք համապատասխան ենթակառուցվածքներ: Ես զրուցել եմ այս ոլորտում տարիներ շարունակ գործունեություն ծավալած անձանց հետ եւ ասում են, որ օրինակ անցած տարի աննախադեպ աշխուժություն է գրանցվել տուրիստական հոսքերի հետկապված եւ աճի միտում կա: Մենք աշխատում ենք հիմա տուրիստական ուղղությունների վրա, քարտեզագրում ենք արել մարզի կտրվածքով եւ ստացել յուրօրինկա մի եռանկյունի, որի մի ծայրը Աշոցք-Ամասիան է, մյուսը՝ Արթիկի տարածաշրջանը Արագած լեռան պոտենցիալով եւ երրորդ կետը՝ Անիի տարածաշրջանը Անի պեմզա, Անի կայարան հատվածով: Եռանկյունու մեջտեղում Գյումրին է իր պատմական միջուկով: Ահա այս ուղղություններով ենք պատրաստվում դիտարկել բոլոր ծրագրերը:

-Դուք, կարելի ասել բավական ազատ տիրույթից՝ քաղհասարակությունից, հայտնվեցիք շատ ավելի պաշտոնական միջավայրում: Առաջին «անհարմարություննները», որ ունեցաք պաշտոնը ստանձնելուց հետո, իհարկե եթե դրանք եղել են:

Տ.Պ.-Առաջին անհարմարությունը կարելի է ասել կաբինետային էր(ժպտում է-հեղ.): Երկփեղկ դռների հետ էր կապված, որ վստահաբար խորհրդային տարիներից եկած ինչ որ մշակույթ է՝ պատճառաբանությամբ, թե ձայնամեկուսացման համար է արվում: Իմ կարծիքով այստեղ չպետք է կատարվեն իրադարձություններ կամ ընթանան խոսակցություններ, որոնք պետք է պաշտպանված լինեն գաղտնիության քողով: Հետո հոգեբանական պահ էլ կա, որ ներս մտնողը առաջին դուռը բացելուց հետո մինչեւ երկրորդ դուռը բացելը հայտնվում էր յուրօրինակ վակումում(ծիծաղում է-հեղ.), ինչ որ փակ տարածությունում...մի խոսքով, որոշվեց որ երկրորդ դուռը պետք է հանվի ու հիմա շատ ավելի ազատ, ավելի անկաշկանդ է դարձել այս կաբինետ մուտք գործելը:

Մյուս հանգամանքը, որ հիմա, երեք ամիս անց կարող եմ ասել հաղթահրված է, մարզպետին չհակաճառելու տարիներով ներդրված ավանդույթն էր: Ես այնպիսի մի ոլորտից եմ, որտեղ առողջ, կառուցողական քննարկումը ցանկացած հարցի ենթադրում է կարծիքների բախում, որն այս դեպքում բացակայում էր: Բայց դա էլ շտկված է, որովհետեւ ցանկացած հարցի լուծման բանալին դա մեկ անձի միանձնյա որոշումը չի կարող լինել:

Հաջորդը, որ կնշեի, պաշտոնի թելադրանքով պարտադրվող հագուստի դրեսկոդն է: Ես առավել սովոր լինելով ազատ հագուստի, հիմա ամեն օր ստիպված եմ կոստյում կրել: Հա, ու մեկ էլ, երբ կիրակի օրերին սեփական մեքենաս եմ վարում քաղաքում, որքան փոս կա՝ ընկնում եմ, որովհետեւ աշխատանքի բերումով ծառայողական մեքենայով երթեւեկելու պատճառով մոռանում եմ, թե դրանք որտեղ են(կրկին ծիծաղում է): Նոր աշխատանքիս ու աշխատանքային ռեժիմիս դեռ չի հարմարվում փոքր դուստրս, որ 3 տարեկան է եւ հայրիկին ուշ-ուշ տեսնելու համար մանկական դժգոհությունը չի թաքցնում:

Եվս մեկ տեսանելի փոփոխություն, որ աշխատանքի անցնելուց մեկ շաբաթ հետո արեցիք, միջանցքի պատից հանեցիք նախորդ մարզպետների լուսանկարները, որ մարզի 8-րդ մարզպետի մտահղացումն էր:,

Տ.Պ-Այդ բոլոր լուսանկարները խնամքով պահված են: Պարզապես, ըստ ինձ, այդ պատերը կարելի է զարդարել արվեստի ստեղծագոծություներով: Նախկինում այդպիսի փորձ եղել է, մենք եւս կանդրադառնանք դրան եւ ամիսը մեկ կներկայացնենք մարզի որեւէ ստեղծագործողի աշխատանքներ: Նախ այցելուի համար ավելի թեթեւ միջավայր կստեղծվի, բացի դրանից հնարավորություն կտանք ծանոթանալու շիրակցի շնորհալիների հետ:

-Եվ վերջին հարցը. կշարունակեն արդյոք կադրային փոփոխությունները մարզպետարանում

Տ.Պ.-Կառավարության որոշում կա, ինչպես գիտեք, սպասվում է 30 տոկոս կրճատում՝ բաժինների օպտիմալացման տարբերակով եւ վարչությունների կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված: Որոշ տեղաշարժեր արդեն իսկ եղել են, առաջիկայում եւս բնականաբար կլինեն: Մարզպետարանն աշխատանքները կշարունակի փոփոխված կազմով, սակայն դեռ հստակ չէ, թե երբվանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter