HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վազգեն Ռշտունին բավարարեց Քոչարյանի բողոքի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ բավարարեց «Մարտի մեկի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։ Այսպիսով՝ բողոքը Ռշտունին չի քննի:

Հիշեցնենք, որ քննիչ Հրաչ Մուշեղյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքը դատավոր Վազգեն Ռշտունու՝ Քոչարյանի գործով նախկինում հայտնած դիրքորոշումն է:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելու որոշումից հետո Ռշտունին ասել է, որ որպես իրավաբան համամիտ է Ազարյանի որոշման հետ:

Ըստ «Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի, դատախազներ Կարեն Բիշարյանի և Վահե Դոլմազյանի՝ այս հանգամանքը վկայում է, որ դատավոր Ռշտունին կանխակալ է Քոչարյանի բողոքի գործով:

Հիշեցնենք, որ այսօր դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ քննվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Քոչարյանի պաշտպանների բողոքը:

Քոչարյանին դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ անձեռնխելիության հիմքով ազատելուց հետո նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթն իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը միջնորդել է նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մերժման որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարան, և դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է Խուդոյանի բողոքը: Դատական ակտը պաշտպանի կողմից բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter