
Կառավարությունը փոխհատուցեց Նկարիչների միության հարկային պարտավորությունները
Կառավարությունը մոտ 18,5 միլիոն դրամ հատկացրեց մշակույթի նախարարությանը, որպեսզի վերջինս տրամադրի «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ին՝ ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները մարելու համար։
Մշակույթի նախարարության հաղորդմամբ՝ հարկային պարտավորություններն առաջացել են ՀԿ-ի նախկին ղեկավարության գործունեության ժամանակահատվածում: Իսկ այդ գումարը հաշվարկվել է Պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգման արդյունքով։
Նախարարությունը կառավարությանը հայտնել է, որ այս պարտավորություններն առաջացել են 2015թ-ի սեպտեմբերից մինչև 2017 թվականի հունվար կազմակերպության վարձակալությամբ տրված տարածքներից ստացված վարձավճարներից։ 2015 թվականի Հարկային օրենսդրությամբ այդ գործարքները համարվել են ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող գործարքներ, սակայն, ըստ Նկարիչների միության նախկին նախագահի, քանի որ նախորդ տարում չեն գերազանցել 58.3 միլիոն դրամ շրջանառության շեմը, տեղյակ չեն եղել, որ պետք է կատարեին ԱԱՀ վճարներ։
««Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ն պարտաճանաչ կերպով կատարել և կատարում է ընթացիկ հարկային պարտավորությունները, սակայն կազմակերպության հարկային բեռն օրեցօր մեծանում է, քանի որ վճարված գումարներով մարվում է ԱԱՀ-ի մայր գումարը, իսկ վճարվող եկամտային հարկի գումարների նկատմամբ շարունակվում են հաշվարկվել տույժեր և տուգանքներ: Արդյունքում՝ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության պարտքը փաստացի ավելանում է»,- կառավարությանը հայտնել է մշակույթի նախարարությունը:
Մեկնաբանել