Սնանկության ոլորտը բարեփոխվում է. արդարադատության նախարարություն
Սնանկության ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ու անհետաձգելի ճանաչվեց: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ կբարելավվի Հայաստանի դիրքը Doing business վարկանշային ցանկում, կբարձրացվի սնանկության ոլորտի կարգավորման արդյունավետությունն ու սնանկության կառավարիչների հաշվետվողականությունը, կապահովվի սնանկության վարույթի թափանցիկությունը, սնանկության վարույթում կներդրվեն էլեկտրոնային կառավարման մեխանիզմներ և այլն:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ, «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի ցածր դիրքը պայմանավորված է մի շարք ցուցիչներով գրանցված բացասական արդյունքներով: Այդ ցուցիչների շարքին է դասվում նաև «Սնանկության» ցուցիչը՝ սնանկության ոլորտը կարգավորող օրենսդրությունում և պրակտիկայում առկա հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների առկայության պատճառով, որոնց լուծման նպատակով սահմանվել են հետևյալ կարգավորումները.
- սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակում, ինչն ուղղակիորեն ազդելու է սնանկության վարույթի ժամկետների և արդյունավետության վրա,
- որոշակիորեն նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները,
- սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում,
- սահմանվել է պարտապանի իրավունքը՝ սնանկ ճանաչվելուց հետո ստանձնելու նոր ֆինանսական պարտավորություններ, հրաժարվելու ակնհայտ ծանր պայմաններով կնքված պայմանագրերից, դիմելու դատարան՝ իր համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների և ծառայությունների պայմանագրերի գործողությունը շարունակելու խնդրանքով,
- սահմանվել է պարտատիրոջ իրավունքը՝ կառավարչից պահանջելու ֆինանսական բնույթի տեղեկություններ և այլն: Նախարար Զեյնալյանի խոսքով՝ բացառվել է նաև Սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Արդարադատության նախարարության հետ համաձայնեցման որոշակի շեմը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը, ինչպես նաև սահմանվել են սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմքերը, վարույթի իրականացման կարգը և այլ մանրամասները և որպես կարգապահական վարույթ հարուցող մարմին նախատեսվել է նաև Արդարադատության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել