
Մանվել Գրիգորյանը դատարան չի բերվել վատառողջ լինելու պատճատով. նիստն ընդմիջվեց
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի բերվել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, գործով դատական նիստին: Դատարանը բանավոր կերպով տեղեկացվել է, որ չներկայացնելու պատճառը Գրիգորյանի վատառողջ լինելն է, սակայն դա վկայող փաստաթուղթ չի ստացել:
Այս պահին նիստն ընդմիջվել է, մինչև համապատասխան փաստաթուղթը կստացվի:
Մինչև ընդմիջումը Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին հայտնեց, թե Գրիգորյանը չի ներկայացվել քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով:
«Իմ պաշտպանյալը բուժում էր ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրանց ասել են, որ մենք ունենք այդ հարմարությունները շարունակելու բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որի հիմքով Մանվել Գրիգորյանին «դուրս են գրել, բայց պարտադիր պայման են դիտել, որ անձը ունի ծանր հիվանդություններ և մշտապես պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Մանվել Գրիգորյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալուց, և քանի որ հրաժարվել էր վերջինիս տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, այնուհետև երկու-երեք ժամ պահելով հիվանդ մարդուն՝ որոշում են կայացրել, որ նման պայմաններում չի կարող գտնվել այդ հիմնարկում, և, չունենալով Մանվել Գրիգորյանի համաձայնությունը, տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց», գիշերը՝ ժամը 23:00-ին»- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը:
Վերջինս ասաց նաև, որ գիշերը պաշտպանական կողմին արգելել են տեսակցել Գրիգորյանին, և իրենք նրան կարողացել են տեսակցել միայն առավոտյան ժամը 6-ին, որտեղ Գրիգորյանը հայտարարել է, որ հրաժարվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստանալ:
«Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանն այժմ անօրինական պահվում է այդտեղ, նրա կյանքին վտանգ է սպառնում, որի պատասխանատուն պետական լիազոր մարմինն է և կարծում եմ անուղղակի նաև դատական իշխանությունը: Մենք գիշերը հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել: Անձն, ունենալով տասնյակից ավելի հիվանդություններ, մոտ 12 ժամ բուժում չի ստանում, և պատճառը դա է, որ պարոն Գրիգորյանը այսօր ներկա չէ այս դատական նիստին»,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը:
Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ի պատասխան հայտարարեց, որ գոյություն ունի ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի կարգ, և անձը ինքը չէ որոշելու, թե որ քրեակատարողական հիմնարկում գտնվի:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է այն բանում, որ ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։
Մեկնաբանել