HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում ստեղծվել է օտարերկրյա ներդրողների համար կայք-ուղեցույց

Հայաստանում ստեղծվել է armenia.eregulations.org հարթակը, որը ծառայում է որպես ուղեցույց օտարերկրյա ներդրողների համար, ովքեր պատրաստվում են բիզնեսով զբաղվել այստեղ։ Կայքը ստեղծել են Բիզնես Արմենիան (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամը) ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Այստեղ քայլ առ քայլ ներկայացված է ընթացակարգերի հաջորդականությունը, որն անհրաժեշտ է բիզնեսի համար։ Օրինակ՝ օտարերկրյա ներդրողը, ով ցանկանում է բիզնես սկսել Հայաստանում, կարող է բացել «Սկսել ձեռնարկատիրական գործունեություն» բաժինը և հետևելով քայլերի հաջորդականությանը՝ ընտրել, թե ինչ տեսակի գործունեություն է ցանկանում իրականացնել ու հասկանալ՝  ինչից է պետք սկսել, ինչ քայլեր են պահանջվում։ Կայքում կան նմուշային փաստաթղթեր, որոնք ևս կարող են օգնել ներդրողներին։

Մայիսի 31-ին տնտեսական լրագրողների ակումբի անդամների համար կազմակերպվել էր շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել է հարթակը, դրանից օգտվելու կանոնները, առավելությունները, ներդրումների վրա հնարավոր անդրադարձը։ Այսօրվա դրությամբ՝ armenia.eregulations.org համակարգը Հայաստանում բիզնես սկսելու և գործարարությամբ զբաղվելու 8 ընթացակարգ է ներկայացնում, ինչպիսիք են բիզնեսի, մտավոր սեփականության գրանցման, կացության կարգավիճակի ձեռքբերման ընթացակարգերը։ Մշակվում են նաև այլ ընթացակարգերի վերաբերյալ տվյալների բազաները, որից հետո դրանք նույնպես կհայտնվեն կայքում։ Հեղինակները կարծում են, որ կայքը կարող է օգտակար լինել ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ընկերությունների համար:

Ծրագիրը ֆինանսավորել է Ավստրիական զարգացման գործակալությունը։ Այն մշակվել է երկու տարվա ընթացքում՝ «Էլեկտրոնային կառավարումը որպես օտարերկրյա ներդրումները խթանելու գործիք» ծրագրի շրջանակներում։ «Ծրագրի ամբողջ արժեքը կազմել է 300 հազար եվրո։ Այս կայքի գաղափարը վերցվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (անգլ.՝ United Nations Conference on Trade and Development, UNCTAD) փաթեթից։ Կայքը հնարավորություն է տալիս մեր փորձագետներին հավաքագրել ամբողջ ինֆորմացիան ներդրումների վերաբերյալ։ Օգտագործման տեսանկյունից armenia.eregulations.org-ը բավականին պարզ է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց «Էլեկտրոնային կառավարումը որպես օտարերկրյա ներդրումները խթանելու գործիք» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը։

Ըստ ծրագրի պատասխանատուների՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքն արդեն կիրառվում է աշխարհի շուրջ 30 երկրներում։

Մեր հարցին՝ ընթացակարգերի ու օրենքների մասին ինֆորմացիան հավաքագրելիս նկատե՞լ են հակասություններ ու անհասկանալի կետեր, Ա. Պողոսյանը պատասխանեց, որ ամեն ինչ հստակեցված է և կայքում տեղ գտած յուրաքանչյուր ինֆորմացիա հաստատված է համապատասխան գերատեսչությունների կողմից, որոնք տրամադրել են այն. «Կայքում տեղ գտած ինֆորմացիայի ճշգրտությունը չի կարող հարցականի տակ լինել»։

Ըստ ծրագրի համակարգողի՝ armenia.eregulations.org-ի միջոցով ներդրողները կարող են հարցեր հղել փորձագետներին։ Վստահեցնում են՝ պատասխանները չեն ուշանա։ «Դա մեր կայքի յուրահատկություններից մեկն է։ Բոլոր էջերում կա մեզ հետ կապ հաստատելու կոճակը, որի միջոցով գրում են, և մեր փորձագետները պատասխանում են»։

Թեև armenia.eregulations.org-ն արդեն հասանելի է ներդրողների համար, սակայն որոշակի լրացումների կարիք ունի։ Այն առայժմ գործում է միայն անգլերենով։ Կայքում տեղ է գտնել Google Translate գործիքը, որի օգնությամբ տեղեկատվությունը կարելի է թարգմանել գրեթե բոլոր լեզուներով: Սակայն, հաշվի առնելով այս գործիքով թարգմանելու թերությունները՝ ծրագրված է առաջիկայում կայքը հասանելի դարձնել նաև հայերենով ու ռուսերենով։ Համալրվում է նաև կայքի ինֆորմացիան՝ կապված բիզնես ընթացակարգերի հետ։ Կայքում կարելի է գտնել նաև ինֆորմացիա բիզնես գրանցելու պետական վճարների, հաստատման ժամանակի և այլ մանրամասների վերաբերյալ։

Առաջիկայում կայքում կարող է տեղ գտնել ինֆորմացիա նաև միջազգային զեկույցներում Հայաստանի դիրքի մասին։ «Կայքում կա նաև գործիք, որով կարելի է հետևել, թե որ երկրներից և քանիսն են այցելել»,- նշեց Ա. Պողոսյանը։ Նրա խոսքով՝ armenia.eregulations.org-ն կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter