HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Հարթունյանների գործով հերթական ապօրինի որոշումը

2012 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչ Ռաֆայել Մկրտչյանը կայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթունյանի պատկանող  «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարների վրա կալանք  դնելու որոշում` արգելելով հաշիվներից  գումարի կանխկիացումը, կանխիկ կամ փոխանցմամբ ելքագրումը:

Հիշեցնենք,  որ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության սեփականատեր Գ.Հարությունյանն, այն բանից հետո, երբ  հավաստի տեղեկություններ է ստանում այն մասին, որ իրեն պատկանող ընկերության և իր հայաստանյան գործերի  ղեկավարող Սևակ Արզարունին, ինչպես նաև վերջինիս գործընկեր և «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության  տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը  ընկերությանը սնանկության են տանում, նրանց կողմից թալանվում են Հարթունյանների (Գարաբեդ Հարությունյանի)  հայաստանյան ներդրումները և վտանգված է հետագա գործունեությունը, 2010թ. սեպտեմբերի 11-ի իր որոշմամբ Արտյոմ Մարտիրոսյանին ազատում է աշխատանքից և ընկերության տնօրեն է նշանակում Հայաստանում գտնվող իր որդուն`Նարեկ Հարթունյանին:

Դրանից հետո Սևակ Արզարունին, Հարթունյանների կողմից նախկինում տրված լիազորությունների հիման վրա փորձում է Նարեկ Հարթունյանին պատկանող բնակարանի հետ կապված գործարք կատարել, սակայն Նարեկ Հարթունյանը վերացնում է իր կողմից տրված լիազորությունները:

Դրան հետևում է Սևակ Արզարունու և դեռևս «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության հաշվին վարձած Արզարունու շքախմբի կողմից  ընկուրությունում իրականացված վայրագությունները, որից հետո Հարթունյանները վերջնականապես հրաժարվում են Սևակ Արզարունու ծառայություններից:  

Այնուհետև ձեռնարկատիրական գործունեության իրականացման փորձ չունեցող Նարեկ Հարթունյանը դիմում է մասնագետների և պարզում, որ, ձեռքի տակ ունեցած փաստաթղթերի հիման վրա, Սևակ Արզարունու և Արտյոմ Մարտիրոսյանի համատեղ գործունեության արդյունքում միայն  «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գումարների յուրացմամբ,  առնվազն 120.000.000 ՀՀ  դրամի վնաս է պատճառվել:

Նարեկ Հարթունյանը դատարան է դիմում` Սևակ Արզարունուց և Արտյոմ Մարտիրոսյանից  պահանջելով ներկայացնել ընկերությանը պատկանող մնացած փաստաթղթերը, որպեսզի հնարավոր լինի պարզել Սևակ Արզարունու կողմից գոնե ընկերությանը պատճառված իրական վնասը:

Դրանից հետո պետական կառույցներում բարձրաստիճան պաշտոնյանների հովանավորությամբ  Հարթունյանների ունեցվածքի մի մասը յուրացրած  Սևակ Արզարունին, իր թիմակիցների` Արտյոմ Մարտիրոսյանի և Սևակ Արզարունու աներորդի, ընկերության նակխին աշխատակից Գ.Բաբայանի միջոցով, ինչպես դիմումում  է նշված, որպես «ընկերության ճակատագրով մտահոգ» օրինապաշտ ՀՀ  քաղաքացի,  Ընկերությունում թույլ տրված  խախտումների մասին «ինքնախոստովանական» դիմումներ են ներկայացնում  ԿՀԴՊ 6-րդ վարչություն:

Արտյոմ Մարտիրոսյանի դիմումում նաև մտահոգություն էր հայտնված այն մասին, որ Հարթունյանները  «2004թ.-ին ձեռք բերած անշարժ գույքերը չեն ներառել» 2008թ.-ից  Գ.Հարությունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության «հաշվեկշռում»: Այստեղ արդեն գործ ունենք ոչ թե «մտահոգ», այլ ` «անբարեխիղճ մոլորության» մեջ գտնվող քաղաքացի Արտյոմ Մարտիրոսյանի հետ:

