HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է ՉԺՀ արտգործնախարար Վան Իին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության՝ բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ փոխայցելությունները նպաստում են երկու երկների միջև բարեկամության, փոխվստահության ու հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորացմանը: «Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը չի սկսվել 1992 թվականին երկու երկրների միջև դիվանագիտական և միջպատական հարաբերությունների հաստատման փաստաթղթով, մեր ժողովուրդները դարերի ու հազարամյակների բարեկամական համագործակցության պատմություն ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով, որ երկու ժողովուրդները հաջողությամբ համագործակցել են դեռ Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում:

Նախարար Վան Ին ընդգծել է, որ մեծ է հայ ժողովրդի ներդրումը մարդկային քաղաքակրթության պատմության մեջ: «Մետաքսի մեծ ճանապարհը դեռևս դարեր առաջ միավորել է մեր երկու ժողովուրդներին: Հայ և չինացի ժողովուրդները միմյանց վերաբերվում են փոխադարձ հարգանքով ու համակրանքով, և մեր երկկողմ հարաբերությունները հաստատուն կերպով զարգանում են»,- նշել է Չինաստանի արտգործնախարարը: Նա նաև նախագահ Սարգսյանին է փոխանցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի բարեմաղթանքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Երկուստեք համաձայնել են, որ հայ-չինական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են և ունեն ընդլայնման լավ հեռանկար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter