
«Ֆեյսբուքը» կստեղծի նոր կրիպտոարժույթ
Ֆեյսբուքը նոր և գլոբալ թվային արժույթ ստեղծելու հավակնությամբ բանակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի խոշորագույն առևտրային տների և կրիպտոարժույթների մի քանի տարբերակների հեղինակների հետ, այդ թվում Մարկ Ցուկերբերգի երդվյալ թշնամիների` Վինքըլվոս երկվորյակների հետ:
Մեկ տարուց ավելի է, ինչ «Ֆեյսբուք»-ն աշխատում է ավելի քան 2 միլիարդ օգտատերերի համար այնպիսի դրամական միջոց ստեղծելու հարցով, որը կարող է օգտագործվել «Ֆեյսբուք»-ում, «Ինստագրամ»-ում և մյուս ծառայություններում միմյանց գումար փոխանցելու և գնումներ կատարելու համար։ Այն կարող է օգտագործվել նաև ինտերնետի միջոցով իրական աշխարհում փոխանցումներ կատարելու համար:
Հայտնի է, որ սոցցանցի պատասխանատուները բանակցություններ են վարում առնվազն երկու կրիպտոարժույթային կետերի՝ Coinbase-ի և Gemini-ի հեղինակների հետ, որոնց միջոցով օգտվողները կարող են իրենց կրիպտոդրամները ապահով պահել կամ փոխանակել «Ֆեյսբուք»-ի կրիպտոդրամների հետ։
«Վճարումների ոլորտն այն ոլորտներից մեկն է, որը մենք հնարավորություն ունենք ավելի հեշտացնելու: Կարծում եմ, որ գումար փոխանցելը իրար լուսանկար փոխանցելու պես արագ ու հեշտ կարող է լինել»,- ասել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ապրիլի վերջում մի կոնֆերանսի ժամանակ:
Տվյալ նախագիծը պետք է լինի ավելի մեծ ու թափանցիկ նախագիծ, քան պարզապես գնումներ կատարելու գործառույթն է։
Ֆեյսբուքը երկխոսություններ է վարել նաև Չիկագոյի խոշորագույն առևտրային ընկերությունների հետ այս հարցերով՝ համոզվելու համար, որ նոր արժույթն իրացվելիության և առևտրային ցուցանիշներ կարող է ունենալ։
Ապրիլի կեսերին «Ֆեյսբուքը» գրանցել է մի շվեյցարական ֆինանսական ընկերություն՝ “Libra” անունով: Այն պետք է «Ֆեյսբուք»-ի համար ստեղծի և կատարելագործի ծրագրեր և ենթակառուցվածքներ բլոկչեյն տեխնոլոգիայով, օրինակ՝ վճարումներ, տվյալների վերլուծություն և այլ։
Մեկնաբանել