HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը կոչ է անում դեռահասներին չծխել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն Ազգային ժողովի ամբիոնից հիշեցրեց, որ մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները նշում են առանց ծխախոտի համաշխարհային օրը։

«2004 թվականին Հայաստանն առաջին երկրներից էր, որ վավերացրեց ծխախոտի դեմ պայքարի միջազգային շրջանակային կոնվենցիան, սակայն, ցավոք, այսօր բնակչության շրջանում ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդության ցուցանիշները գնալով վատթարանում են։ ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների մահացության բեռը կազմում է 80 տոկոս»,- ասաց Առաքելյանը:

Պատգամավորի խոսքով՝ չափահաս տղամարդկանցից հիսուն տոկոսից ավելին կանոնավոր ծխող է, և դա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում։

«ՀՀ-ում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխողներ են աշխատող անձանց 40 տոկոսը: Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում և այլ փակ տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին են ծխախոտը, նարգիլեն, տաքացվող եղանակով օգտագործվող ծխախոտը»,-ասաց Առաքելյանը։

Պատգամավորի խոսքով՝ այժմ Հայաստանը կանգնած է պատմական փոփոխությունների շեմին։ «Գիտեք, որ արդեն պատրաստ է առողջապահության նախարարության նախագիծը, որով հավելյալ կարգավորումներ են նախատեսվում այս ոլորտում, որոնցից ամենաէականը փակ տարածքներում ծխելու արգելքն է։ Գիտեք, որ պետական մարմիններում ներկայումս էլ արգելված է ծխելը, սակայն մեր քաղաքացիների մեծ մասը հիմնականում տուժում է ռեստորաններում երկրորդային ծխի ենթարկվելուց։ Իմ ընտանիքի օրինակը բերեմ. մեր քաղաքում մենք փաստացի օտարված ենք, չենք կարողանում գնալ այն վայրերը, որտեղ ուզում ենք, որովհետև կողքի սեղանին մեր մյուս համաքաղաքացիները ծխում են»,- ասաց Առաքելյանը։

Պատգամավորը կոչով դիմեց դեռահասներին։ «Սիրելի՛ պատանիներ և աղջիկներ, մի՛ արեք այդ բանը, եթե դեռ չեք սկսել, մի՛ արեք այդ բանը, եթե սկսել եք, ուշ չէ, շպրտեք այդ տուփերը։ Խնդրում եմ նաև մեր տնտեսվարողներին՝ դեռահասներին մի վաճառեք ծխախոտ, խնդրում եմ ձեզ»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter