HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ոտքով՝ Ստեփանավանի դենդրոպարկ

Հատկապես հանգստյան օրերին Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղից դեպի «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը նմանվում է բանուկ մայրուղու: Ճանապարհը, որի որակից վերջին տարիներին շարունակ բողոքում էին քաղաքացիները, ներկայում վերանորոգվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

Գյուլագարակից մինչեւ դենդրոպարկ հեռավորությունը 3 կմ է, դրա մի մասը (դենդրոպարկի մուտքից սկսած շուրջ 2 կմ) արդեն ասֆալտապատ է, իսկ մյուսն առայժմ միայն խճապատված է:

Զբոսաշրջիկների մեծ հոսքը դենդրոպարկ նախեւառաջ պայմանավորված է փշատերեւ ծառերի փոշոտման սեզոնով, երբ այստեղի օդը հատկապես օգտակար է շնչառական խնդիրներ ունեցողների համար:

Այդուհանդերձ, դենդրոպարկը հիմնադրվել է առաջին հերթին որպես բնապահպանական լանդշաֆտ: Գաղափարի հեղինակը լեհ ինժեներ-անտառագետ Էդմունդ Լեոնովիչն է, որն այգին հիմնել է 1933-ին եւ այն ղեկավարել մինչեւ 1984 թ.: Պատահական չէ, որ նա հենց այստեղ էլ թաղվել է 1986-ին:

Դենդրոպարկի տարածքը շուրջ 35 հա է: Ժամանակի ընթացքում այստեղ ներմուծվել ու փորձարկվել են շուրջ 2500 տեսակի բույսեր, սակայն ոչ բոլորն են հարմարվել:

Ներկայում դենդրոպարկում աճում է մոտ 500 ծառաթփատեսակ, այդ թվում՝ կեչի, ընկուզենի, հիմալայան մայրի, սեքվոյա եւ այլ էկզոտիկ տեսակներ:

Այստեղ աշխատանքներ են կատարվում հավաքածուի պահպանության եւ ընդլայնման, ինչպես նաեւ մեծ պահանջարկ ունեցող տեսակների մշակման ու բազմացման ուղղությամբ:

Զով ու խոնավ ամառներով եւ չափավոր ցուրտ ձմեռներով բարեխառն կլիման նպաստավոր է փշատերեւ, թանկարժեք ու բարձր գեղազարդային (դեկորատիվ) տեսակների բազմացման եւ տարածման համար:

Բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված «Սոճուտ» դենդրոպարկի մուտքը մեկ անձի համար ընդամենը 200 դրամ է: Մի քանի տարի առաջ Լեհաստանի ԱԳՆ-ի ֆինանսավորմամբ այստեղ իրականացվել է «Գյուլագարակի դենդրոպարկի աջակցություն» նախագիծը:  

Զբոսաշրջիկներից շատերն այստեղ են հասնում մեքենայով, ու հատկապես կեսօրից հետո այգու մուտքը վերածվում է ավտոկայանատեղիի, ինչը դժվարացնում է ոչ միայն հետիոտնի անցուդարձը, այլեւ հենց մեքենաների շարժը:  

Փոխարենը շատ բան կարելի է տեսնել Գյուլագարակից կամ հարեւան գյուղերից դենդրոպարկ ոտքով քայլելու դեպքում (այդ թվում՝ դաշտամիջյան ճանապարհներով, որոնցից սիրում են օգտվել, մասնավորապես, արտասահմանցի զբոսաշրջիկները):

Ճանապարհի միջնամասում է գտնվում Տորմակ եկեղեցին, որը 5-6-րդ դարերի կառույց է: Եկեղեցու ավերակներում են նկարահանվել «Տերն ու ծառան» ֆիլմի որոշ դրվագներ:

Դենդրոպարկը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, դրանից արեւմուտք լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկն է՝ Բազումթառը (2796 մ, հայտնի է նաեւ Բզովդալ, Դվալ, Թոդոր անուններով), որը տարածաշրջանի զբոսաշրջային կետերից է՝ դեպի գագաթ արշավներ են կազմակերպվում:

Ընդհանրապես, Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերում (Ամրակից, Գարգառ, Գյուլագարակ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո, Վարդաբլուր) տեսնելու շատ բան կա, այդ թվում՝ Կուրթան գյուղի տարածքում գտնվող Հնեվանք համալիրը (7-12-րդ դդ.), Ամրակից գյուղի ռուսական Ս. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին (19-րդ դար, վերակառուցվել է 1910-1914 թթ., վնասվել է Սպիտակի երկրաշարժից), Գարգառի Ս. Հովհաննես եկեղեցին (1907 թ.), Գյուլագարակի, Հոբարձիի, Կուրթանի, Վարդաբլուրի վաղ միջնադարյան եկեղեցիները:

Գարգառ եւ Գյուլագարակ գյուղերով է անցնում հայ-թուրքական սահմանից մինչեւ հայ-վրացական սահման հասնող Մարգարա-Էջմիածին-Աշտարակ-Ապարան-Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր-Գոգավան միջպետական Մ-3 մայրուղին:

Վանաձորն ու Ստեփանավանն իրար կապող հատվածն անցնում է Բազումի լեռնաշղթայի Պուշկինի լեռնանցքով (Բզովդալի, Դվալի լեռնանցք, բարձրությունը՝ 2038 մ, լեռնանցքի տակ կառուցվել է 1830 մ երկարությամբ թունել, որը կարճացնում է ճանապարհը), որը, ինչպես եւ Պուշկինո գյուղը, անվանակոչվել է ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի պատվին:

Վերջինս 1829 թ. Բզովդալի լեռնանցքով Էրզրում ճանապարհորդելիս այստեղ հանդիպել է մեկ այլ ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը Թեհրանից Թիֆլիս տեղափոխող եզասայլին: 1930-ականներին լեռնանցքում տեղադրվել է «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին» հուշաղբյուրը, որը 2005-ին ռուսական կողմի միջոցներով վերանորոգվել ու տեղափոխվել է Գարգառ գյուղի մոտ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter