HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի որսորդ. «Որսն արգելելով՝ էն ազնիվ, իսկական որսորդին էլ մեկ-երկու տարուց կդարձնեն պոտենցիալ որսագող»

«Արգելել պետք է ոչ թե որսն ընդհանրապես, այլ՝ որսի որոշ տեսակներ»,- ասում է Շիրակի մարզում գործող «Աղավնաբազե. որսորդների եւ բնապահպանների միության» նախագահ Հովհաննես Խնուսյանը:

«Որսն արգելելով՝ էն ազնիվ, իսկական որսորդին էլ մեկ-երկու տարուց կդարձնեն պոտենցիալ որսագող»,-մտահոգություն է հայտնում որսորդներից Հովհաննես Բադալյանը: «Ես 31 տարի է որսորդությամբ կզբաղվիմ եւ որսը արգելելու իմաստ չեմ տեսնի: Սաղ աշխարհում ընդունված է որեւէ տեսակի որսի արգելում, ոչ թե ամբողջապես որսի փակում: Եթե հանրապետությունում խնդիր կա, պետք է նայել մարզերի կտրվածքով: Շիրակի մարզն, օրինակ որսատեսակների առումով ամենաաղքատն է, որ էդ տեսանկյունից նայենք, արգելելու բան էլ չկա մեր մոտ»,- նկատում է Սամվել Մկրտչյանը:

Շիրակի մարզի որսորդների մտահոգությունը կապված է է կառավարության մայիսի 10-ի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ 5 տարի ժամկետով ՀՀ ողջ տարածքում որսը արգելելու եւ փամփուշտների ներկրումը դադարեցնելու առաջարկին։

ՀՀ տարածքում գործող որսորդական կազմակերպությունները բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ բնապահպանության նախարարին՝ հորդորելով հապճեպ որոշում չկայացնել:

Նամակում նշված է, որ որսորդական կազմակերպություններն ու հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչները տարիներ շարունակ դիմել են կառավարությանը որսագողության դեմ պայքարը խստացնելու խնդրով: Դիմումատուները մտահոգություն են հայտնել, որ որսի արգելումը կխաթարի երկրի անվտանգությունը, կնպաստի որսագողության նոր ալիքի զարգացմանը, կխոչընդոտի երկրում որսորդական բիզնեսի, սպորտային հրաձգության եւ դրանց ենթակառուցվածքների զարգացմանը:

«Մենք ուզում ենք հասկանալ, թե օրինակ Շիրակի մարզում, եթե որսն արգելվի, որ մի որսատեսակի պոպուլյացիայի աճին է նպաստելու,- հարցնում է Հովհաննես Խնուսյանը,- մենք ոչ Վայոց ձորն ենք, ոչ Սյունիքն ենք, ոչ էլ Արարատի մարզն ենք, որ հարուստ են որսատեսակներով եւ Կարմիր գրքում գրանցված որսատեսակներն էլ այնտեղ ավելի շատ են: Շիրակի մարզում հիմնականում մի քանի թռչնատեսակի որս է կատարվում՝ կաքավն է, լորը, 2 տեսակի բադը, կեռնեխ, կտցարը: Աղվեսի որսն արգելված է, գայլ, շնագայլ թույլատրվում է: Եթե պիտի որսի արգելումն ազդի որեւէ որսատեսակի աճին, ապա դա միայն կարող է կաքավը լինել, որ մնում է տարածաշրջանում, մնացած թռչունները միգրանտներ են»:

Հովհաննես Բադալյանն էլ իր հերթին է նկատում, որ եթե 3 տարի անց կաքավի պոպուլյացիան աննախադեպ աճ գրանցի, ապա բնությունն ինքը կկարգավորի խնդիրը: «Բնությունն անպայման մի վիրուս կուղարկի, մի հիվանդություն, որ, ասենք, քանակությունը տվյալ տեսակի կարգավորվի: Չի կարող, թեկուզ կաքավն, անչափ բազմանալ, մանավանդ եթե համապատասխան կերաբազա էլ չեղավ,- ասում է Հովհաննես Բադալյանը,- նապաստակի որսն էլ արգելեցին, շատացան, չէ՞: Ի միջի այլոց, մենք ձմռանը կեր ենք լցնում այն տարածքներում, որտեղ կաքավ կա: Մենք էլ ենք շահագրգռված, որ թռչնատեսակի անկում չգրանցվի: Որսորդը նաեւ բնապահպան է, բայց չգիտես ինչու էս փիլիսոփայությունը մարդիկ դժվար են ընդունում: Մենք ավելի ենք կապված բնությանը, ավելի սրտացավ ենք, քան որեւէ մեկը»:

Շիրակի մարզում թռչնի որսի սեզոնը սկսվում է օգոստոսի վերջին: Որսում են լոր՝ ամենաշատ ու ակտիվ բազմացող թռչնատեսակն է, կաքավ, կտցար, անտառային աղավնի, բադ: Լորի որսը օգոստոսի վերջից մինչեւ հոկտեմբերի սկիզբն է, այնուհետեւ հոկտեմբերի 15-ից սկսվում է բադի որսը, կաքավի որսը թույլատրվում է հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջ: «Եթե մեր մոտ որսը փակվի ստիպված ենք լինելու գնալ հարեւան երկրում որսորդության,- նկատում է որսորդներից Արթուր Պետրոսյանը,- ես Ռուսաստան էլ եմ գնում որսի: Իսկական որսորդի համար շատ դժվար է լինելու: Եթե ուզում են որսագողության դեմ պայքարել, ապա արգելքով դժվար էլ հասնեն արդյունքի: Մենք էդ որսագողերի դեմ ավելի հաջողությամբ ենք պայքարում: Պետք է տեսչության աշխատանքն ուժեղացնել, ոչ թե որսը փակել»:

Շիրակի մարզում գրանցված 2000 որսորդից իրական որսորդությամբ զբաղվում են 150-ը: Կան մարդիկ, որ Որսորդմիության անդամ են դառնում պարզապես զենք ձեռք բերելու համար: Իսկական՝ սրտով, հոգով, ողջ էությամբ որսորդ համարվողները, բացի զենքից, ձեռք են բերում նաեւ զտարյուն ցեղատեսակների որսորդական շներ: Զրուցակիցներիս մեծ մասը անգլիական «Սեթեր» ցեղատեսակի շներ է պահում:

«2 հատ ես ունեմ, 2 հատ Արթուրն ունի, մի 3 շուն, բայց այլ ցեղատեսակի, Հովոն ունի: Ոչ մի իրեն հարգող որսորդ առանց որսաշան դուրս չի գա որսի: Մենք լիքը գումարներ ենք ծախսում, որ էդ շներին բերենք, պահենք, սովորեցնենք: Ես կմտածեմ, թե որսի արգելքի պարագայում ինչ տեղի կունենա իրենց հետ, եթե հանկարծ լինեն մարդիկ, որ չուզենան պահել, ապա փողոց շպրտված շների ինչ-որ քանակ կունենանք ցավոք սրտի,- մտահոգություն է հայտնում Սամվել Մկրտչյանը,- խնդիրը պիտի բազմակողմանի նայել, հո մենակ արգելելով չէ: Պետք է բարձրացնել տուգանքներն արգելված որսատեսակների համար, պետք է ավելի խիստ մոտենալ որսագողությանը»:

Հովհաննես Խնուսյանն ասում է, որ անցած մեկ տարվա ընթացքում ընդամենը երեք որսագողության դեպքով է քրեական գործ հարուցվել, որից կարելի է ենթադրել, որ կամ որսագողություն չկա, կամ պատասխանատու մարմիններն են վատ աշխատում: «Եվ այս համատեքստում ես չեմ հասկանում որսի արգելքի լոգիկան,- նկատում է Հովհաննես Խնուսյանը,- թող տուգանքները բարձրացնեն: Ինչ է նշանակում 500 դրամի տուգանք ձկնագողին: Ես, երբ որ տեսա տուգանքի չափը, չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր բռնել, ինչ էր արել էդ մարդը, որ տուգանքի էդ չափն էր որոշվել: Ամենաբարձր տուգանքը՝ 100-500 մլն դրամ, նախատեսված է ընձառյուծի որսի դեպքում: Մենք կողմ ենք, թող արգելեն նաեւ այս տեսակի համար կեր հանդիսացող վայրի ոչխարի, քարայծի որսը, ոչ թե դնեն համատարած որսն արգելեն երկրում 5 տարով»:

Որսաշրջանի բացումից առաջ, ամեն տարի, որսորդությամբ զբաղվող անձինք լիցենզիա են ձեռք բերում՝ վճարելով 8000 դրամ: Զրուցակիցներիս պնդմամբ, եթե հարազատ կառավարությունը գնա նման կտրուկ քայլի, ապա իրենք էլ ստիպված կլինեն որսաթռչունների հետեւից «քոչել» հարեւան Վրաստանի Հանրապետություն եւ գումարներն էլ բնականաբար կծախսեն այնտեղ:

Մեկնաբանություններ (3)

Անդրանիկ Հակոբյան
Առանձնահատուկ ոլորտի խնդիրների եւս մեկ հիանալի ու անաչառ վերլուծություն։Շարունակում եմ հիանալ Ձեր հյութեղ ու գեղեցիկ գրչով։
Հովհաննես Խնուսյան
Հայտնի փաստ է, որ իսկզբանե մարդը հայտնագործել է ` նետն ու աղեղը հետո նոր կլոր անիվը: Որսը հանդիսանում է մեր ազգի մշակույթի մի մասնիկը, իսկ իրապես որսորդը նրա կրողը: Իսկ ինչ վերաբերում է զենք զինամթերքին, ես ուրախ և երջանիկ կլինեի եթե ամբողջ աշխարհում չհնչեր ոչ մի կրակոց, բայց ցավոք իրականությունը այլ է: Փակ աչքերով ու աղանդավորական մտածելակերպով ապուշություն անվանել մի բան, որը օտար է ձեզ և որը ձեզ իրավունք չի վերապահում:
Արթուր Ծատոյրյան
Իհարկե բոլոր տեսակի որսը պետք է վերանա, զենք զինամթերքը վերանա: Հերիք եղավ կրակեք սպանք այդ խեղճ կենդանիներին: Ձեր ձեռը կրակն են ընկել: Մեղք են, մի սպանեք ձեր ապուշ հաճույքների համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter