
Ճանապարհների հիմնանորոգման համար կառավարությունը 3,9 միլիարդ դրամ հատկացրեց
Կառավարությունը ճանապարհների հիմնանորոգման համար տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 3 միլիարդ 95 միլիոն դրամ հատկացրեց։
Նախարարության հաղորդմամբ՝ պետական բյուջեով պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար իրենց հատկացվել է 237 մլն դրամ, իսկ կառավարությանը` 8,4 մլն դրամ:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ 5 օբյեկտների մասով ևս առկա են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, անհրաժեշտ է կրկին կատարել բյուջետային վերաբաշխում 3,95 մլրդ դրամի չափով։ Դրանից 3 միլիարդ 89 միլիոն դրամը շինարարական, հեղինակային հսկողության և տեխնիկական հսկողության աշխատանքների համար կհատկացվի, իսկ 1,5 մլն դրամը` Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հենապատերի վերականգնման և վերանորոգման նպատակով նախագծային աշխատանքների պատվիրման համար:
Նախարարության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 31.58 կմ ավտոճանապարհ։ Սակայն հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ շինարարական և տեխնիկական հսկողության աշխատանքները նախարարությունը նախատեսում է անցկացնել հրատապ բաց մրցույթով։
Մեկնաբանել