Սակայն իրավապահները,  տուրք տալով ՀՀ քաղաքացու «մտահոգությանը» և անտեսելով, որ հենց նրա ու Սևակ Արզարունու ապօրինությունների հետևանքով է ընկերության հաշվապահությունում նախկինում անճշտություններ եղել, իսկ Նարեկ Հարթունյանի ժամանակահատվածում տնօրինության օրոք  20 մլն  ՀՀ դրամ գերավճար է արձանագրվել,  2011թվականի հունիսի  20-ին ՀՀ քր. Օր-ի  205 հոդվածի  1-ին մասով` «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության ղեկավար անձանց կողմից խոշոր չափի`2.556.000 ՀՀ դրամ  հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ քրեական գործ հարուցում: Ավելորդ չեմ համարում կրկին նշել, որ այդ նույն ժամանակահատվածում ընկերության կողմից հարկային մարմնին վճարած գերավճարը  կազմում էր 20 մլն դրամ: Փաստացի քրեական գործը հարուցվում է ընկերության և Նարեկ Հարթունյանի հետա գործունեությունը խաթարելու, վնասելու նպատակով:

Ներկայացնենք գործի  որոշ մանրամասներ:

Քննիչն իր որոշումների «պարզեց» մասում արձանագրում է, թե պարզել է, որ Նարեկ Հարթունյանը, հանդիսանալով  «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության հիմնադիր-սեփականատեր Գարաբեդ Հարթունյանի որդին, 2009 թվականի օգոստոսից մինչեւ 2010 թ. սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում  փաստացի ղեկավարել է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գործունեությունը եւ այդ ժամանակահատվածում կազմակերպել  է  ընկերության գլխավոր հաշվապահ Արթուր Գալստյանի կողմից ընկերության համար հարկման հիմք հանդիսացող հաշվարկներում ու հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով 25.278.175 ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելը:

Նշենք, սակայն,  որ Նարեկ Հարթունյանն այս ամենը չէր կարող իրականացնել,  քանի որ   ընկերության աշխատանքներում ներգրավված չի եղել եւ ստանձնել է ընկերության տնօրենի պաշտոնը միայն 2010 թվականի  սեպտեմբերի 11-ից, իսկ  2009 թվականի օգոստոսից  մինչեւ 2010 թ. սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում  ընկերության տնօրենն եղել է Արտյոմ Մարտիրոսյանը, իսկ գլխավոր տնօրեն և ընկերության փաստացի ղեկավարը  Սևակ Արզարունին էր :

Նարեկն  այդ ժամանակահատվածում ընկերության աշխատանքներին ոչ միայն չի մասնակցել, այլեւ առհասարակ Հայաստանում էլ չի եղել: Այս փաստը հաստատում է նաեւ  Հարթունյանների ընտանիքի նախկին վստահված անձ Սեւակ Արզարունին իր իսկ  ցուցմունքներում` նշելով,  որ Նարեկը Հայաստան է եկել իր հրավերով: Ստացվում է, որ այն մարդը, ով իսկապես իրականացրել է ընկերության տնօրենի պարտականությունները վերը  նշված ժամանակահատվածում, որպես մեղադրյալ ներգրավված չէ գործում, փոխարենը  ներգրավված է Նարեկ Հարթունյանը,  ով Հայաստանում չի եղել եւ ընկերության աշխատանքներում ոչ մի մասնակցություն չի ունեցել:

Մինչդեռ Սևակի անունը  քննիչ Ռաֆայել Մկրտչյանի կողմից ներկայացված որոշման մեջ  ոչ  մի տեղ չի նշվում, փոխարենը քննիչը  շեշտում է հենց Նարեկ  Հարթունյանի անունը` որպես փաստացի տնօրենի:

Սրանից էլ հետեւում է,  որ քննիչն ուղղակի պատվեր է կատարում, որի նպատակը միայն Նարեկին նշված հանցագործությունների մեջ մեղադրելն է եւ վախեցնելու միջոցով ստիպելը, որ Նարեկն ու նրա եղբայր Սարո Հարթունյանը, որն իր հոր մահից հետո կտակի հիման վրա ժառանգել է հոր ունեցվածքը, գործարքի գնան:

Քննիչի կայացրած որոշման մեջ  առաջին  մասում նկարագրվում է քննիչի կողմից իբր բացահայտված հանգամանքները, որոնք տվյալ քրեական գործի շրջանականերում ոչ  թե պարզված հանգամանքներ են, այլ կեղծ տվյալների հիման վրա կառուցված քննիչի կողմից արձանագրած ենթադրություններ:

Այս նույն քննիչի կողմից կայացրած այլ որոշումների առաջին մասում  նույնությամբ ձեւակերպված է նույն հատվածը, ինչը նախ իրականությանը չի համապատասխանում, եւ երկրորդ` կասկածի տակ է դնում Նարեկի եւ ընկերության ղեկավար անձանց անմեղության կանխավարկածը,  որովհետեւ քանի դեռ  վերջնական դատական ակտով հաստատված չէ անձի մեղավորությունը, անթույլատրելի է անձին մեղադրել որեւէ հանցանք գործելու մեջ:

Այսինքն որոշման առաջին` «պարզեցի» հատվածը կարդալով` ստեղծվում է տպավորություն, թե այդ մարդիկ իրոք նշված հանցանքը գործել են:

Ինչ վերաբերում է քննիչի կողմից 2012 թվականի հունվարի 30-ի ընկերության հաշվեհամարների կալանքի որոշման հիմնավորմանը, ապա այն ուղղակի բացակայում է:

Այդ որոշմամբ  քննիչը  նշում է, թե «անհրաժեշտ է քրեական գործով քաղաքացիական հայցի ապահովում»:

Քրեադատավարական իմաստով ենթադրվում է, որ պետք է առկա լինի հանցագործությունների պատճառած  վնասի չափով գումարային արտահայտությամբ ներկայացված հայց:

Բայց նման հայց և գումարային չափ չկա: Եթե լիներ, որոշման մեջ կնշվեր: Իսկ քանի դեռ չկա հայց, չկա նաեւ հայցագին, հետեւաբար քաղաքացիական հայցի ապահովման վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել:

Սակայն քննիչը,  ի սկզբանե,  լինելով պատվեր կատարող, քաղաքացիական հայցի` այն է քաղաքացիական հայցվորի քաղաքացիական պատասխանողի հայցագնի բացակայության պայմաներում  որոշում է կայացնում գոյություն չունեցող հայցի ապահովման նպատակով կալանք դնել ընկերության  հաշվեհամարների վրա, այդ թվում` փոխանցմամբ ելքագրման վրա:

Նման անտրամաբանական և ապօրինի իրավիճակ է նաեւ Սեւակ Արզարունու կողմից Նարեկ եւ Սարո Հարթունյանների դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված ԵԿԴ 27 11/ 02/10 քաղաքացիական գործով, որը գտնվում է դատավոր Էդ. Ավետիսյանի վարույթում: Այդ գործով էլ հայցագին չկա, սակայն Հարթունյանների ողջ ունեցվածքի վրա արգելանք է դրված և վարույթը կասեցվել է:

Փաստորեն, երկու դեպքում էլ չկա հայցագին, սակայն  մի դեպքում Սարո եւ Նարեկ Հարթունյանների ողջ ունեցվածքի վրա է դրված արգելանք, մյուս դեպքում  քրեական գործով անհիմն կալանքի տակ  է դրված ընկերության հաշվեհամարները: Երկու գործերում էլ նույն «տրամաբանությունն» է:

Եթե Հարթունյաններն իրենց ունեցվածքը տնօրինելու հարցում կարող են որոշ ժամանակ էլ դիմակայել ապօրինությանը, ապա ընկերության հանդեպ կիրառված կալանքի պատճառով ընկերությունը լուրջ վնասներ է կրում, աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվում, գործընկերներին գումար չի վճարվում, կոմունալ ծախսերն անհնար է վճարել, ինչը տանում է նրան, որ ընկերությունը սնանկ հայտարարվի:

Նշենք, որ ՀՀ վարչական դատարանը մի քանի օր առաջ է իր որոշմամբ վերացրել հարկային մարմինների միջնորդությամբ ընկերության հաշվեհամարների վրա դրված արգելանքը:

Սակայն հերթական անգամ ընկերության հաշիվների վրա արգելանք է դնում քննիչ Ռաֆայել Մկրտչյանը և ակնհայտ է, որ արգելանքներով ապօրինի նպատակ են հետապնդում «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գործունեությունը դադարեցնել:

Այսինքն կիրառված արգելանքները չեն բխում օրենքի պահանջներից եւ օրենքով հետապնդող նպատակի չի ծառայում:

Հետեւաբար քննիչի կողմից կայացված 2012 թվականի հունվարի 30-ի որոշումն ապօրինի է եւ խախտում է  ընկերության ՀՀ Սահմանադրությամբ  և օրենքներով սահմանված ու երաշխավորված իրավունքները:

Մեկնաբանություններ (1)

Aram
sevak arcrunin patasxan e talu naev Javaxkcineri archev sevak arcrunin nuin dzev kail e arel Vaagn Chaxaliani nkatmab urarki Vaage esor banterum e isk Narek Harutiuniane drsum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter