HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանությունում և Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ՊՎԾ-ի ուսումնասիրությունների արդյունքներով քրգործեր են հարուցվել

Պետական վերահսկողական ծառայության` ոստիկանության գնումների գործընթացում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ «Հետքի» հետ զրույցում ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ և 310-րդ հոդվածներով՝ համապատասխանաբար՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:

Հիշեցնենք, որ ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել ոստիկանությունում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների վերաբերյալ։ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստերից մեկից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ պետհամարանիշերի ձեռքբերման գործընթացն ուսումնասիրելով՝ ՊՎԾ-ն արձանագրել է, որ 2008-ից սկսած` խախտվել է «Գնումների մասին» օրենքը:

Այս հայտարարությունը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում պոպուլիստական էր անվանել:

ՊՎԾ-ի մեկ այլ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում իրականացված ուսումնասիրության հիման վրա ևս քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով:

Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գործն ուղարկվել է Քննչական կոմիտե:

Նշենք, որ ՊՎԾ-ի հայտարարության համաձայն՝ հիմնադրամում ուսումնասիրության առարկա են դարձել ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter