
Իրանի քաղաքացին լողալով մոտ 7 կգ թմրանյութ է անցկացրել Հայաստան
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մուհամմադ Էսմաիլին և Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ջուլվեր Կարախանյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ մաքսանենգությամբ փոխադրելու մեջ: Մեղադրյալները, Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելով, փորձել են թմրամիջոցները տեղափոխել Վրաստան: Գործը դատարանում է:
Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ նիստին ցուցմունքով հանդես եկավ վկա Մանուշակ Մինասյանը, որի՝ գործին առնչության մասին տվյալներ չհրապարակվեցին: Ըստ նրա` Մուհամմադ Էսմաիլիի գործընկերները առաջարկել են թմրանյութ տեղափոխել Հայաստանից Վրաստան: Վկան հայտնեց, որ առաջարկությունը ստանալուց հետո այդ մասին տեղեկացրել է ԱԱԾ-ին: Ըստ ցուցմունքի` Իրանից մոտ 7 կգ թմրանյութը Մուհամմադ Էսմաիլին տեղափոխել է՝ լողալով Արաքս գետը, սահմանը ապօրինի հատել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արաքսավան գյուղի մոտակայքում:
Մանուշակ Մինասյանը նախապես պայմանավորվածություն է ունեցել Իրանի երկու այլ քաղաքացիների` Ալիի և Իրաջի հետ, որոնք նշել են, թե որ տարածքով է իրենց գործընկերը մուտք գործելու Հայաստան: «Երբ Մուհհամադին (ինձ ներկայացել էր Մեիդին) հարցրի` ինչ է տեղափոխում, որովհետև երբ հանդիպեցի, ուսին սպորտային պայուսակ էր, ասաց՝ թերյակ, դա պարսկերեն նշանակում է թմրանյութ: Ինձ 5 կգ էին ասել, բայց Մուհամմադը ասաց, որ 7-8 կգ կլինի»,- նշեց վկան:
Մեղադրյալ Մուհամմադ Էսմաիլին սակայն դժգոհեց` պնդելով, որ վկան սուտ է խոսում: «Էս կինը սուտ է ասում, նա հարցրել է` ինչ է պայուսակում, ես ասել եմ՝ չգիտեմ, հարցրել է թմրանյութ է, ասել եմ չգիտեմ»,- պնդեց մեղադրյալը:
Ըստ նախնական պայմանավորվածության` վկան պետք է Մուհամմադ Էսմաիլիին և ձեռքի սպորտային պայուսակը մեքենայով տաներ Ալավերդի քաղաք, որտեղ կկարողանային սահմանը հատել ապօրինի կերպով, քանի որ Մուհամմադ Էսմաիլին անձնագիր չի ունեցել: «Արաքսավանից Կուբաթլուով եկանք, վատ ճանապարհ էր, Իրաջն էր ասել, թե որ ուղղությամբ շարժվենք, նա Արցախը լավ գիտի, ասել էր նաև, որ Արաքսավանի որ մասից պետք է անցնեին»,- նշեց վկան՝ ներկայացնելով նաև, որ ինքը ստուգել է, թե պայուսակի մեջ ինչ կա, տեսել է պոլիէթիլենային տոպրակներով փաթաթված կանաչավուն զանգված:
Մանուշակ Մինասյանը և Մուհամմադ Էսմաիլին, սակայն, որոշել են ոչ թե Ալավերդի գնալ Վանաձորով, այլ գալ Երևան և այդտեղից շարժվել դեպի Վրաստան, սակայն Արտաշատ-Երևան խճուղու վրա ԱԱԾ-ի աշխատակիցները ձերբակալել են Իրանի քաղաքացուն:
Դեպքը տեղի է ունեցել 2018-ի օգոստոսի 10-ին, իսկ մինչև Արցախ Հանրապետության Արաքսավան գյուղ հասնելը վկան Հայաստանում հանդիպել է մյուս մեղադրյալ Ջուլվեր Կարախանյանին, ումից ստացել է 400 դոլար գումար` Արցախ մեկնելու համար:
Վկան հաստատեց, որ Մուհամմադ Էսմաիլին թմրանյութն անց է կացրել լողալով Արաքս գետը, քանի որ երբ հանդիպել են, հագուստը խոնավ է եղել և «վրայից վատ հոտ է եկել»:
Մանուշակ Մինասյանը, բացի իրանցիներից, պայմանավորվել է նաև Վրաստանի մեկ այլ քաղաքացի Վասոյի հետ, ում էլ պետք է հասներ թմրանյութը: Վրաստանի քաղաքացին էլ հայտնել էր, որ Մանուշակին և Մուհամմադին կդիմավորի Ջուլվեր Կարախանյանը: «Ինձ ասաց՝ եթե նորմալ հասնեք, կգաք Վրաստան, կպարգևատրեմ»,- ասաց վկան՝ հավելելով, որ խոստացել են ևս մեկ անգամ նույն գործողությունն անելու դիմաց Մանուշակ Մինասյանին վճարել 5000 ԱՄՆ դոլար:
Ջուլվեր Կարախանյանին ԱԱԾ-ի աշխատակիցները ձերբակալել են Ապարանի ճանապարհին: Ըստ վկայի` Կարախանյանը ևս տեղյակ է եղել, որ թմրանյութ են տեղափոխում, սակայն դատարանի դահլիճում Կարախանյանը ևս դժգություն հայտնեց, որ ինքը սպասելիս է եղել, որ մարդ տեղափոխի, իսկ Մանուշակ Մինասյանը «ուզեցել է զոռով սումկա գցի ավտոյի մեջ»:
Վկայի հարցաքննության ավարտից հետո պաշտպաններ Մհեր Ասլանյանը և Անժելա Հոբոսյանը միջնորդություն ներկայացրին հրապարակել նաև վկայի նախաքննական ցուցմունքները` հակասություն տեսնելով ցուցմունքների միջև: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց միջնորդությունը: Քանի որ աշխատանքային օրն ավարտվել էր, նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 14-ին:
Մեկնաբանել