HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար

Արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ․

Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը: Ադրբեջանի այս գործողությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան առավելագույնս զսպվածություն ցուցաբերելու և լարվածությունից խուսափելու վերաբերյալ կողմերին ուղղված կոչով:

Այս վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանն ու դրան նպաստող միջավայրի ձևավորմանը, և հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում և 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով:

Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար: Դրանք նաև հարցականի տակ են դնում Ադրբեջանի վստահելիությունը և նրանց կարողությունը հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված և 2019թ. մարտին Վիեննայում վերահաստատված հանձնառություններին: Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով: Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար: 

Ադրբեջանի վերջին վտանգավոր և առճակատման գնացող գործողությունները հիշեցում են իրենց նախկին բռնությունների, վայրագությունների և ագրեսիայի փորձերի և վկայում են Արցախի ժողովրդի կենսական ֆիզիկական անվտանգության ռիսկերի մասին:

Հայաստանը վերահաստատում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որի համար հրադադարի խստագույն պահպանումն էական պայման է: Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունն որևէ հանգամանքում վտանգի չի ենթարկվելու: 

Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խորին ու անկեղծ ցավակցությունն է հայտնում Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի ընտանիքին և հարազատներին:

Մեկնաբանություններ (2)

Արտակ Քոչարյան
Խաղաղություն կլինի միայն պատերազմով
Ռոբերտ
Մենք շատ ավելի մեղմ ենք վերաբերվում մեր ոչ բարով հարևանի հետ։ Նրանք բոլորովին ընդունակ չեն նորմայի մեջ, հային վեյելի շնորգով հասկանալու։ Դրա համար նրանք հասկանում են միայն իրենց դառը պատժելու լեզուն, ու արդեն հերիք է իչքան մեր ջահել տղերքը զոհվում են միայն նրանց խոսք տված հրադադարի խահպանման սուտ խոստումով։ Դրա համար ել իրենց պետք է լուռջ հարված տալ որ իսկականից աղաջեն մեզ որ մենք Բաքու չմտնենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter