HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». էս երկրում բացի երշիկի ու ստամոքսի խնդրից ուրիշ խնդիր չկա՞

Հանրապետական կուսակցության վետերան պատգամավոր Գալուստ Սահակյանը համոզված է, որ «ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի ջանքերով այնպես պետք է անել, որ ընտրողները ճիշտ ընտրություն կատարեն»: Պահո՜, բա Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» չլսեցի՞ն, բա չեն նեղանա՞, որ իրենց անունը չհնչեց, էս երկրի համար հեչ մի բան չեն արե՞լ:

- Դե~, նրանց անուններն էլ Դուք ավելացրեք, կամ ուզո՞ւմ եք թվարկեմ՝ ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները»: Խոսքս վերաբերում է նաև քաղաքական առանձին ակնառու գործիչներին. բոլորը պետք է գնան ու իրենց հայեցակարգերը ներկայացնեն ժողովրդին: Կարծում եմ՝ փոխհրաձգությունները անհանդուրժողական մթնոլորտ են ստեղծում: Անկախ Հայաստանի ողջ ժողովրդով եկել-հանգել ենք մի գաղափարախոսության. այն ժամանակ ո՛չ ստամոքսի, ոչ էլ երշիկի մասին էինք մտածում, իսկ այսօր քաղաքական ուժերը, հենց ժողովրդի ցանկությունների հենքը ունենալով, այսինքն՝ երշիկն ու ստամոքսը, փորձում են գալ իշխանության: Իսկ մենք (ՀՀԿ-ն.- հեղ.) գնում ենք պետության հզորացման ճանապարհով՝ ընթացքում լուծելով նաև երիշիկի և ստամոքսի խնդիրը,- ասաց պարոն Սահակյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար թեև պարզ չէ, թե Գալուստ Սահակյանն ի՞նչ տրամադրվածությամբ է ներկայացրել այդ ամենը, սակայն.

- Եթե ներկայացրել է ընդամենը 4 քաղաքական միավորի, հավանաբար մտածում է, որ իշխանությունը իրենք են, որ կան, այդ թվում՝ արտախորհրդարանական ընդդիմությունը: Դա իրենց ցանկությունն ու ձգտումն է: Բայց որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս ՀՅԴ-ի, կարողացել է ոչ միայն կայանալ, այլև լուրջ, ազդեցիկ դեր ունենալ պետականաշինության գործում, կարծում եմ, ոչ ոք չի կարող հերքել, այդ թվում՝ ՀՀԿ-ն, այդ թվում և իմ կողմից շատ հարգված պարոն Սահակյանը: Պարզ է, որ իշխանությունը չէր ուզենա խորհրդարանում ունենալ այդպիսի ընդդիմություն, որը մշտապես պահանջներ դներ իշխանությունների առջև և անընդհատ հիշեցներ իրենց նախընտրական խոստումները, որոնք չեն կատարվել: Եթե իշխանություններն իրենց խոսքի տերը լինեն ազատ-արդար ընտրությունների ապահովման մասով, ապա, կարծում եմ, Դաշնակցությունը այնքան պատկառելի տեղ կունենա խորհրդարանում, որ ինքը միանձնյա կամ իր շուրջը համախմբելով ազգային ուժերին՝ կձևավորի իշխանություն:

«Ցուցակից» դուրս մնացած հաջորդ կուսակցության ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը վերաիմաստավորեց պարոն Գալստյանի խոսքը՝ ասելով, թե հանրապետական պատգամավորը ճիշտ էլ նշել է, թե ընտրողը ո՛ր կուսակցություններին չպետք է ձայն տա:

- Ավելացնեմ, որ իրե՛նց աշխատանքի արդյունքն է այն, որ արտագաղթը հսկայական չափերի է հասել, ինչն ավելի շատ արդարության, քան երշիկի քչության կամ ստամոքսի պատճառով է: Մեր ժողովուրդը երբեք չի եղել ստամոքսի և երշիկի ժողովուրդ ու չի էլ լինելու: Ուստի չգիտեմ, թե ով ինչ է պատկերացնում, բայց ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարելու, և դա լինելու է այն ուժի օգտին, ով իսկապես պայքարել է հենց սոցիալական արդարության համար, և ում մասին չի նշել պարոն Սահակյանը:

Դեռ շատ մեղադրանքներ, արդարացումներ, համոզմունքներ ու խոստումներ կհնչեն, սակայն ազգային ինքնության հասարակական գիտակցումը, որը հետևողականորեն խեղվել է տարիներ շարունակ, և որի պատճառով այսօր անդառնալիության շեմին ենք կանգնած, մի օր հառնելու է մոխիրների միջից ու գոչելու է, որ մենք երշիկի ու ստամոքսի ժողովուրդ չե՛նք եղել, մեզ այդպիսին դարձրի՛ն: Բայց էլ այդպես չի լինի, որովհետև արդեն գիտակցել ենք, որ «բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը»: Սրանք էլ հո Գարեգին Նժդեհի խոսքերն են:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter