«Hyatt» հյուրանոց Երևանում. քաղաքապետը հանդիպել է «Hyatt international»-ի ներկայացուցչի հետ
Երևանում «Hyatt international» ընկերության ներդրումային ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբխարդ Ռայների գլխավորած աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ:
Քաղաքապետը ողջունել է ընկերության ներդրումային առաջին ծրագիրը Երևանում՝ «Hyatt» ապրանքանիշի հյուրանոցի կառուցումը: «Ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ձեզ՝ հայաստանյան, մասնավորապես երևանյան շուկա մուտք գործելու կապակցությամբ: Մեզ համար իրոք կարևոր է համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշի ներկայությունը Երևանում, ինչը իր հերթին խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացմանը մեր մայրաքաղաքում»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Hyatt international» ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբխարդ Ռայները Երևանում «Hyatt» հյուրանոցի կառուցումը կարևորել է ընկերության համար ռազմավարական տեսանկյունից, քանի որ այն ընկերության առաջին ներկայությունն է տարածաշրջանում:
«Շնորհակալ ենք, որ մեծապես աջակից եք եղել մեր նախագիծը կյանքի կոչելու հարցում և ակնկալում ենք Ձեր շարունակական աջակցությունը՝ քաղաքային ենթակառուցվածքների հետ կապված հարցերում: Երևան քաղաքը զարգացման լուրջ հեռանկարներ ունի և մենք ցանկություն ունենք շարունակել ներդրումային ծրագրերը»,- նշել է Գեբխարդ Ռայները՝ համոզմունք հայտելով, որ երկկողմ ցանկություն կա Երևանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան նշել է, որ Երևանի քաղաքապետարանը լիազորությունների սահմաններում առավելագույն աջակցությունը կցուցաբերի, որպեսզի նախանշված ծրագրերը հաջողությամբ իրականացվեն: «Մենք բաց և պատրաստ ենք համագործակցության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Hyatt international» ընկերության հայաստանյան գործընկեր, գործարար Սամվել Սարգսյանը հավաստիացրել է, որ իրենց գործակցությունը Երևանում շարունակական ծրագրեր է նախատեսում: «Բազմաթիվ մտահղացումներ ու ծրագրեր ունենք զբոսաշրջության բնագավառում, որոնք նախատեսում են նաև նոր ենթակառուցվածքների ստեղծում, և մեր նպատակակետը մոտ է: Արդեն տարեվերջին առաջին հյուրանոցը կբացվի և կտեսնեք, թե մեր քաղաքի հյուրերին ինչպիսի հարմարավետություն ենք առաջարկում»,- նշել է գործարարը` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել