HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Վերաքննիչ դատարանի դատավորը և նրա ազգական փաստաբանը մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ

«Լիդեր» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սամվել Հակոբյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին և նրա քրոջ որդուն՝ «Լոյերս լո» ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան Գևորգ Սամվելի Հարությունյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ:

Երևանի դատարանի Նոր Նորքի նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ քննվում է «Լիդեր» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի բողոքը՝ քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշման դեմ: 2017-2018 թթ-ին Սամվել Հակոբյանը դիմել էր իրավապահներին՝ հաղորդում տալով այն մասին, որ իր ընկերության շահերը դատարանում պաշտպանած «Լոյերս լո» ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան Գևորգ Սամվելի Հարությունյանը խարդախությամբ տիրացել էր ընկերության բաժնետոմսերին: 2017 թ-ի հունիսին քրեական գործ էր հարուցվել, իսկ սեպտեմբերին Սամվել Հակոբյանը ճանաչվել էր տուժող: Մեկ ամիս անց քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով: Սամվել Հակոբյանը դիմել էր դատարան՝ քննիչի որոշումը վերացնելու պահանջով, սակայն 1-ին ատյանի դատարանը բողոքը չէր բավարարել: Դրանից հետո վերաքննիչ դատարանը բողոքն ուղարկել էր 1-ին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:

Երևանի դատարանում մայիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստում քննվում էր խարդախության փաստի առթիվ հարուցված քրեական գործի կարճման օրինականության վերաբերյալ բերված բողոքը, սակայն Սամվել Հակոբյանը նախ անդրադարձավ կաշառք տալու դեպքին, որը առանձնացվել էր քրեական գործից և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ քրեական գործ չէր հարուցվել հանցադեպի բացակայության հիմքով: Սամվել Հակոբյանն ասաց, որ ՀՔԾ-ի որոշումը ինքը բողոքարկում է, և հիմա գտնվում է Վճռաբեկ դատարանում:

«Նախանցյալ նիստում ես հայտնեցի, որ Գևորգ Հարությունյանն (փաստաբան) առաջին ատյանի նիստի համար ինձնից պահանջեց 12 հազար դոլար գումար, որը ես իրեն տրամադրեցի 5 միլիոն դրամ, 20 հազարանոց դրամների ձևով: Իբրև թե դատական ծախսերի համար: Հետո ասեց, որ սիմվոլիկ դատական ծախսեր կլինեն վերաքննիչ դատարանում և նույն տիպի սիմվոլիկ գումարների կապակցությամբ հարցեր կլինեն Վճռաբեկ դատարանում: Ես մանրամասները չհարցրեցի, չպարզաբանեցի, թե ինչ դատական ծախսերի մասին է խոսքը: Ես այդ գումարը տվեցի Գևորգ Հարությունյանին, 2 անգամ ես մասնակցեցի դատական նիստին: Դատավոր Ռուբեն Բունիաթյանը բավականին խիստ էր վերաբերվում, երբ ես ինչ-որ հայտարարություններ էի անում իր թույլտվությամբ: Դատավարությունն ավարտվեց, վճիռը կայացվեց մեր օգտին, դրանից հետո Գևորգ Հարությունյանն ասեց, որ 13 հազար դոլար տվել է վերաքննիչ դատարանում, որտեղ նախագահողն իր հարազատ մորաքույր Աստղիկ Խառատյանն էր և 17 հազար դոլար տվել է Վճռաբեկ դատարանում մեր օգտին որոշումներ կայացնելու համար: Ես հարցրեցի Գևորգին՝ որ ասում էիր խնդիր չկա, մորաքույրս է, հարցը հեշտությամբ կլուծվի, ինչի կապակցությամբ կա 13 հազար դոլարի տված կաշառքը, առավել ևս որ հարազատ մորաքույրդ է, խնդիր չունես ոչ մի ասպարեզում: Ասաց, բացի Աստղիկ Խառատյանից այնտեղ կա ևս երկու դատավոր: Ես կատակով հարցրեցի՝ բա 13 հազարը 3-ի նորմալ չի բաժանվում: Պատասխանեց, որ նախագահող դատավորի բաժինն ավելի մեծ է, ես էլ չվիճեցի»,- դատարանում հայտարարեց Սամվել Հակոբյանը:

Նիստին մասնակցում էր նաև փաստաբան Գևորգ Հարությունյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Ղազարյանը: Վերջինս նիստի մեկնարկին ի պատասխան դատարանի հարցի՝ ասաց, որ չի ցանկանում տեսանկարահանվի՝ անձնական կյանքի գաղտնիությունից ելնելով: Դատարանը մեզ թույլատրեց տեսանկարահանում իրականացնել, սակայն այն պայմանով, որ Կարեն Ղազարյանին չտեսանկարահանենք: Կարեն Ղազարյանը հայտարարեց, որ Սամվել Հակոբյանը երկրում իրադրության փոփոխմամբ պայմանավորված է նման հայտարարություններ անում, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Անդրադառնալով խարդախության փաստի առթիվ հարուցված և կարճված քրեական գործին՝ Սամվել Հակոբյանը հայտարարեց, որ ՔԿ քննիչ Շամս Ղազարյանը փաստաբան Գևորգ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո իրեն հրավիրել է ՔԿ: Քննչական կոմիտեում քննիչը Հակոբյանին ասել է, որ քրգործը կարճելու է, քանի որ «ղեկավարությունից այդպես են ասել»: Քննիչ Ղազարյանը, սակայն հայտարարեց, որ նման բան չի եղել և որ ինքը Սամվել Հակոբյանին հրավիրել է կոմիտե կարճման նախապատրաստվող քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: Հակոբյանը նաև հայտարարեց, որ քննիչը իրեղեն ապացույցներ (կեղծված պայմանագրեր) է վերադարձրել փաստաբան Գևորգ Հարությունյանին: Քննիչն այս պնդումը ևս հերքեց:

Հաջորդիվ մանրամասն կներկայացնենք հարուցված և կարճված գործը, որտեղ մեղադրյալի կարգավիճակում էր հայտնվել փաստաբան Գևորգ Հարությունյանը:

Մեկնաբանություններ (2)

Հրաչյա Հովհաննիսյան
Ակնհայտ է , որ Ս. Հակոբյանը փորձում է դատարանների և դատավորների նկատմամբ երկրում ստեղծված իրավիճակը օգտագործել շահադիտական նպատակներով և օգտվելով իշխանությունների կողմից դատավորների նկատմամբ ստեղծված հասարակական անառողջ մթնոլորտից թիրախավորել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորին : Եթե Ս.Հակոբյանը ազնիվ և օրինապահ անձնավորություն լիներ , ապա նախ, ինչու՞ է կաշառք տվտլ և , եթե իրեն պարտադրել են , ինչու՞ ժամանակին չի դիմել իրավապահ մարմիններին: Այսպիսով դատավորների զտման գործընթացում ի հայտ է գալիս հանցավորության մի նոր տարատեսակ, որը կարելի է անվանել ՙ<վեթթինգմանյա >, այնպես ինչպես տարերային աղետների և զանգվածային հուզումների ժամանակ ի հայտ է գալիս թալանչիությունը : Իրավապահ մարմինները իրենց ուշադրությունը պետք է սևեռեն այս նոր հանցատեսակի նկատմամբ և կանխեն նրա տարածումը:
Albert
Надеюсь,что справедливость восторжествует. Незаконным путем отобранное предприятие должно быть возвращено Самвел у Акопяну.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter