HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարոն Սիմոնյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասին. «Ես կցանկանամ, որ ՍԴ-ում այդպիսի գիտնականներ լինեն»

Խորհրդարանում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուի` Արթուր Վաղարշյանի վերաբերյալ քննարկումը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ելույթը սկսեց շահերի բախման մասին խոսելով։ ՍԴ դատավորի թեկնածուն պատգամավորի դասախոսն է եղել, ապա` գիտական աշխատանքների ղեկավարը։

«Պատիվ եմ ունեցել իր ղեկավարությամբ գրել դիպլոմային աշխատանքս։ Հետաքրքիր է, որ համընկնումները շատ էին, մենք դիպլոմային աշխատանքի թեման ընտրեցինք հարիզմատիկ լեգիտիմացման միջոցով քաղաքական իշխանության լեգիտիմացումը։ Պարոն Վաղարշյանի կանխատեսումն էլ այն էր, որ մեր քաղաքական իշխանությունը կարող է լեգիտամացվել բացառապես հարիզմատիկ առաջնորդի միջոցով, ինչը 2018 թվականին մենք տեսանք»,-ասաց պատգամավորը։

Սիմոնյանի խոսքով՝ 2009 թվականին, երբ թեկնածուական ատենախոսություն է գրել, այդ աշխատանքը ևս ղեկավարել է Վաղարշյանը։

«Մենք ընտրեցինք կայուն և անցումային պետաիրավական համակարգերի զարգացման օրինաչափությունները սիներգետիկ աշխարհընկալումով դիտարկելու թեման։ Դա հեղափոխությունների իրականացման ներքին տրամաբանության մասին էր, և էնտեղ էլ կանխատեսումներ էին արվել, և մենք նախորդ տարի պարոն Վաղարշյանի հետ նայում էինք, թե ինչպես է մեր գրած աշխատանքը կենսագործվում կենսականում ու բավականին հետաքրքիր էր։ Պարոն Վաղարշյանի այս կանխատեսող միտքը շատ կարևոր է, ու այն մենք պետք է օգտագործենք ոչ միայն գիտության բնագավառում, այլև իրավունքի ու սահմանադրական իրավունքի մեկնաբանման գործնական բնագավառում»,-ասաց Տարոն Սիմոնյանը։

«Ես շահերի բախումը միանգամից բացահայտեցի, որ իմանաք` դրական վերաբերմունքով պետք է անդրադառնամ պարոն Վաղարշյանին, բայց փորձեմ օբյեկտիվ գնահատական տալ այն աշխատանքին, որը նա կատարել է վերջին տարիներին»,- շարունակեց պատգամավորը։

Տ. Սիմոնյանը կոչ արեց ուսումնասիրել տասը տարվա կտրվածքով ուսանողների գնահատականները։

«Կտեսնեք, որ ամենաբարձր գնահատական ստացած դասախոսն է ամբողջ համալսարանում։ Ես կցանկանամ, որ ՍԴ-ում այդպիսի գիտնականներ լինեն, ովքեր կարողանում են ըմբռնել իրավունքի էությունը և զարգացման տրամաբանությունը»,- ասաց պատգամավորը։

Վերջինիս խոսքով` պատգամավորները սխալված չեն լինի, եթե Վաղարշյանին տան հնարավորություն իր մասնագիտական գիտելիքները դրսևորել բարձր դատարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter