Սիրո ճանապարհներն անմեկնելի են
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Մոտ 10 տարի առաջ «Նուբարաշեն» բանտում մեր երկրորդ փախուստի գործով դատի ժամանակ սիրուն, մեծ աչքերով լրագրողին նայելիս` մտքովս անգամ չէր կարող անցնել, որ ապագա կնոջս եմ հանդիպել, որ տարիներ անց դժվարագույն ճանապարհներ ու փորձություններ հաղթահարելով` նա պաշտոնապես կդառնա իմ պաշտպանը՝ փաստաբանը:
Մի քանի օր առաջ բացեցին խցիս դուռը.
-Մհե՛ր, փաստաբան ա եկել մոտդ…
Րոպեներ անց մտա քննչական բաժնի սենյակ, որտեղ Զարուհին կանգնած ինձ էր սպասում: Երկուսս էլ հուզված ենք, ասես առաջին անգամ ենք հանդիպում իրար: Ուրախությունից արտասվում ենք. միայն մենք գիտենք, թե ինչ փշոտ է եղել մեր Սիրո ճանապարհը, բայց մշտապես Աստծո ներկայությամբ… նայում եմ սեղանին դրված Զարուհու՝ մուգ կարմիր գույնի փաստաբանի վկայագրին ու հիշում հեռավոր 2010թ.-ի փետրվարը, երբ դատական նիստից հետո հանդիպեցի Հելսինկյան կոմիտեի իմ փաստաբանին, հարցրի՝ պապայիս կողքին նստած մեծ աչքերով աղջիկն ո՞վ էր… տարիներ անց նա դարձավ իմ պատմվածքների, գրքերի հերոսուհին` Կին-Աղջիկը:
Հիմա նստած ենք դեմ դիմաց` պաշտպան և վստահորդ: Միակն է, ում կարող եմ անվերապահորեն վստահել: Երկուսս ճակատագրի բերումով դարձանք իրավաբաններ՝ պաշտպանելով դատական սխալների թեմայով: Զարուհին հիմնեց «Քո պաշտպանը» փաստաբանական ընկերությունը, որտեղ որոշել ենք աշխատել միասին՝ նա, որպես պաշտպան, իրականացնելու է վստահորդների օրինական շահերի պաշտպանությունը, իսկ ես՝ որպես իրավաբան, կաջակցեմ նրան՝ նկատի ունենալով իմ իրավաբանական գիտելիքները, 23 տարվա պրակտիկաս բանտային ու դատաիրավական համակարգում, նաև այն, որ այստեղ՝ բանտում, արդեն տևական ժամանակ ինձ դիմած ազատազրկվածներին իրավաբանական խորհրդատվություններով աջակցում եմ: Արդեն մեզ դիմում են մարդիկ, ովքեր ունեն իրավաբանական աջակցության կարիք, ի դեպ, և՛ դատապարտյալներ, և՛ տուժողի իրավահաջորդներ: Մեր նպատակը մարդկանց խախտված իրավունքների վերականգնումն է, դատական սխալների ճանաչումը, արդարադատության իրականացումը:
Անցած տարվա դեկտեմբերի 20-ին գրանցվեց մեր առաջին համատեղ հաղթանակը` ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց 13 տարի առաջ իմ նկատմամբ կայացված անօրեն դատավճիռը` ճանաչելով ու հռչակելով իմ անմեղությունը փախուստի նախապատրաստության գործով: Այս աննախադեպ հաղթանակը, նաև հենց այդ օրերին ներման հարցերով զբաղվող հանձնաժողովից գաղտնի տեղեկատվության ապօրինի արտահոսքը, իրարանցում առաջացրին այն ուժերի մոտ, ովքեր սպասարկելով ռեժիմի շահերը` չեն ցանկանում Հայաստանը տեսնել որպես կայացած իրավական, ինքնիշխան պետություն:
Նկատե՞լ եք` ի տարբերություն ողջ քաղաքակիրթ աշխարհի` Ռուսաստանը, ղեկավարվելով Սովետական միությունից ժառանգած օրենսգրքերով, այդպես էլ չի ցանկանում ճանաչել ճակատագրական դատական սխալները և նույնը փաստացի պարտադրում է Հայաստանին: Ամենավառ օրինակը հենց իմ գործն է, որով մահապատժի անօրինական դատավճիռը մեր` անկախ պետության անկախ դատարանը կայացրել է Կրեմլից բացահայտ և անհասկանալի ճնշման տակ:
Դիպլոմային աշխատանքումս ուսումնասիրել եմ այս դաշտն ամբողջ խորությամբ: Հենց Ռուսաստանում քրեական իրավունքի մասնագետները` թե՛ բարձրակարգ տեսաբաններ, թե՛ փաստաբաններ միաբերան պնդում են, որ Ռուսաստանը իրավունքի դաշտում հետ է մնում քաղաքակիրթ աշխարհից գրեթե մի ամբողջ դար և չի ցանկանում ճանաչել դատական սխալները: Իսկ մասնավորապես, ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում պարբերաբար պետություն ընդունում է դատական սխալները և ուղղում. արդյունքում բեկանվում են 15, 20, 30, անգամ՝ 40 տարվա վաղեմության դատավճիռներ, որոնցով անմեղ մարդկանց դատապարտել էին մահապատժի կամ ցմահ ազատազրկման:
Դատական համակարգի կողմից սեփական սխալների ընդունումը միայն բարձրացնում է վստահությունը դատական համակարգի հանդեպ. սա իրավական պետությունների պրակտիկայով է ապացուցված: Ո՞ր ճանապարհով կգնա Հայաստանը` իրավունքի զարգացմա՞ն, գերակայությա՞ն, որը անհնար է առանց սխալները ընդունելու և ուղղելու, թե կշարունակենք դոփել տեղում` ձևական, կոսմետիկ փոփոխություններով: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես է վիրահատական միջոցով բուժվում մեր դատական համակարգը:
Հեղափոխությունը շարունակվում է… «Քո պաշտպանը» գնում է այս ուղով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել