
ԿԳՆ-ն ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է դպրոցի կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարություն սկսել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Երևանի նորակառույց թաղամասերին՝ ընդգծելով, որ այդ բոլոր թաղամասերը չունեն հայկական դպրոցներ, և բնակիչները ստիպված դիմում են մասնավոր դպրոց, ինչը շատ ծախսատար է։
«Ծարավ Աղբյուր» թաղամասում հարակից տարածքը պետք է տրամադրվեր դպրոցի և այգու համար, չգիտես ինչու՝ այն վաճառվել է «Գազպրոմին» («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հեղ.)։ Այնտեղ կառուցվել է գերժամանակակից համալիր, լինելու է դպրոց, որի վճարը կազմելու է 1-1,5 միլիոն դրամ։ Հիմա թաղամասի բնակիչները հայտնվել են խնդրի առաջ, ու այս թաղամասերում մոտ 10 հազար քաղաքացի է ապրում»,- ասաց Սամսոնյանը։
Պատգամավորը, դիմելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել նախարարությունը երեխաների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար։
Նախարարն արձագանքեց՝ տեղյակ է, որ այս թեմայով սոցիալական ցանցերում շատ գրառումներ կան, և խնդիրը հրատապ է։
«Այդ խնդիրը ոչ միայն այդ թաղամասում կա, այլ մի շարք այլ վարչական շրջաններում, օնլայն հայտագրման համակարգը միտված էր նրան, որ ամբողջական պատկեր ունենանք և ունենում ենք։ «Ծարավ Աղբյուր» թաղամասում կա խնդիր, էնտեղ պետք է կառուցվեր դպրոց, հետագայում այն այլ կազմակերպության է տրվել, և դպրոցը մատուցելու է վճարովի ծառայություն»,- ասաց Հարությունյանը։
Նախարարը տեղեկացրեց՝ նախարարությունում քննարկում են կապիտալ ներդրումների մի քանի լուրջ ծրագրեր։
«Ներդրման տեղերից մեկը դպրոցի և դպրոցական կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարությունն է։ Այս պահին որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել «Ծարավ Աղբյուրի» հետ կապված, բայց մենք դիտարկում ենք ամբողջ Երևանը և ոչ միայն Երևանը՝ ծրագրի իրագործման համար»,- ասաց Հարությունյանը։
Սամսոնյանն արձագանքեց՝ հասկանում է, որ դպրոցաշինության ծրագիրը երկար ժամանակ է պահանջում, սակայն հետաքրքրվեց, թե չկա՞ որևէ ժամանակավոր լուծում այդ թաղամասի բնակիչների համար, օրինակ՝ «Գազպրոմից» ժամանակավոր տարածք վարձակալելը։
Հարությունյանը չբացառեց, որ այդ տարբերակը կքննարկեն «Գազպրոմի» ղեկավարության հետ։
Մեկնաբանել