Կոչնչացվե՞ն Թեղուտի հանքավայրի շահագործման տարածքում գտնվող հուշարձանները. մշակույթի նախարարության դիրքորոշումը
ՀՀ կառավարության 2007 թ. նոյեմբերի 1-ի N 1278-Ն որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության 2008թ. հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով հաստատվել են Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անխաթարությունն ապահովող միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը:
Ըստ այդմ, 2008 թ. իրականացվել է հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հաշվառման, դրանց պահպանական գոտիների կազմման աշխատանքները:
2009-2011 թթ. ՀՀ մշակույթի նախարարության տված հետախուզման և հնագիտական պեղումներ կատարելու թույլտվության համաձայն՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն իրականացրել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ հողերի սահմաններում գտնվող 29 հա տարածքում հուշարձանների հետախուզման աշխատանքներ և հնագիտական պեղումներ, որոնք վերահսկել են նախարարության համապատասխան ստորաբաժանումները` գործաշրջանի ընթացքում պեղավայր պարբերաբար կատարած աշխատանքային այցելությունների միջոցով:
Հնագիտական հետազոտությունների գիտական ամփոփ հաշվետվությունը յուրաքանչյուր տարի գործաշրջանի ավարտից հետո ինստիտուտը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարություն:
Հայտնաբերված նյութերն ու տվյալները զգալիորեն լրացնում և թարմացնում են Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան շրջանների հնագույն, հին շրջանների, միջնադարի պատմության և մշակույթի ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը:
2008 թ. առ այսօր կատարված հետազոտական աշխատանքների արդյունքում մասնագետների հավաստմամբ որևէ հուշարձան չի ավերվել կամ ոչնչացվել:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Թեղուտի հանքավայրի տարածքում ՀՀ կառավարության հաստատած ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված 9 հուշարձանի պահպանությունը, սահմանված կարգի համաձայն, իրականացնում է նախարարության համապատասխան մարզային կառույցը:
Բացի պետական ցուցակում ընդգրկված հուշարձաններից՝ վերջին տարիների հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է պատմամշակութային արժեք ներկայացնող նորահայտ 6 օբյեկտ ևս, որը նույնպես նախարարության նշյալ կառույցի պահպանության ներքո է:
Ելնելով առանձին հուշարձանների հետագա պահպանության խնդիրներից` մասնավորապես մշակվել և նախարարության գիտամեթոդական խորհրդի կողմից հավանության է արժանացել «Բովերի խեչ» գյուղատեղիի եկեղեցու տեղափոխման և վերականգնման նախագիծը:
Համաձայն այդ նախագծի` եկեղեցու հետ միասին Շնողի գյուղապետարանի ավագանու որոշմամբ հատկացված և ՓԲԸ կողմից անհատ սեփականատիրոջից գնված տարածք կտեղափոխվեն նաև եկեղեցու խորանում գտնվող խաչքարն ու եկեղեցու հարավային և արևելյան կողմում գտնվող հուշաքարերը:
Իսկ մյուս երկու օբյեկտի` «Խառատանոցի» դամբարանադաշտի ու այստեղ պեղումներով բացահայտված շինության հետագա պահպանության խնդիրը կքննարկվի հետազոտական աշխատանքների ավարտից հետո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել