HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Իշխանյան

Ձայն բարբառոյ դատարանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դատարանների մուտքերն արգելափակելու, ինչպես նաև նրա կոչ-ելույթը կառավարության դահլիճից, մի շարք հարցեր առաջացրին։ Այսպես.

Այն, որ դատական անկախ համակարգը ժամանակակից ժողովրդավարական, իրավական պետության ողնաշարն է, կարծում եմ՝ անքննելի է։ Ի դեպ, հենց այդպիսի դատական համակարգն է համարվում դատական իշխանություն, քանի որ դատական համակարգեր  գոյություն ունեն աշխարհի բոլոր երկրներում և բոլորովին կարևոր չէ, որ տվյալ երկրների (ինչպես Հայաստանի) սահմանադրություններում հռչակագրային ինչպիսի ձևակերպումներ կան դատական համակարգի անկախության մասին։ Կարևոր է, թե և՛ սահմանադրորեն, և՛ օրենքներով (Հայաստանի դեպքում՝ «Դատական օրենսգիրք») ինչպես է ձևավորվում դատական համակարգը՝ դատարանների ներքին, արտաքին անկախությամբ, դատավորների սոցիալական պաշտպանվածությամբ և այլն։ Եվ, թերևս, ամենակարևորը՝ դատական համակարգի անկախություն, նշանակում է անկախություն ոչ միայն գործադիր, օրենսդիր իշխանությունների, այլև հասարակության՝ առավել ճշգրիտ՝ ժողովրդական ճնշումներից։

Ժողովրդավարություն ասելով՝ շատերը պատկերացնում են ժողովրդի, կամ ժողովրդի կողմից ձևավորված իշխանություն։ Ըստ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հարց․ ո՞ղջ ժողովրդին, թե՞ ժողովրդի մեծամասնությանը։ Իրականում, ժողովրդավարությունն այն քաղաքական համակարգն է, որտեղ օրենսդիր իշխանության մեծամասնությունն ու նրա կողմից ձևավորված գործադիր իշխանությունները պատկանում են այն քաղաքական ուժին, որին ձայն է տվել ընտրություններին մասնակցող ժողովրդի մեծամասնությունը, կամ նաև ուղղակիորեն նույնպես մեծամասնությունը երկրի նախագահին՝ նախագահական կառավարման համակարգի դեպքում։ Այնպես որ շատ խնդրահարույց է, երբ հաճախ, եթե ոչ ամեն օր, հնչում են ոգևորված ձայներ, որ այսօր Հայաստանում ժողովրդի իշխանությունն է։ Բացարձակապես կասկածի տակ չդնելով անցյալ տարի դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները՝ փաստենք, որ Հայաստանում ոչ թե ժողովրդի, այսինքն՝ ողջ ժողովրդի իշխանություն է, այլ ընտրություններին մասնակցած ժողովրդի մեծամասնության կողմից քվե ստացած իշխանություն, որն էլ հենց ժողովրդավարությունն է։ Արդ, ժողովրդի այն հատվածը որը կամ չի մասնակցել ընտրություններին, կամ ձայն է տվել այլ քաղաքական ուժի,  այլևս ժողովուրդ չէ՞,  և արդյոք այդ հատվածն իշխանությունից զուրկ է, դարձել է «իզգոյ» առանց տարրական իրավունքների՞։

Ժամանակակից ժողովրդավարությունն ամրագրում է ոչ միայն ժողովրդի մեծամասնության կողմից ձևավորվող օրենսդիր և գործադիր իշխանություն, այլև իշխանության եկած քաղաքական ուժին ձայն չտված ժողովրդի հատվածի իրավունքների լիիրավ պաշտպանությունը։

Արդ, իսկ ինչպե՞ս պաշտպանել ոչ միայն հակադիր, այլև հաճախ թշնամական ընդդիմադիր  քաղաքական ուժերի և նրանց աջակցող ժողովրդի հատվածի իրավունքները։ Այո, հենց անկախ դատական համակարգի միջոցով։ Հարց՝ իսկ ումի՞ց անկախ։ Պատասխան ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած օրենսդիր և գործադիր իշխանություն ձևավորված քաղաքական ուժից։ Այսինքն՝ դատական համակարգը ոչ թե ժողովրդի մեծամասնության, կամ ինչպես մեր հանրությունն է պատկերացնում՝ ժողովրդի իշխանության մասն է, այլ իրավունքի և օրենքի իշխանություն է։  Իսկ եթե, ինչպես երևում է  և՛ Նիկոլ Փաշինյանի ելույթից, և՛ հեղափոխականների ոգևորությունից, դատարանները պետք է ոչ միայն ձևավորվեն մեծամասնության կողմից, այլև կատարեն նրա կամքը, ապա, ինչպես կասեր արքայազն Համլետը , արդյոք «հոգեպես ավելի ազնիվ» չի՞ լինի լուծարել դատարանները և օրենքով անցում կատարել Լինչի դատաստանի՝ հաշվի առնելով ժողովրդի մեծամասնության կամքը։

Այժմ դիտարկենք, թե ինչպիսի՞ դատական համակարգ ձևավորվեց անկախ Հայաստանում շուրջ 30 տարիների ընթացքում։

1991թ․ անկախություն ստանալուց հետո Հայաստանին ժառանգություն մնաց Հայկական ԽՍՀ դատական համակարգը։ ԽՍՀՄ-ում դատավորներն «ընտրվում» էին ժողովրդի կողմից և կոչվում էին «Ժողովրդական դատարաններ»։ Թե ԽՍՀՄ-ում ինչ էին նշանակում ընտրությունները, ավելորդ է նկարագրել։ Սակայն ԽՍՀՄ-ում գործում էր Սահմանադրության հայտնի 6-րդ հոդվածը, որն ամրագրում էր Կոմունիստական կուսակցության գերիշխող դերը ողջ պետական համակարգում։ Եվ բոլոր դատավորները հարազատ Կոմկուսի անդամներ էին և կատարում էին կուսակցության իմաստուն որոշումները։ Դեռևս ԽՍՀՄ-ի վերջին տարիներին, գորբաչովյան շրջանում, և՛ ԽՍՀՄ-ի, և՛ Հանրապետությունների սահմանադրություններից հանվեց չարաբաստիկ 6-րդ հոդվածը, և գոնե ձևական առումով դատարաններն անկախություն ստացան։

Ահա արդեն այսպիսի դատական համակարգով մեկնարկեց անկախ Հայաստանի իրավական համակարգը 1991թ․։ Բայց ԽՍՀՄ-ի ղեկավարությունը, համենայն դեպս, լրացուցիչ վերահսկիչ էր կարգել դատարանների վրա՝ դատախազական վերահսկողություն, որն էլ ուղղակիորեն ենթարկվում էր կառավարությանը։ Եվ ընդհանրապես, դատախազությունն էր տալիս կալանքի սանկցիաները, իրականացնում նախաքննությունը և միայն նախաքննության ավարտից հետո պաշտպանն իրավունք ուներ ծանոթանալու քրեական գործին և հանդիպել պաշտպանյալի հետ։ Եվ թե ինչպիսի դաժան, անվերահսկելի խոշտանգումներով էր ընթանում նախաքննությունը 90-ականներին, միայն մղձավանջային երազում կարելի է պատկերացնել։

Հիշում եմ՝ 1997թ․ քաղաքական դատավարություններից մեկի ժամանակ, դատավոր Հ․Ղ․-ն հորդորեց․ «Եթե տղաներին ազատ արձակեմ (արդարացման մասին խոսք չկար), կարո՞ղ եք իմանալ, հո գլխավոր դատախազը բողոք չի՞ բերի»։  Սակայն նույնիսկ այսպիսի դատական համակարգը ձեռք չէր տալիս այն ժամանակվա ժողովրդի իշխանությանը։ Եվ 1995թ․ կեղծիքներով «ժողովրդին» պարտադրած Սահմանադրությամբ,  դատական համակարգն ուղղակիորեն ենթարկեցվեց ՀՀ նախագահին։

Այսպես, ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի՝ 

«Հայաստանի Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Սահմանադրության «Դատական իշխանությունը» գլխի 94-րդ հոդվածի համաձայն՝

«Դատական մարմինների անկախության երաշխավորը Հանրապետության նախագահն է: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը»։

Ահա այս արդարադատության խորհուրդն էլ նշանակում և ազատում էր «անկախ դատավորներին»։

1998թ., համաձայն արդեն նոր Սահմանադրության, փոփոխություններ կատարվեցին դատական համակարգում. վերացավ դատախազական վերահսկողությունը (այլևս դրա կարիքը չկար, գործում էր նախագահական վերահսկողությունը), կալանքի սանկցիաներն արդեն տալիս էր դատարանը, նախաքննության սկզբից պաշտպանը մասնակցում էր։ Բարեփոխու՞մ էր, արդյոք, այս ամենը։ Իհարկե՝ այո, բայց խիստ մասնակի, իսկ ամենակարևորը՝ դատական համակարգի անկախության հարցը ոչ միայն չլուծվեց, այլև այն ուղղակի կախման մեջ դրեց միապետ-նախագահից։

2001թ., դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանի պարտավորություններից էր դատական համակարգի անկախությանն ուղղված սահմանադրական և օրենսդրական բարեփոխումները։ Հիշում եմ, թե ինչպես էին Հայաստանի իշխանությունները դիմադրում ԵԽ Վենետիկի հանձնաժողովին, վերոնշյալ 49 և 94 հոդվածների փոփոխություններին։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքյոն չդիմացավ․ «Հայաստանի իշխանությունները մեզ հետ պինգ-պոնգ են խաղում»։ Ի վերջո, կողմերը եկան համաձայնության՝ 49 հոդվածը մնաց անփոփոխ, բայց ՀՀ նախագահն այլևս արդարադատության խորհրդի նախագահը չէր։ Այնուամենայնիվ, Սահմանադրության 95-րդ հոդվածով դատավորների նշանակման վերջին խոսքը մնաց ՀՀ նախագահին։ Ահա այսպիսի սահմանադրական փոփոխություններ պարտադրվեցին այս անգամ էլ 2005թ.։ Բարեփոխու՞մ էր, արդյոք, սա։ Դժվարանում եմ ասել, եթե այո, ապա զուտ ձևական։

Հաջորդ դատաիրավական փոփոխություններն արդեն 2015թ. նույնպես պարտադրված սահմանադրական փոփոխություններով էին պայմանավորված։ Տեսականորեն դատարանակազմական դրույթները նոր Սահմանադրությամբ կարծես էական առաջընթաց էին արձանագրում։ Առանց մանրամասների մեջ մտնելու նշենք, որ դատական համակարգի ձևավորմանը մասնակցում է ԱԺ որակյալ մեծամասնությունը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով, կամ 60 %-ով, իսկ վերջին խոսքն, այսինքն՝ դատավորներին պաշտոնում հաստատելն արդեն Խորհրդարանական կառավարման համակարգի նախագահինն է, որը չունի որևէ գործադիր իշխանության լծակ։ Կարծես թե  փորձ է արվել լուծել դատական անկախության խնդիրը, չէ՞ որ գործադիրը ձևավորվում է պատգամավորների բացարձակ մեծամասնություն (ըստ Ընտրական օրենսգրքի՝ 53 %  ) ունեցող քաղաքական ուժի կողմից, իսկ այ դատականը կձևավորվի ընդդիմության հետ ավելի լայն համաձայնության արդյունքում, որով էլ կերաշխավորվի դատական համակարգի անկախությունը։ Դեռ մի կողմ թողնենք, որ 60%-ը հնարավորություն չի տալիս քաղաքական ուժերի միջև առանձնապես լայն համաձայնության, հաշվի առնելով նաև հնարավոր կոալիցիաների ստեղծումը, որն էլ կդներ դատարաններին կոալիցոն կախման մեջ։ Բայց..., բայց 2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը «հավաքեց» 60 % ՝ որակյալ մեծամասնություն և ձևավորեց, իր կարծիքով,  յուրային դատական համակարգ։ Իսկ ինչու «իր կարծիքով  յուրային»՝ ստորև։

Ինչևէ, Հայստանում մենք միշտ ունեցել ենք կամ կոմկուսից, կամ քաղաքական մեծամասնությունից, կամ փոքրամասնությունից կախյալ դատարաններ, բայց երբեք անկախ դատական իշխանություն։

2018թ. «թավշյա, սիրո, հանդուրժողականության, վենդետան մերժող և այլն» հեղափոխությունից հետո, դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում, արդեն նոր, իշխանության եկած, Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա ղեկավարվող «Իմ Քայլը» քաղաքական ուժը խորհրդարանում ունի ավելի քան 70 % մանդատ, արդեն ոչ միայն որակյալ, այլև սահմանադրական մեծամասնություն։ Եվ ողջ, ինչպես սահմանադրական, այնպես էլ ապագա դատաիրավական փոփոխություններն ու դատական համակարգի ձևավորումը կախված էր միմիայն Նիկոլ Փաշինյանի, կներեք՝ «Իմ քայլ» խմբակցության քաղաքական կամքից։ Բայց ո՛չ անցյալ տարի գործադիր իշխանության գալով, ո՛չ էլ անցյալ տարվա դեկտեմբերի արտահերթ ընտրություններից հետո, ստանձնելով օրենսդիր և գործադիր մարմինների միանձնյա ղեկավարումը, Նիկոլ Փաշինյանը կարծես «մոռացել» էր դատաիրավական փոփոխությունների մասին։ Իսկ ինչու էր «մոռացել», պարզ պատճառով։ Այն պարզ պատճառով, որ նա հիանալի գիտակցում էր, որ նույն հանրապետականների «յուրային» դատավորների գերակշիռ մեծամասնությունը բնազդաբար կատարելու էր նոր մեծամասնության կամքը։ Օրինակնե՞ր, խնդրեմ․ մինչ հեղափոխությունը ընթանում էին քաղաքական հնչեղության մի շարք գործեր՝ «Ժիրայր Սեֆիլյան», «Անդրիաս Ղուկասյան», «Սասնա Ծռեր», «Սամվել Բաբայան» «Նորքի գործ»։ Դատարանները մերժում էին փաստաբանների բոլոր միջնորդությունները խափանման միջոցի փոփոխման, նվաստացնում ամբաստանյալներին և փաստաբաններին, նույնիսկ դատարանի շենքում հաշվեհարդար տեսան ամբաստանյալների հետ։ Պատվե՞ր էր, իհարկե։ Եվ հանկարծ, իշխանափոխությունից հետո նույն, շեշտում եմ՝ նույն դատավորները փոխեցին իրենց վերաբերմունքը և ազատ արձակեցին համարյա բոլորին։ Դատավորներն «անկախացա՞ն», թե՞ այժմ էլ կատարեցին նոր իշխանության պատվերը՝ չգիտեմ։ Կամ նույն դատավորը վճիռ է կայացրել հայտնի «Առագաստի», «Շանթի և ընկերների», «Մարտի 1-ի» գործերով, այսօր էլ նույն փութաջանությամբ դատում է Մանվել Գրիգորյանին։ Եվ հանկարծ զայրացած վարչապետը իր ելույթում «հիշեց» դատական համակարգի նախկին կոռումպացված ռեժիմից կախվածության մասին։ Պատճառն ավելի քան պարզ է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատումը։ Այսինքն՝ այնուամենայնիվ դեռևս կան դատավորներ, որոնք չեն արտահայտում ժողովրդի մեծամասնության, այսինքն իր՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով ժողովրդի, այսինքն՝ իր իշխանության կամքը։ Ձեռնպահ մնալով գնահատել դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշման իրավաչափությանը՝ արձանագրենք, որ այս առիթով, կարծես թե, մեկնարկ է տրված վաղուց անհրաժեշտ դատաիրավական փոփոխություններին։ Արդ, ինչպիսի՞ք կլինենեն այդ փոփոխությունները, դատաիրավակա՞ն, ներառելով ողջ շղթան՝ ոստիկանությունից, քննչական մարմիններից, դատախազությունից մինչև դատարաններ, թե՞ զուտ դատական։ Հիշենք, որ ընդդիմադիր գործիչ և արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դեմ էր ԱԱԾ, Ոստիկանության, քննչական մարմինների վարչապետին կամ կառավարությանը կից մարմիններ լինելուն։ Բայց հետո «պարզվեց» որ այդ մարմինները եթե առաջ, նախկին կոռումպացված ռեժիմի ժամանակ, չարին էին ծառայում, ապա այժմ՝ բարուն, այսինքն՝ «ժողովրդին»։ Զարմանալիորեն վարչապետի սույն որոշումը «ծափահարություններով» ընդունեցին, մինչ այդ համակարգը խստորեն քննադատող քաղհասարակության, այժմ «Իմ քայլը» դաշինքի անդամները։ Եվ, հավանաբար, վարչապետի խոսքը վերաբերում է միայն դատական համակարգին։ Դատականի հետ կապված՝ դրանք կլինեն սահմանադրակա՞ն փոփոխություններ, օրինակ, դատական համակարգի ձևավորման խորհրդարանական որակյալ մեծամասնության շեմը 60 %-ից դարձնել, օրինակ, 90 % և հետո նոր «թարմացնել» և ԲԴԽ-ն և նրա միջոցով դատական ողջ համակարգը:

Եվ վերջապես, նկատառումներ աղմուկ հանած դատավորների վեթինգի մասով։ Այն, որ դատավորների, թերևս, մեծամասնությունը ծառայել և կատարել է իշխանությունների պատվերները, կարծում եմ՝ երկու կարծիք լինել չի կարող։ Խոսքը հատկապես վերաբերում է քաղաքական հնչեղություն ունեցող, յուրայինների «քաջագործությունները» կոծկող, անձանց սեփականազրկելու դատական որոշումներին։ Եվ այս նույն պատվեր կատարող  դատավորներին թույլ էր տրվում այլ դատական գործերով «հարստանալու»։ Այո, ես էլ եմ կարծում, որ այսպիսի դատավորներից պետք է ազատվել, թերևս, վեթինգի միջոցով։ Իհարկե, որևէ արդարացում չունեն այդ խմբի դատավորները՝ վերևից եկող պատվեր կատարելը նրանց չի ազատում պատասխանատվությունից։ Բայց… բայց, արդյոք միայն դատավորնե՞րը։ Իսկ նույն վերոնշյալ քրեական գործեր հարուցող քննիչնե՞րը, մեղադրանք պաշտպանող դատախազնե՞րը, սեփականությունից զրկելու հայցերով դատարան դիմող քաղաքապետարանների իրավաբաննե՞րը, և այս բոլորին ուղղորդող պաշտոնյանե՞րը։ Թե՞ այսօր նույն քննիչները, դատախազներն ու քաղաքապետարանների իրավաբաններն արդեն ծառայում են «բարուն»։ «Նախկին կոռումպացված ռեժիմի» կողմից նշանակված գլխավոր դատախազը նույն մինչհեղափոխական Հայաստանում պաշտպանում էր վերոնշյալ քաղաքական դատավարություններում մեղադրանքները, դեմ էր խափանման միջոցների փոփոխմանը, գործ էր հարուցում Նիկոլ Փաշինյանի դեմ, իսկ այսօր դարձել է հեղափոխության խորհրդանիշներից մեկը և անձամբ է մասնակցում Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, իհարկե՝ առանց ցուցումի։ Կամ նույն խոշտանգումների, լրագրողների, ցուցարարների նկատմամբ բռնությունների գործերի քանի՞ տոկոսն է «լռվել» (կարճվել, կասեցվել ) քննչական մարմիններում և դատախազությունում: Էլի հիշեցի նույն 1997թ. քաղաքական դատավարություններից մեկը վարող դատավոր Մ.Կ.-ին։ Նա նույնպես չէր ցանկանում դատապարտել տղաներին և անընդհատ դատը հետաձգում էր, սակայն  ճնշումը նրա վրա ահավոր էր։ Դատական հերթական ընդմիջմանը մեզ՝ պաշտպաններիս հրավիրեց իր աշխատասենյակ և հուզված, կերկերուն ձայնով ասաց․ «․․․Ախր գիտեք, բոլորի անունները՝ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ մոռացվելու են, միայն հիշվելու է դատավորի անունը»։

Եվ վերջապես, հատուկ քննիչների մասին։ Իր հայտնի ելույթում վարչապետը, քննատադելով հակաժողովրդական դատավորներին, որպես փաստարկ բերեց քննիչների դժգոհությունը, թե հաճախ նրանք խուսափում են մեղադրանք ներկայացնելուց, քանի որ «հին ռեժիմի» դատավորները կարող են դրանք մերժել։ Իմ համոզմամբ, ոստիկանություն-քննչական մարմիններ-դատախազություն-դատարաններ շղթայում, իրենց մասնագիտական հմտություններով ամենաթույլ օղակները ոստիկաններն ու քննիչներն են։ Եթե դատախազ և դատավոր նշանակվելու համար բավարար չէ միայն իրավաբանի դիպլոմ ունենալը և լավից վատից Ակադեմիա են ավարտում, նրանցից  որոշակի մասնագիտական ստաժ է պահանջվում, ապա քննիչները…  նրանցից եթե ոչ բոլորը, ապա գերակշիռ մեծամասնությունը չի տիրապետում կրիմինալիստիկայի տարրական  գիտելիքներին և հմտություններին՝ տեղազննություն, մատնահետքեր վերցնել և այլն։ Նրանց «հմտությունները» սահմանափակվում են միայն օպերատիվ տվյալներով, ցուցմունքներ կորզելով և մեղադրյալին «կոտրելով»՝ հլու-հնազանդ դատարանից պահանջելով խափանման միջոցը կալանք  կիրառել։ 2007թ. Լևոն Գուլյանի հայտնի գործով խոշտանգման հետքերը կարողացան հայտնաբերել միայն ԵԱՀԿ-ի կողմից հրավիրված միջազգային փորձագետները։ Իսկ նույն գործով հերթական դատական նիստից հետո, դատախազն ինձ շշուկով ասաց․ «Պատկերացնու՞մ եք մեր վիճակը, որ անգրագետ քննիչների կազմած գործը ստիպված պետք է պաշտպանենք»։

Ամփոփում

Այսպիսով, իրական դատաիրավական բարեփոխումներ կատարելու համար անհրաժեշտ են սահմանադրական և օրենսդրական փոփոխություններ։

  1. Դատակական համակարգի (ԲԴԽ, Վճռաբեկ դատարանի անդամներ), նաև գլխավոր դատախազի, քննչական մարմինների (Հատուկ քննչական ծառայությունն ու Քննչական կոմիտեն հանել կառավարությանն, այսինքն՝ վարչապետին կից լինելու կարգավիճակից) ընտրության շեմը բարձրացնել 60% -ից մինչև 90%։
  2. Ոստիկանությունը և Ազգային անվտանգությունը դարձնել նախարարություններ՝ խորհրդարանական վերահսկողության ներքո։
  3. Վեթինգը պետք է վերաբերվի ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ ողջ շղթային։
  4. Վեթինգի հանձնաժողովը պետք է ձևավորվի ոչ կուսակցական, քաղաքական համակրանքներից կամ հակակրանքներից զերծ մասնագետներից։

Այսպիսով, կլինե՞ն  իրական դատաիրավական բարեփոխումները, թե՞ «ժողովուրդը» կստիպի «կոռումպացված, նախկին ռեժիմին ծառայող», իրականում հատուկենտ անհնազանդ դատավորներին, սպառնալով և ստիպելով հրաժարական տալ և 70 %-ից ավելի մեծամասնությամբ նշանակել նոր՝ յուրայիններով համալրված ԲԴԽ և յուրային դատավորներ, և այդքանով կավարտվեն բարեփոխումները։

Եթե, ամենայն հավանականությամբ, վերջին տարբերակն է լինելու, և այս անգամ դատարանները ծառայելու են «բարուն», ապա դարձյալ կունենանք «Ձայն բարբառոյ  դատարանի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter