HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Չինաստանի ԱԳ նախարար Վան Իին

Մայիսի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ։

Ըստ նախարարության հաղորդագրության՝ ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց իր գործընկերոջը ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և ընդգծեց, որ դարերի խորքից եկող հայ-չինական հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների միջև առկա խորը հարգանքի և փոխադարձ վստահության վրա։ «Հայաստանը և Չինաստանն ունեն բավական մեծ օրակարգ բազմաթիվ բնագավառներում և ոլորտներում, որոնք վերաբերում են ինչպես միջազգային, այնպես էլ՝ երկկողմ օրակարգին, և ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ առիթ ունենք անդրադառնալու երկկողմ համագործակցությանն այս այցի շրջանակներում, որը տեղի է ունենում Հայաստանի վարչապետի՝ Չինաստան կատարած այցից երկու շաբաթ անց, և հնարավորություն է ընձեռում ուղենշելու երկխոսության զարգացման հետագա քայլերը։ Ոգևորիչ է, որ մենք շարունակում ենք պահպանել քաղաքական երկխոսության բավական բարձր դինամիկան՝ ի շահ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման»,- ընդգծեց նախարար Մնացականյանն իր ողջույնի խոսքում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ՝ առավել կարևորելով առևտրատնտեսական կապերի և ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի խթանումը, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Այս համատեքստում կողմերն անդրադարձան «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակներում համատեղ օրակարգի հետագա ձևավորման և ընդլայնման հարցին:

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը՝ մեծ տեղ հատկացնելով երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանում բավական տպավորված են Չինաստանի զարգացման և արդիականացման տեմպերով: Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները` ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ևս զարկ է տվել բարեփոխումների լայն օրակարգի՝ խթանելու տնտեսության և ինստիտուտների զարգացումը և արդիականացումը՝ ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության հիման վրա:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Չինաստանի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և բանակցային գործընթացին: Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական կարգավորում առկա միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների:

Զոհրաբ Մնացականյանը  նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքին համապատասխան: Ընդգծվեց տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ահաբեկչության ու այլ միջազգային մարտահրավերներին համագործակցաբար արձագանքելու կարևորությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչությամբ, քննարկվեցին տարածաշրջանային բազմակողմ կառուցների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափով համագործակցության հարցեր:

Հայաստանի և Չինաստանի արտգործանախարարների հանդիպմանը հաջորդեց «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի, «ՀՀ և ՉԺՀ միջև հանձնման մասին» պայմանագրի և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջև ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում և բույսերի պահպանության մասին» արձանագրության ստորագրման արարողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter