HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրենիք վերադարձած սիրիահայ գրողը 92 տարեկանում ակտիվ ստեղծագործում է

Վերջին տարիներին Սիրիայում ծավալված պատերազմի արդյունքում Հայաստանում ապաստան գտան շուրջ  15 հազար սիրիահայեր: Մայր հայրենիքում նրանք տեղավորվեցին անտրտունջ: Ի՞նչ աշխատանք գտան և ինչպիսի՞ կացարաններում տեղավորվեցին մեր հայրենակիցները, հարցնել է պետք իրենց, քանի որ տարիներ առաջ Սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արի տուն» բարձրագոչ ծրագիրը, ընդամենը, սփյուռքահայի տուն գալն էր քարոզում: Բայց այդ ծրագրում ներառված չէին հայրենիք վերադարձածների բնակարանների հատկացման և աշխատանքով ապահովելու հարցերը: Բայց ինչպես ասացի, պատերազմի արհավիրքներից փրկված մեր քույրերն ու եղբայրները չտրտնջացին և չդժգոհեցին մեզնից ու սկսեցին ինքնուրույն կազմակերպել իրենց կյանքը:

Սիրիայից հայրենիք ներգաղթողների մեջ կարելի է գտնել հրաշալի մասնագետների, որոնց՝ սփյուռքահայերին հատուկ, հաճելի առոգանության շնորհիվ հաճախ հայտնաբերում ենք իրենց նոր աշխատատեղերում՝ սննդի օբյեկտներում, ավտոսպասարկման կետերում, օպտիկայի արհեստանոցներում և այլուր: Հայրենիքում ապրելով, նրանք իրենց վարքագծով կարծես մեզ օրինակ են ծառայում, որ հայերս կարող ենք ավելի սիրալիր ու ավելի վստահող լինել մեկս մյուսի հանդեպ և ավելի պարտաճանաչ կատարել մեր առօրյա աշխատանքը: Հետաքրքիր է նաև նրանց հուզական աշխարհը, որի  մասին կարելի է պատկերացում կազմել, ընթերցելով սիրիահայ գրողներին: Նրանցից մեկի՝ 92-ամյա Թորոս Թորանյանի «Կրակ ու լույս մոխիրի տակ» բանաստեղծությունների ժողովածուն (տպագրվել է 2018թ.՝ «Լուսակն» հրատարակչության կողմից), կարծում եմ, որ կհետաքրքրի հայ ընթերցողին: Տեղեկացնեմ, որ Թորանյանը Հայաստանի գրողների միության անդամ է 1968 թվականից և Հայաստան ժամանելուց հետո սեփական միջոցներով և բարեկամների աջակցությամբ հրատարակել է 12 անուն գիրք (վերջին երկու տարվա ընթացքում պատրաստել է նաև 3 անուն գիրք՝ արձակ և բանաստեղծություններ):

Իսկ ի՞նչ կրակ ու լույս է փնտրում մոխիրի տակ 92-ամյա բանաստեղծը վերը նշված իր ժողովածույում:

Բնականաբար, հայրենադարձ բանաստեղծի համար գլխավոր արժեքն իր հայրենիքն է, որի մասին նա միշտ երազել է պանդխտության մեջ.

Տունս հոն էր Կիլիկիոյ բարձունքներուն,

Օսմանցին քանդեց տունս, թափառիլ սկսայ,

Ու թափառ չըլլալու համար եկայ անկախ Հայաստան:

Ու հիմա տանս պատշգամէն ամէն, ամէն օր

Դիտելով Արա լեռն ու սրբազան լեռն Արագած

Հրճուանք ալիքներուն լողորդը կըլլամ…:

Հայրենիքի անսասանությունը Թորոս Թորանյանը պայմանավորում է ամեն հայի կողմից իրեն ժառանգվածը օգտագործել կարողանալու մեջ: Ահա նրա եզրակացությունը.

Ամէն հայ իր պապերուն ժառանգին Տէր

Որքա՛ն, որքա՛ն ըլլայ:

Հայաստանը միշտ անսասան կը մնայ:

Մեր ուժը մեր ժառանգին մեջ կը մնայ

Ժառանգուածը եթէ օգտագործել գիտնանք:

Հայաստանի հզորացման մասին երազող բանաստեղծը մտահոգ է մեր թույլ տված սխալների համար: Նա խորհուրդ է տալիս հզորանալ համբերությամբ և խոհեմաբար, հզորանալ առանց աղմկելու: Նա մատնանշում է մեր թերացումներն այդ գործում.

Զօրանալը մէկ օրուան գործ չէ,

Զօրանալը համբերության պտուղն է,

Եւ առաւել թուաբանութեան:

Երբ քայլերն բոլոր հաշուել լաւ կրնաս

Առանց պոռալու, քու մեկ թշնամիդ

Չի կրնար ըլլալ երկու:

Բայց մենք թուրքին դեմ

Պոռացինք յաճախ,

Առանց երբեւէ պատրաստ ըլլալու:

Բանաստեղծն իրավացիորեն մեծ նշանակություն է տալիս բառերին և կարծում է, որ բառեր ընտրելն այնքան էլ հեշտ գործ չէ: Բառերի զորությունը նա պայմանավորում է դրանց հեղինակի ուժեղությամբ և փորձառությամբ.

Բառերն ուժեղ են, երբ գրողն է ուժեղ

Այսօր եւ միշտ բառը պարսատ…… քար չէ

Երբ վրիպի պիտի նշանակէտէն

Բառը սիրոյ մասին է, եթէ

Բարեհունչ ըլլայ պիտի

Ու բխի սիրտէն՝ որ տեղ հասնի:

Բառերը ընտրելը փո՞րձ կուզէ միթէ:

Այո՛ զդժուարինս խնդրեցիր, փորձ կուզե:

Թորոս Թորանյանը դիպուկ կերպով նկատում է հայերիս մտածողության բարդույթներն ու սխալները: « Ծագումով հայ» բանաստեղծության մեջ համեմատելով մեր և այլ ազգերի մտածելակերպերը, նա սթափվելու կոչով դիմում է մեզ՝ ձերբազատվելու կարծրատիպերից և մեր ծագումնաբանությանը վերաբերվել արժանապատվորեն, գիտակցելով, որ հայը՝ պատվանուն է.

Ո՞ր խելառին փչած է խելքին

Որ մեկը կոչէ՝ ծագումով հայ

Ռուսը ըսած է երբեւէ

Որ Պուշկինը ծագումով ռուս է:

Ո՞ր անգլիացին երբեւէ ըսած է.

-Պայրընը ծագումով անգլիացի է:

Մեր կարգին կրնանք ըսել թէ

Սարոյեանը ծագումով հայ է:

Երբ այդ մեծատառով հայուն

Վերջին կաթիլն անգամ

Իր պարփակած տարրերով

Հա՛յ է որ ըսած է.

-Ուր ալ երթաք

Պոռացէք Հայաստան:

Հայը պատուանուն է

Եթե մեկը չընդունիր հայ ըլլալը իր

Թող կորչի մինչեւ դժոխք:

Ծագումով հայ չկայ

Տուեալ մարդ կամ հայ է,

Կամ հայ չէ,

Մենք մուրացկան չենք:

Հայը պատուանուն է:

Որպես վերջաբան ներկայացնեմ, թե ինչպես է տարեց բանաստեղծն իր հենակը համարելով հայրենի երկիրն ու հավատքը, փորձում նույնանալ մայր հողում աճող ծիրանենու հետ («Տարիքը» բանաստեղծության մեջ), իր քաղցրահամ պտուղները մարդկանց պիտանի դարձնելու համար.

Յենակ չունիմ,

Իմ յենակս երկիրս է

Հաւատքս է յենակս

Բխած մայր հողէն երկրիս:

Թափառիլ չեմ սիրեր ես

Խրուած արմատներս

Մայր հողեն երկրիս

Ես ծառ մըն եմ ծիրանի

(«Պտուղներս քաղցրահամ

Բոլոր մարդկանց պիտանի»):

Ռուբեն Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter