HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրագիտարանային գիրք՝ բարկ ուղերձներով

Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը 428 էջ է («Վան Արյան», 2014), որտեղ ամեն գործի ու գործչի միջինը 5-10 էջ է հատկացված։ Շուրջ հիսուն այլախոհ, տասնյակի չափ գաղտնի կազմակերպություններ։ Ընդհատակյա թերթ ու ամսագիր, թռուցիկներ։ Մինչդեռ ես ինքս չգիտեի, ու նաև հանրային տարածված մտայնություն է, որ մենք ընդամենը մի քանի այլախոհ ենք ունեցել։

Բայց երևի սկսենք նրանից, որ մի քանիսն էլ քիչ չեն, «ընդամենը» չէ, եթե նկատի ունենանք, թե Սովետում ինչ վտանգավոր էր «այլ խոհեր» ունենալը՝ բանտարկությունից ու աքսորից մինչև հոգեբուժարանն ու մահն էր հատուցումը։ Բոլորը լուռ համակերպվել էին պաշտոնական գաղափարախոսության հետ, թեև անկեղծորեն «կոմունիզմ կառուցողների» թիվը արագորեն փոքրանում էր։

Նոր սերնդին «սովետական դրախտի» մասին զանազան առասպելներ են պատմել, ու թերև արժե հիշեցնել, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որը հարյուր հազարից ավելի անդամ ուներ 1980-ականների սկզբին, 1991-ին լուծարվեց իր իսկ ղեկավարների կողմից, իսկ 1988-ից սկսած՝ կոմունիստներից շատերն այրում էին անդամատոմսերն Ազատության հրապարակում։ Արժե հիշեցնել նաև լուռ համակերպման «գինը»՝ դա ոչ միայն անվտանգ էր, այլև եկամտաբեր. մեծ գողությունը բարձր պաշտոնյաների արտոնությունն էր, բայց մանր գողությունից բոլորն օգտվում էին, եթե աշխատավայրում նվազագույն հնարավորություն կար։ Վերջին վկայությունը, որ կարդացել եմ էս թեմայով, Վահան Հովիվյանի «Դեր Զօրից մինչեւ Սիբիր» հուշագրությունն է, որի «ախպար» հեղինակը ցնցում է ապրում «սոցիալիստական սեփականության» համատարած հափշտակությունից դեռ ստալինյան «երկաթյա ձեռքի» պայմաններում՝ 1947-53 թթ.-ին։

Այնուամենայնիվ, հետպատերազմյան նույն դաժան տարիներից սկսած՝ եղել են մարդիկ, որոնք ճշմարտության համար պայքարը կարևոր են համարել անձնական ապահովությունից։ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի հերոսներից մեկը Հայկազ Խաչատրյանն է։ Սովետական չափանիշներով նույնպես իսկական հերոս՝ «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշանի ասպետ։ Բայց առաջնայինը նրա համար ազգային խնդիրներն են դարձել, որոնք Կրեմլը տնօրինում էր իր հայեցողությամբ, ռուսական կայսերական տրամաբանությամբ։ Խաչատրյանն առաջին անգամ կալանավորվել է 1966-ի... ապրիլի 24-ին, ինչի «շնորհիվ» ծանոթացել և նույն թվականին Ազգային միացյալ ընդհատակյա կուսակցությունն է հիմնադրել Ստեփան Զատիկյանի ու Շահեն Հարությունյանի հետ։

Հանուն արդարության պետք է ասել, որ հաճախ հայ այլախոհների շրջանակը գոյացել է ոչ այնքան խցակիցներից, ինչքան ազգականներից, որոշակի թաղեցիներից, ինչը նաև բնական էր՝ անծանոթ մարդկանց վստահելը կարող էր կործանարար լինել գործի համար։

1920-ից Սովետում պարտադիր-կամավոր էր անդամակցությունը կոմերիտական, պիոներական, հոկտեմբերիկների՝ բոլորին համահարթեցնող կազմակերպություններին։ Եվ մեկ էլ Վարդան Հարությունյանի գրքից իմանում ես, որ դրանց հարահոսին զուգահեռ Հայաստանում ստեղծվել է «Հայոց պատանիների միություն» գաղտնի խմբակը։ Հուզիչ է, բայց սովետական դատարանին խորթ են սենտիմենտները՝ կազմակերպիչ Զավեն Հարությունյանը դատապարտվում է երեք տարվա ազատազրկման, Լևոն Շանթի «Մեր անկախությունը» գրքի երկու լուսապատճենն ու գրամեքենան էլ «իրեղեն ապացույցներն» են։

«Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքում հիացնում է քաղբանտարկյալների մեծ մասի կեցվածքը դատավարությունից դատավարություն։

Անահիտ Կարապետյանին դատավորը հարցնում է Պարույր Հայրիկյանի մասին. «Ճանաչո՞ւմ եք ամբաստանյալին»։ «Ասացի՝ ոչ, բայց մեծ անպատվություն եմ համարում նման հայորդուն չճանաչելը, և շնորհակալ եմ Պետանվտանգության կոմիտեին և Գերագույն դատարանին, որ մեզ ծանոթանալու առիթ ընձեռեցին»։ Անահիտի աչքի առաջ, հենց դատարանի դահլիճում միլիցիոներները հարվածում են ամբաստանյալներից մեկի հղի կնոջը։ Նա պաշտպանում է կնոջը, ծաղրում դատավորին։ Հետո արդեն իրեն են հարվածներ հասցնում, երբ որպես վկա հանդես գալով՝… ոտանավոր է արտասանում։ Կալանավորում են տեղում։

Դատավարություններից տպավորված մի հսկիչ օգնում է Անահիտին՝ գրքեր, սիգարետ, սուրճ ձեռք բերել, իսկ «էտապ» ճանապարհելուց քրեականներն են ամեն անհրաժեշտ պարագա հետը դնում, ընդհուպ մինչև՝ գիշերանոց… Ասպետների շարքը եզրափակում է Քաջիկ Սահակյանը, որն իր վրա է վերցնում թռուցիկների կոչերը գրելու Անահիտ Կարապետյանի «մեղքը»։ Անահիտի դրամատիկ պատմությունը դեռ մի կտրուկ շրջադարձ էլ ունի. աքսորից վերադառնալուց նա ամուսնանում է վերոհիշյալ հսկիչի հետ։ Սովետական պատժախցերում քայքայված առողջությունը Քաջիկ Սահակյանին մահվան է հասցնում 29 տարեկանում։

«Մի օր Սամվել Մարտիրոսյանին անհիմն պատժախուց տեղափոխեցին։ Մենք՝ կալանավայրում եղած քաղբանտարկյալներս, հացադուլ ու գործադուլ հայտարարեցինք։ Սա պատճառ դարձավ, որ բոլորիս տեղափոխեն Ռուսաստան ու առանձնացնեն իրարից»։ Սա էլ գրքում հանդիպող զանգվածային ըմբոստության դրսևորումներից մեկն է՝ կալանավայրում, որի ծանր հետևանքներից տուժել են բոլորը։

Բերված օրինակները չեն նշանակում, թե այլախոհներն ի ծնե հերոս էին։ Ոչ բոլորը ու ոչ բոլոր ճնշումներին կարող էին դիմակայել։ Նրանցից ոմանք կոտրվել են, ըստ ամենայնի՝ ՊԱԿ-ի կիրառած ինչ-որ դեղերի ներգործությամբ… հետո ինքնասպանություն գործել։ Ոմանք ներման դիմում են գրել, որն անհամատեղելի էր այլախոհական վարքականոնի հետ։ Նրանց անունները ես հոդվածում չեմ մեջբերի, քանի որ շատերը հետո շարունակել են իրենց գաղտնի գործունեությունն և նորից հայտնվել բանտում ու աքսորում։ Նույնը վերաբերում է ստույգ փաստերին, երբ որոշ այլախոհների պատճառով մարդիկ են ընկել ՊԱԿ-ի ձեռքը. դրանք մեծ մասամբ եղել են խենթերի միամիտ կամ անխոհեմ արարքներ, մինչդեռ «բազմոցային դատավորները», նեղություն չտալով իրենց գիրքը կարդալ ու իրավիճակին ծանոթանալ, կանցնեն վարկաբեկմանը, իսկ նման ասեկոսեները շրջանառում են տարիներ և շահարկվում ՊԱԿ-ի ստվերային խրախուսմամբ։

Մանավանդ որ երբեմն, ինչպես Մոսկվայի մետրոյում 1977-ին տեղի ունեցած պայթյունի համար գնդակահարված Ստեփան Զատիկյանի դեպքում, գրքում տեղ գտած կարծիքներից մնում է անորոշ, թե որն է ճշմարտությունը, որը՝ ՊԱԿ-ի հորինվածքը։

Հայտնի այլախոհ, Սովետի օրոք երեք անգամ դատապարտված Պարույր Հայրիկյանը բացահայտում է ՊԱԿ-ի կիրառած ամենանենգ միջոցներից մեկը. «Մի կողմից՝ նրանք ինձ վրա գործ են հարուցում, մյուս կողմից էլ Ստեփանի և Շահենի ընտանիքներին ներշնչում են՝ իբր, ես մատնիչ եմ։ Սա էր ՊԱԿ-ի սադրիչ գործելակերպը»։ Զրպարտանքը, որը հերքելու կամ հաստատելու հնարավորություն համարյա մինչև հիմա էլ չկա, անվստահության, կասկածամտության մթնոլորտ էր առաջացնում գաղտնի կազմակերպությունների ներսում, իսկ դրսում բարդացնում էր նոր համախոհների ներգրավումը։

Դատարանի վճիռներից երևում է, թե «երկաթե վարագույրից» էս կողմ ինչ տեղեկատվական սովի մեջ են եղել սովետահայ հայրենասերները, որ նրանց գործողությունների մղող աղբյուրները ոչ թե պատմական հետազոտություններն են, «սամիզդատները» կամ «տամիզդատները», այլ՝ վեպերը։ «Ամբաստանյալներ Պարույր Հայրիկյանը, Հակոբ Աշիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ռաֆայել Բարսեղովը,… ընկնելով հայ ժողովրդի մասին տարբեր ժամանակներում ընթերցած ազգապատմագրական վեպերի» և սփյուռքահայ մամուլի որոշ հոդվածների «ազդեցության տակ, սկսել են համակվել ազգայնական ոգով, անտեսել ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների ընդհանուր, ինտերնացիոնալ շահերն ու ձգտումները»։

Բարեբախտաբար, այլախոհների մեծ մասը տեսավ Հայաստանի անկախությունը։ Ճիշտ է՝ 1991 թվականը լիովին չլուծեց հակասությունը, որ կար այլախոհների և պետության ու հասարակության միջև։ Շատերը զբաղվեցին քաղաքականությամբ, դարձան պատգամավոր, պետական պաշտոններ զբաղեցրին, բայց տարբեր պատճառներով դուրս մղվեցին «առաջնագծից»։ Եղան նաև անձինք, որոնք չհաշտվեցին անկախ Հայաստանի հետ, թեև իրենց կյանքն էին վտանգել, որ էդ օրը գար։ Միգուցե ստոկհոլմյան համախտանիշի յուրօրինակ դրսևորում է, բայց փաստ է, որ, ասենք, Յուրիկ Բուդաղյանը, որը Սովետի ժամանակ եղել է գերազանցիկ ուսանող, ասպիրանտ, բարձր վարձատրությամբ աշխատել է ՏԷՑ-ում, հետո՝ դարձել ազգայնական, դատապարտվել, մեր օրերում խոստովանում է. «Ինձ համար սա ավելի օտար է, քան Սովետական Հայաստանն էր»։ Երևույթ, որ հիշեցնում է նաև մեր էն տարագիրների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, որոնք արտասահմանում «մնում» են նույն թվականի մեջ, երբ արտագաղթել են Հայաստանից։

Ավելի սիրելի է նախկին քաղբանտարկյալ Նորիկ Մարտիրոսյանի դիրքորոշումը։ Նա Սովետի օրոք փախչել է Ղազախստան, 1989-ին վերադարձել, բայց հրաժարվել է անդամակցել այլախոհական շարժման պայծառ դեմքերից Աշոտ Նավասարդյանի հիմնած ՀՀԿ-ին։ Աշխատանքի են տեղավորել էլեկտրական ցանցում, բայց շուտով գործից դուրս է եկել, որ մարդկանց հոսանքը չանջատի... անցել է տաքսի քշելուն։

Հակառակ քաղաքական հետապնդումների անհիմն դաժանությանը՝ այս ոլորտում էլ նկատվել է Սովետի հայտնի ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) արատավոր համակարգը։ Նույն «հանցանքների»՝ հակասովետական գրականություն տարածելու համար Գեորգի Խոմիզուրիին (Մոսկվայից Երևան տեղափոխված վրացի երկրաբան) աքսորում են Սիբիր, իսկ Ռաֆայել Պապայանին, որի հայրը ՀՍՍՀ-ում ճանաչված դրամատուրգ Արամաշոտ Պապայանն էր՝ միայն Ռոստով…

Վարդան Հարությունյանը, որն ինքը ևս այլախոհ է, 1980-ին, քսան տարեկան հասակում դատապարտվել է հինգ տարվա բանտարկության ու երեք տարվա աքսորի, ահռելի աշխատանք է կատարել, որ ստեղծվի հանրագիտարանային արժեք ունեցող գիրքը՝ ի հեճուկս ԱԱԾ-ի հարուցած բոլոր խոչընդոտների։ Բայց հոդված գրելուն ինձ մղեց ոչ թե գրքին գիտական գնահատական տալու ցանկությունը, այլ ընթերցողի ուրախությունս՝ սովետական բռնապետության պայմաններում մեր ժողովրդի դիմադրության օրինակներին ու պայքարի բարձր նշաձողին ի տես։

Հայկական թավշյա հեղափոխության հաղթանակից՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից օրեր առաջ, 2018 ապրիլի 19-ին, իշխող ՀՀԿ-ի վերջին առաջնորդներից մեկը՝ Գալուստ Սահակյանը, հայտարարեց. «Մեր ժողովուրդն ընդդիմադիր չի. նա ուզում է իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն»։ Ահա հարմարվող-թալանողների «հավատո հանգանակը», որոնք շուրջ քսան տարի գրաված պահեցին երկրի իշխանությունը. ուղեղ տանող ճանապարհն անցնում է սառնարանի միջով։ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գիրքը բարկ ուղերձների հավաքածու է, որը հիշեցնում է՝ ազգային ինքնությունը, համամարդկային արժեքներն ավելի բարձր են, քան քրեապետական վարչակարգերը՝ իրենց բերած բոլոր «բարիքներով»։

Գիրքն ամբողջությամբ` այս հղումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter