Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակած կրակոցների գործով 4 կասկածյալ կա. նրանցից երկուսը ձերբակալված են
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակոցներ արձակելու գործով կասկածյալի կարգավիճակ ունեն 4 անձինք: Նրանցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ երկուսը ձերբակալված են: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն (Ալեքսեյ Բալայանն, Ռոլանդ Այդինյան) ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ Այդ անձանց անունները հիշատակվում են նաև Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Մյուս կասկածյալները Հայկ Մ.-ն և Վրեժ Ա.-ն են:
Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 235 հոդ. 1-ին մասով և 258 հոդ. 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավապահ այլ կառույցների աշխատակիցների հետ, ձեռնարկել և ձեռնարկում են հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Հաղորդագրության համաձայն՝ զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակվածի հետք։ Այն ուսումնասիրվել է ոստիկանության փորձաքրեագետների կողմից։ Վերցվել են համապատասխան հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն էր հրապարակել մայիսի լույս 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել