
Խորհրդարանը ստեղծել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովը ստեղծվել է 47 պատգամավորի դիմում-պահանջով, ինչն ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի անհրաժեշտ պայման է:
Այն ուսումնասիրելու է 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները:
ԱԺ նախագահի խոսքով՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Այս հանձնաժողովի նախագահը Անդրանիկ Քոչարյանն է:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ իր հայտնի ելույթում:
ԱԺ խոսնակը տեղեկացրեց նաև, որ պատգամավորների մեկ քառորդի պահանջով կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի ջրային ռեսուրսները։
Մեկնաբանել