HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական համակարգի ԽԱՐԱՆԸ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Վերջապես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում հեղափոխության մեկնարկի մասին: Մինչ այդ, երկար տարիներ տեղական ու միջազգային կառույցների, տարբեր քաղաքական ուժերի կողմից, նաև ներկայիս իշխանության, տրվում էր համապատասխան գնահատական՝ դատաիրավական համակարգը տևական ժամանակ սպասարկել է քրեաօլիգարխիայի շահերը, յուրայինների համար ապահովել է անպատժելիություն և հակառակը՝ ոչ յուրայիններին ուղարկել բանտեր հաճախ շինծու գործերով: Երկար ժամանակ խոսվում էր, որ դատարանները կատարել են Բաղրամյան 26-ի հրահանգները, այսինքն՝ պատվերով դատավճիռներ են կայացրել, այդուհանդերձ, նախկինում կայացված որևէ գործ դեռ չի վերանայվել, որևէ դատավճիռ չի բեկանվել, որևէ դատավոր պատասխանատվության չի ենթարկվել:

Իմ օրինակով կարող եմ փաստել, որ դատաիրավական համակարգում փոփոխություն դեռ չի արձանագրվել, այլապես մենք չէինք խուսափի նոր բողոքով դիմել դատարան: Զարուհին և ես հերթական վճռաբեկ բողոք ենք պատրաստել՝ խորհրդակցելով մի քանի բանիմաց, փորձառու փաստաբանների հետ: Այնուամենայնիվ, այս պահին դեռ չենք մուտքագրում, քանի որ չունենք երաշխիք, որ դատարանի վրա կրկին չի լինի ճնշում, ինչպես 1996-ին, երբ ճնշում էր բանեցվել անգամ Կրեմլից:

Դատավճռի վերանայման վերջին մերժումը մենք ստացել ենք անցած տարվա փետրվարին վճռաբեկ դատարանի՝ որևէ կերպ չհիմնավորված, չպատճառաբանված շաբլոնային որոշմամբ: Մերժել էին նույնիսկ բողոքը վարույթ ընդունելը և իրենց մեկ էջանոց որոշման մեջ շաբլոնային ձևով գրել, թե բողոքարկել ենք ՀՀ վերաքննիչ դատարանի դատավճիռն, այն պարագայում, երբ 1996-ին նման դատական ատյան առհասարակ գոյություն չուներ (պիտի նշեին՝ Գերագույն դատարան): Թերևս նախագահականից, ազդեցիկ տուժող կողմից ունենալով հրահանգ` բողոքը մի կողմ էին դրել և օգնականների միջոցով շաբլոնի մեջ տեղադրել մերժումն ու ուղարկել:

Ինչ վերաբերում է իմ նկատմամբ ընդամենը 3 օրվա դատաքննությամբ կայացված մահապատժի դատավճռին, ապա այն, իրոք, դատական համակարգի ԽԱՐԱՆՆ Է: Ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այժմ, նույնիսկ ամենաթեթև գործերով նման անհասկանալի շտապողականություն չի եղել, որ արագ-արագ, առանց անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու, գործի նման ելքով շահագռգիռ, նույն արարքի մեջ մեղադրվողի բազմակի անգամներ փոփոխված ցուցմունքներից մեկի վրա մարդուն դատապարտեն, այն էլ՝ մահվան: Այո՛, ինձ դատապարտել են մեկ ցուցմունքի հիման վրա, և այդ ցուցմունքը չի հիմնավորվել, ինչպես օրենքն է պահանջում, վերաբերելի, թույլատրելի, արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ: Այսինքն` հանրահայտ սահմանադրական սկզբունքը՝ անմեղության կանխավարկածի շեմը հաղթահարված չէ, ուստի այս խայտառակ դատավճիռը անկասկած պետք է բեկանվի:

Երբ այս ամենին գումարում ենք մեր`անկախ պետության անկախ դատարանի վրա Կրեմլից, այսինքն` այլ պետության` Ռուսաստանի դաշնության պաշտոնյայի կողմից գործած ճնշումը (Բ.Ելցինին կից մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտոնյան, շեշտելով իր դիրքը, պահանջել է ոչ թե արդար դատաքննություն, այլ վրեժխնդրություն), այն, որ տուժող կողմը իր որդու կոկորդը կտրող-սպանող Արամ Հարությունյանի համար ոչ միայն մահապատիժ, այլ առհասարակ որևէ պատիժ չի պահանջել, այն, որ չի բողոքարկել նրան 15 տարվա ազատազրկման դատապարտելը, այն, որ հենց տուժող կողմը տարիներ շարունակ դիակի մասնատված լինելու վերաբերյալ ապատեղեկատվություն էր տարածում, երբ գումարում ենք, թե ինչպես տարեսկզբին ռեժիմի մի քանի սպասարկուների ու ֆեյքերի միջոցով ամենացածր եղանակներով ոտնահարվեցին սահմանադրորեն պաշտպանվող ընտանիքիս և իմ հիմնարար իրավունքները, ապա պատկերն ամբողջանում է. այս գործի վերաբացումից, դատավճռի վերանայումից` արդարադատությունից ոմանք խիստ վախենում են: Օգտագործելով անհասկանալի ազդեցություն բոլոր իշխանությունների վրա` մինչև հիմա ստացվել է ստիպել դատական համակարգին՝ չվերանայել այս անօրինկան, չհիմնավորված, խայտառակ մահվան դատավճիռը:

Դատական համակարգում հեղափոխության մեկնարկի լուրն առնելով՝ անձամբ ես զուսպ ոգևորված եմ, քանի որ հասկանում եմ` մինչև չհեռանան կամ պատասխանատվության չենթարկվեն կաշառակեր, հրահանգներ կատարող, անգրագետ դատավորներ, մինչև չվերանայվեն այսպես կոչված` օրինական ուժի մեջ մտած, բայց կասկածելի, մի քանի օրում, իբր, քննված, իրականում պատվերի հետևանք դատավճիռներ, չի կարող այս ոլորտում հեղափոխությունը իրականացված համարվել:

Համամիտ եմ վարչապետ Փաշինյանի հետ`պետք է վիրահատական եղանակով այս ամենը արվի: Իրականում անօրինական, չհիմնավորված դատական ակտեր կայացրած դատավորները երբեք չեն ընդունի իրենց իսկ սխալները: Ու հիմա նկատելի է, որ հենց դատական համակարգն է սաբոտաժի ենթարկում հեղափոխությունը, ինչպես նաև ռեժիմի կողմից ստեղծված և ռեժիմին սատարող լրատվական դաշտի ճնշող մեծամասնությունը:

Ամեն բան իրականում շատ պարզ է. ներկայիս իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս հայտարարել են, որ  դատական համակարգը կոռումպացված էր և հրահանգներ էր կատարում: Տրամաբանորեն հետևում է, որ նախկինում կայացվել են բազմաթիվ անօրինկան, չհիմնավորված դատավճիռներ: Հետևաբար նման դատավճիռները անխուսափելիորեն պետք է վերանայվեն: Չի կարելի ասել`դե՛, հիմա դատական համակարգը կմաքրենք, իսկ ինչ եղել է նախկինում, մոռանանք: Չի կարելի, քանի որ դատական սխալները մարդկային կյանքեր են: Դա նույնն է, թե ասենք`դե՛, անմեղ մարդիկ թող շարունակեն մնալ բանտերում:

Հ.Գ. Սիրելի՛ մարդիկ, իմացա, որ հանուն արդար դատաքննության և ազատության իրավական մեխանիզմների կիրառման վերաբերյալ Ձեր նամակն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` մոտ 5000 ստորագրություններով, արդեն ներկայացվել է ՀՀ կառավարություն: Խորապես շնորհակալ եմ, որ գիտակցում եք՝ արդարադատության իրականացումն այլընտրանք պիտի չունենա Նոր Հայաստանում:

Մեկնաբանություններ (2)

Yura
Գործը պետքա մանրամասն վերանայվի։
Արման
Ես միանշանակ համամիտ եմ Ենոքյանի պահանջի հետ, պետք է անհապաղ վերականգնվի արդարադատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter