HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Բերձոր համայնքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ

Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ հիմնադրամը Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակից նյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Հուշագիրը ստորագրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը և կրթական հիմնադրամի նախագահ, բարերար Անուշավան Աբրահամյանը: Համագործակցությունն իրագործվել է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավարումն ու ժամանակակից ուսումնական և մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից:

Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչև 8 մասնագիտություն,  կստեղծվի մինչև 50 աշխատատեղեր: Բացումը նախատեսվում է 2020 թվականին:

Կարևորելով հուշագիրը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե  Աղաբալյանը նշել է, որ միջին որակավորմամբ մասնագետ-արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում և ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով գործատուների և աշխատաշուկայի առաջնահերթությունները. «Ստեղծելով նման կրթական հաստատություն և պատրաստելով  համապատասխան մասնագետներ՝ մենք կսկսենք ավելի արդյունավետ օգտագործել մեր ունեցած ռեսուրսները, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը: Այս ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ կրթության և գիտության ու ԱՀ գյուղատնտեսության  նախարարությունների հետ համագործակցությամբ»,- ասել է Ն. Աղաբալյանը:

Բարերար Անուշավան Աբրահամյանը նշել է, որ հիմնադրամը  կրթական ծրագրեր է իրականացնում հատկապես միջին  մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում` նպատակ ունենալով աջակցել մարզերում ապրող   երիտասարդներին` մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում :

«Հայաստանի 9 մարզերում բացել ենք արհեստագործական ուսումնարաններ, որտեղ ուսուցանվում են վարսավիրական,   հասարակական սնունդ և սապասարկում, կար ու ձև, դիզայն, փայտամշակում, շինարարական  հարդարման աշխատանքներ, համակարգիչների վերանորոգում, ռոբոտաշինություն, ծրագրավորում, գինեգործություն, ոսկերչություն և այլն: Խորհրդակցելով ԱՀ ԿԳՍ  նախարարության ներկայացուցիչների հետ, մենք՝ հիմնադրամի ներկայացուցիչներս, նկատել ենք, որ Արցախում գյուղատնտեսական մեծ հնարավորություններ կան, սակայն մասնագետները քիչ են: Այդ պատճառով որոշել ենք Բերձորում ստեղծել գյուղատնտեսական   քոլեջ, որտեղ կպատրաստվեն անհրաժեշտ մասնագետներ»,- նշել է Ա. Աբրահամյանը՝ ընդգծելով, որ իրենց նպատակն է` մշտապես   օժանդակել  կրթական հաստատություններին և պայմանը` առանց  հիմնադրամի թույլտվության ուսումնական հաստատությունները  չօգտագործել այլ  նպատակներով:

Հայաստանի կրթության և գիտության  նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության   վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով` Բերձորում գյուղատնտեսական քոլեջ հիմնելու ծրագիրը Արցախի և Հայաստանի  կրթական համագործակցության հերթական գործնական արդյունքն է. «ՀՀ ԿԳՆ  կտրամադրի ներդրվող    մասնագիտությունների բոլոր չափորոշիչները, ձեռնարկները, դասագրքերը: Կկազմակերպի դասախոսների վերապատրաստում, ինչպես նաև ուսումնական ծրագրում կներդնենք  ձեռնարկատիրական մոդուլը, որը  մեր ծրագրային նորություններից է և Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է: Այն նպատակ ունի շրջանավարտներին տալ ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ, այլև  ձեռնարկատիրական հմտություններ»,- մասնավորապես նշել է Ա. Աղբալյանը:

«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006 թվականից Հայաստանի  մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բերագործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում: Արցախում հիմնադրված քոլեջը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից հովանավորյալ տասներորդ միջին մասնագիտական կրթական հաստատությունն է :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter